Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում օրերս կազմակերպել է «Թուրքիայի դարը» խորհրդաժողով, որի բացման ելույթում հայտարարել է, «Գազայից մինչև Դամասկոս, Պարսից ծոցից մինչև Ուկրաինա հնարավոր չէ միջազգային հավասարակշռություն հաստատել առանց Թուրքիայի մասնակցության»:
Հոկտեմբերի 27-ին նա Անկարայի նախագահական պալատում ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, ամսի 30-ին Էրդողանը կհյուրընկալի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին: Սթարմերի հետ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են Թուրքիային «Թայֆուն» կործանիչներ վաճառելու հարցում:
Մեկ օր անց Թուրքիայի նախագահը մեծ հանդիսավորությամբ բացել է զրահատեխնիկայի արտադրության արդիական գործարան: Իր ելույթում նա հայտարարել է, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ամսվա ընթացքում արտադրել 8 Altay 10 Altug տանկ:
Թուրքիայի նախագահի ձևակերպմամբ, «ստեղծվում է աշխարհաքաղաքական նոր հավասարում, միջազգային համակարգը փոխում է իր ոչ միայն կառուցակարգը, այլև ենթատեքստը. միջազգային ինտիտուտները և իրավունքը չեն կարող ապահովել ժողովրդի անվտանգությունը»:
Էրդողանի իշխանության քառորդդարյա ժամանակահատվածում Անկարան ԱԹՍ-երի արտադրությամբ դարձել է աշխարհում երրորդը, կատարելագործվել են ռազմածովային ուժերը, ստեղծվել հայրենական արտադրության հրթիռա-հրետանային համակարգեր, տրվել է ազգային զրահատեխնիկայի արտադրության մեկնարկը, լուծվում է ռազմաօդային ուժերի արդիականացման խնդիրը:
Գազայից՝ Դամասկոս, Պարսից ծոցի՝ Ուկրաինա հիպերտարածաշրջանում առանց Թուրքիայի մասնակցության միջազգային հավասարակշռության անհնարինության մասին Էրդողանի հայտարարությունն, անշուշտ, վերաբերում է նաև Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային:
Էրդողանի աշխարհաքաղաքական հայտն ընդգծված հավակնոտ է, ուստի և ավելի շուտ կոնֆրոնտացիոն, քան համագործակցության ազդակ ունի: Հայաստան-Թուրքիա բանակցություններին այն, անկասկած, ազդելու է:
Որքանո՞վ Էրդողանն ընկալունակ կգտնվի ԱՄՆ նախագահի դիրքորոշման հանդեպ կամ որքանո՞վ Դոնալդ Թրամփը պատրաստ է կամ կարող է Թուրքիայի ռազմավարական նկրտումները «փաթեթավորել» մերձավորարևելյան-հարավ-կովկասյան կայունության և շահերի ներդաշնակեցման «դոկտրինով»:






Բաց մի թողեք
Էրդողանը փորձում է ջրի երեսին մնալ ուկրաինական կարգավորումում
Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիները կցանկանա՞ն վերադառնալ ու գնալ պատերազմ
Վաշինգտոնի դիվանագիտական դեմարշին «միջուկակիր պատասխան է»