Շաբաթ-կիրակին բուռն էր. հոգեւորականներին գաղտնի տեսաձայնագրելուց եւ նրանց իտիմ կյանքը հրապարակելուց մինչեւ կարգալույծ հռչակված քահանայի կողմից մատուցվող ֆեյք պատարագ` Հովհաննավանքում: ՔՊ-ականները սպառնում են` դեռ ինչե՜ր են հրապարակվելու հոգեւորականների մասով:
Կիրակին ՔՊ-աշատ էր Արագածոտնի մարզի Հովհաննավանքում: Ով ասես կար` Դիլիջանի «արու» քաղաքապետից մինչեւ Տավուշի մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Արուս Մանավազյանից մինչեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան ու Գեւորգ Պապոյան, աշտարակցի մատուցող Ռուստամ, «Շաշ իջեւանցի» մականվամբ Մանվելներ, աբովյանցի Դինուլիկ ու աստղաբան Լյուսյա Հակոբյան: Սա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ակտիվն է: Բայց խայտառակ քանակությամբ քիչ մարդ էր գնացել Հովհաննավանք, հավատավոր ժողովուրդը, հավանաբար, ի տարբերություն Փաշինյանի, Աստծո զայրույթից վախենում է:
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած դեպքերին, նկատում է. «Մենք տեսանք, թե Տավուշի մարզից ինչքան մարդ էին բերել` քաղաքապետ, մարզպետ, ՔՊ-ականներ, Երեւանի ավագանու անդամ: Այսինքն` բոլորն իրենց մարդիկ էին անխտիր: Երեւանի ավագանու անդամին քանի՞ անգամ կարող էինք հանդիպել Հովհաննավանքում` պատարագի մասնակցելիս, եթե Փաշինյանի պարտադրանքը չլիներ: Այդտեղ հավաքված զանգվածը Նիկոլ Փաշինյանին է հավատում, այլ ոչ թե Աստծուն: Սա հստակ է ինձ համար: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ եկող կիրակի եւս հավաքվում են Հովհաննավանքում, ապա սա արձանագրումն է այն բանի, որ հակաեկեղեցական պայքարը նա փորձում է ինստիտուցիոնալ մակարդակի հասցնել: Փորձում է հակընդդեմ կաթողիկոսարան ստեղծել, դրա համար նրան պետք է այլ սիմվոլիկ վայր, քահանա: Նա ընտրել է Հովհաննավանքը` կարգալույծ քահանայի հետ միասին: Նիկոլ Փաշինյանը ետքայլ չի անելու, կա՛մ Վեհարանն է փորձելու գրոհել, ինչպես սպառնում են տեւական ժամանակ, կա՛մ հակընդդեմ կաթողիկոսարան է ստեղծելու: Սա է ողջ իրականությունը»:
Բայց ինչպե՞ս է Վեհարանը գրոհելու, եթե հազիվ 1000-1500 մարդ է հավաքվում իր շուրջը։ «Ստեփան Ասատրյանը` նախկին քահանան սպառնում էր, որ 10 հազար մարդ են հավաքելու: Այդ թիվը պատահական թիվ չէ: Նա ինչ-որ մեկին էր կրկնում: Ստեղծեցին սպասում, որ կարող է այդքան մարդ հավաքվի, սակայն հավաքվեց քիչ մարդ, բայց եկեք ժամանակից շուտ չուրախանանք եւ իշխանություններին շախի չգցենք: Կարող են ավելի շատ թվով մարդկանց մոբիլիզացնել հաջորդ պատարագին: Մենք` որպես հանրություն, հիմնավոր կասկածներ ունենք, որ մոբիլիզացվել է վարչական ռեսուրսի տեսանելի մասը, եւ առանց դրա ոչինչ չէր կարող անել Փաշինյանը, բայց պնդել, որ ավելին չի կարող, չեմ կարող: Գյումրիի ընտրություններում էլ պարտվեցին, սակայն ինստիտուցիոնալ առումով իշխանությունը խլեցին եւ նոր փուլ են դուրս գալիս: Ո՞վ ասաց, որ նույն բանը չի կարող անել հակաեկեղեցական արշավում: Ես չեմ կարող պնդել, որ ամեն ինչ ավարտված է, եւ Նիկոլ Փաշինյանից մնացել են Ն. Փ․ տառերը: Արտահոսք էր եղել վերջերս՝ մի փակ խմբից, որում կար 850 մարդ, այ, հենց այս 850 մարդն է ամբողջ Հայաստանում, որ հավատում է նրան, իր էլեկտորատը կազմված է 850 հոգուց, բայց եկեք ժամանակից շուտ չուրախանանք եւ վստահ չլինենք, որ ավելին չեն կարող»:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին գաղտնի տեսաձայնագրելու եւ այդ տեսանյութերը տարածելու վերաբերյալ ասում է. «Կոնվենցիոն իրավունք է մարդու անձնական, ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքը, մարդու արժանապատվության նկատմամբ պետության պաշտպանությունը: Սա ե՛ւ կոնվենցիոն իրավունք է, ե՛ւ սահմանադրական: Սահմանադրությունը եւս մարդու անձնական կյանքն ամբողջականորեն պաշտպանված հիմքերի վրա է դիտարկում՝ ներառյալ անձնական եւ ընտանեկան կյանքը: Այստեղ նախեւառաջ պետք է քննարկել, թե ինչ է անում պետությունը մարդու անձնական կյանքը պաշտպանելու համար: Իրավապահներն այնպիսի փութաջանորեն, ինչպես քրեական վարույթներ են նախաձեռնում՝ այլ դեպքերով, այս դեպքով նույնպես արագորեն պետք է վարույթ նախաձեռնեն եւ դիտարկեն բոլոր հնարավոր վարկածները, որոնք կարող էին մարդու իրավունքների խախտման հիմք հանդիսանալ: Եթե ապացուցվի, որ այս ամենի ետեւում իշխանությունն է, ապա ստացվում է, որ պետությունն է խախտում մարդու իրավունքները: Ինձ բացարձակ չեն հետաքրքրում խղճի եւ կրոնի ազատության տիրույթում գործող եկեղեցական կառույցի ներքին կանոնակարգերը: Անձնական կյանք ունենալու մասով` որպես քաղաքացի, նման արգելք չկա, իսկ թե եկեղեցական կարգերով այն ինչպես է դիտարկվում, դա Եկեղեցու քննելիք հարցն է: Ինձ՝ որպես իրավապաշտպանի, այդ կանոններն ընդհանրապես չեն հետաքրքրում, որովհետեւ այդ հարցերը դուրս են ցանկացած քաղաքացիական կարգավորման շրջանակներից: Այստեղ խոսքը բարոյական արժեքների մասին է, ինչն իրենից որեւէ հետեւանք չի ենթադրում: Մարդուն փորձել են թիրախավորել ու վարկաբեկել: Այն արել են բարոյահոգեբանական գործիքակազմով, մարդու վրա ճնշում գործադրելով»:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, անդրադառնալով թեմային, ասում է. «Նույնիսկ ախուրյանցի Անոն գիտի, որ սա կազմակերպել է իշխանությունը:
Ոչ մեկի լոգարանն ու զուգարանն այսուհետ անվտանգ չեն: Թեպետ ես չեմ նայել այդ տեսանյութերը, ինձ թույլ չեմ տվել դա անել, սակայն պետք է ֆիքսել, որ չկա անբարոյականության մի սահման, որն այս իշխանությունը չի անցնելու: Եվ ես չեմ նայել այդ տեսանյութերը ոչ թե այն բանի համար, որ բարեպաշտ եմ փորձում երեւալ, այլ իսկապես ինձ որեւիցե մեկի սեռական կյանքը, կողմնորոշումը եւ այլն, բացարձակապես չի հետաքրքրում: Եթե այդ տեսանյութերը սարքված չեն արհեստական բանականության միջոցով, ինչպես գրում են իմ ընկերները, ապա դա նշանակում է, որ սրանք այնպես են ներխուժել մարդու անձնական կյանք, որ անգամ լոգարանում, խոհանոցում մարդը չի կարող իրեն ազատ զգալ: Սա հակաժողովրդավարության վերջն է, մարդու անձնական կյանքը քացիներով ներխուժելու բարոյալքման վերջին կետն է, սակայն իշխանությունը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը: Մարդիկ այդպես էլ չգնացին Հովհաննավանք եւ չկոնսոլիդացվեցին հակաեկեղեցական արշավի շուրջ: Թիրախում մնում է օրվա իշխանությունը: Ինչ վերաբերում է մեր եկեղեցականների, սրբազանների պահվածքին, ապա դա Եկեղեցու ներքին խնդիրն է, եւ մեզնից ոչ մեկը չունի իրավունք՝ Եկեղեցուն դասեր տալու: Մենք տեսանք դեպքեր, երբ կաթոլիկ եկեղեցում բացահայտվեցին պեդոֆիլիայի դեպքեր, սակայն Վատիկանի ներքին հարցերի մեջ որեւէ մեկը չխառնվեց, չմիջամտեց, Վատիկանն ինքն իր հարցերը լուծեց եւ շարունակում է լուծել»:







Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է