30/10/2025

Էրդողանը միջազգային դերակատարներին «թուրքական աշխարհ» նախագիծը չի ներկայացնում

Թուրքիայի պետական, քաղաքական վերնախավը, այդ թվում՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը և բարձրագույն սպայակազմը հարգանքի տուրք է մատուցել Մուստաֆա Քեմալի՝ որպես հանրապետության հիմնադիրիր, հիշատակին:

Նույն օրը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրապետության հռչակման 102-ամյակի կապակցությամբ Թուրքիայի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ երկու առավել կարևոր շեշտադրում է արել:

Նա հայտարարել է, որ իշխանությունը կշարունակի «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ուղեգիծը, ինչի շնորհիվ երկիրը «կվերածվի իր տարածաշրջանի առաջնորդի, կհավելի միջազգային բարձր հեղինակություն, կլինի ուժեղ և բարգավաճ»:

Ըստ Էրդողանի՝ այդ նպատակին հասնելու համար Թուրքիան «պետք է հաղթահարի քաոս ցանող ուժերի հարուցած խոչընդոտները»: Ակնարկն, ըստ երևույթին, հասցեագրված է Ւսրայելին, քանի որ նա անմիջապես անդրադարձել է Գազայում և Պաղեստինում իրավիճակին, որտեղ Թուրքիան «ձգտում է կանգնեցնել արյունահեղությունը»:

Բավական արտառոց է, որ ծավալուն ուղերձում Էրդողանը չի կարևորել ոչ իսլամական, ոչ, մանավանդ, համաթուրքական համերաշխության գործոնը, միայն հիշատակել է «կիպրոսցի թուրքերին»՝ առանց, սակայն, անդրադառնալու կիպրոսյան կարգավորման հեռանկարին:

Այս ֆոնին աչքի է զարնում Բաքվի լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, որտեղ սուր քննադատության է ենթարկված Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Փերենջիքը: Առիթը վերջինիս հայտարարությունն է, որ Բաքուն «չպետք է հյուրընկալի իսրայելցի և Եվրոպայի հրեական համայնքների ներկայացուցիչների խորհրդաժողովը»:

Ադրբեջանական լրատվամիջոցը բացահայտում է, որ Փերենջիքը Ռուսաստանի եվրասիականության ջատագովն է, Կրեմլի քարոզիչ Դուգինի մերձավոր գործընկերը և քարոզում է ռուսական վերահսկողության թուրքական աշխարհ:

Ըստ երևույթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների նախանշվող համագործակցությունը չի համապատասխանում «թուրքական աշխարհի» մասին Էրդողանի պատկերացումներին, բայց նա նախընտրում է բացահայտ չհակադրվել Արևմուտքին, ուստի ընտրում է «հզոր, միջազգային հեղինակություն վայելող և բարգավաճ» Թուրքիայի նախագիծը:

Բացառված չէ, որ դա «անցումային տարբերակ» է, բայց այս փուլում, կարծես, Էրդողանը միջազգային դերակատարներին «թուրքական աշխարհ» նախագիծը չի ներկայացնում: Կամ, գուցե, ներկայացրել, բայց մերժվել է: