Սերգեյ Լավրովը Մինսկում մասնակցել է եվրասիական անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովին:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի պաշտոնական գործակալությունը, որի հաղորդագրությունից պարզ չէ, թե ՌԴ-ից և Բելառուսից զատ եվրոպական կամ ասիական ո՞ր երկրների ներկայացուցիչներն են մասնակցել միջոցառմանը:
Բայց դա այնքան էլ էական չէ: Կարևորը խորհրդաժողովի ելույթում Լավրովի հռետորական հարցադրումն է. «Մենք ցանկանո՞ւմ ենք, որ մեր հոյակապ մայրցամաքը վերածվի ՆԱՏՕ-ի հայրենակալվածքի»,- ինչին ինքն էլ պատասխանել է. «Մենք դրան համաձայնել չենք կարող»:
Միջազգային մամուլում կայուն տպավորություն կա, որ «Բուրովեստնիկ» միջմայրցամաքային հրթիռի փորձարկման պուտինյան քարոզչությունը Միացյալ Նահանգների նախագահի վրա «ենթադրված ազդեցություն չի թողել»:
Դոնալդ Թրամփը Պուտինին հորդորել է հրթիռներ փորձարկելու փոխարեն զբաղվել ուկրաինական պատերազմի դադարեցման հարցերով:
Թրամփի այս կոշտ դիտողությունից հետո Լավրովն ասել է, որ Մոսկվան «պատրաստ է քննարկել ամերիկյան առաջարկությունները», բայց «անվտանգության երաշխիքներ պետք է ստանա նաև Ռուսաստանը»:
Ըստ երևույթին, այդ երաշխիքներից մեկն էլ հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի «գերագահության ճանաչումն» է: Մինչդեռ նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում պետք է գումարվի ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողով:
Այս առումով ուշագրավ է, որ Մալայզիայից Ճապոնիա թռիչքի ընթացքում Դոնալդ Թրամփը բացահայտել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մի դրվագ, երբ Ռուսաստանի նախագահը նրան գովել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների հասնելու համար:
ԱՄՆ նախագահը, կարծես, Պուտինին հասկացրել է, որ հետկոնֆլիկտային Հարավային Կովկասը «կառավարելու է» նա, ով հասել է փաստացի խաղաղության հաստատմանը և ստանձնել կայունության և համագործակցության միջավայրի ապահովման քաղաքական պատասխանատվություն:
Հայ-ադրբեջանական կարգավորումը, «Թրամփի ուղու» նախագիծն աշխարհաքաղաքական կարեւորություն ունեն Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային միասնական համակարգ ձևավորելու իմաստով:
«Ռուսաստանը «թույլ չի տա, որ Եվրասիան վերածվի ՆԱՏՕ-ի հայրենակալվածքի»,- Մինսկում աներկբայորեն պնդել է Լավրովը: ՆԱՏՕ-ի «լոկոմոտիվը» Միացյալ Նահանգներն է: Պուտինը Թրամփին մարտահրավե՞ր է նետում, թե՞ «սպառնալիքը» դիվանագիտական ուղերձ է, որ, այնուամենայնիվ, «գործարքի ռեսուրսները սպառված չեն»:






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է