04/12/2025

Նաիրի Հունանյանն աղոթում և հեծանիվ է վարում բանտում

ԱԱԾ շենքում գտնվող, բայց ֆորմալ առումով արդարադատության նախարարությանը ենթարկվող «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մոտ 15 խուց կա, որտեղ նստում են, որպես կանոն, առավել վտանգավոր հանցագործները եւ մեղադրյալները, որոնք անցնում են ազգային անվտանգության խնդիրներին առնչվող եւ այլ ծանր մեղադրանքներով:

Հրապարակ թերթը գրել է․ 15 խցից երկուսում, միմյանցից առանձին, պահվում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակները` Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը՝ Կարենը: Խցերից մյուսում նստած են երկու սրբազանները` Միքայել Աջապահյանը եւ Բագրատ Գալստանյանը, նրանք միասին են նստած: Մի առանձին խցում «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն է: ԱԱԾ-ին կից կալանավայրում, ըստ մեր աղբյուրի, շատ ավելի խիստ ռեժիմ է, օրինակ` բջջային հեռախոսներ, ի տարբերություն այլ կալանավայրերի, այստեղ չկան: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում է ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը` ո՞ղջ է, ունի՞ արդյոք հոգեկան խնդիրներ, նրան տեսակցել թույլատրվո՞ւմ է, դուրս գալի՞ս է խցից, թե՝ ոչ, ինչո՞վ է զբաղված արդեն 26 տարի:

Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղարը, սակայն, մեր ոչ մի հարցին չպատասխանեց, հղում անելով ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությանը: ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝  տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե դա «խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը», ինչպես նաեւ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անձնական տվյալները մշակվում են օրինական եւ որոշակի նպատակներով եւ առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ  նպատակներով»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ չենք կարող տեղեկություններ տրամադրել»,- պաշտոնապես ասացին մեզ։

Հասկանալի չէ, թե այս տարրական տեղեկություններն ինչով են խախտում Նաիրի Հունանյանի անձնական տվյալների կամ կյանքի գաղտնիության սկզբունքը, մանավանդ` մի քանի տարի առաջ նրան կալանավայրում տեսակցել են, եւ այդ մասին անգամ հրապարակումներ են եղել: Ինչպես հայտնի է` Արման Բաբաջանյանն էր նրա հետ հանդիպել, զրուցել, ապա մամուլին տեղեկացրել, թե ինչ է ասել իրեն Հունանյանը:

Քանի որ պաշտոնական տեղեկություններ մեզ չփոխանցեցին, փորձեցինք մեր աղբյուրներից որոշ բաներ իմանալ: Մեզ պատմեցին, որ այս ՔԿՀ-ում աշխատակիցները սովորաբար շատ հարգալից են կալանավորների նկատմամբ, քանի որ նրանց մեծ մասը քաղբանտարկյալներ են, եւ հայտնի չէ, թե վաղը, իրերի բերումով, ով որտեղ կհայտնվի: Բայց այս սկզբունքը չի աշխատում Հունանյանների նկատմամբ, նրանց վատ են վերաբերվում, նրանց հանդեպ բացասական վերաբերմունքը չեն կարողանում թաքցնել, եւ հաճախ մերժվում են նրանց խնդրանքները: Օրինակ, Նաիրի Հունանյանը սիրում է ֆուտբոլի առաջնություններին հետեւել, որոնք հաճախ հեռարձակվում են ուշ ժամերին: Բայց բանտում հեռուստացույցը որոշակի ժամի անջատվում է, եւ որքան էլ նա խնդրում է, որ թույլ տան խաղը մինչեւ վերջ դիտել, նրան չեն ընդառաջում: Ասում են նաեւ, որ առավոտյան շատ վաղ ժամի Նաիրի Հունանյանը բարձր ձայնով երգելով աղոթում է՝ խանգարելով մյուս խցերի անդորրը: Պատմում են նաեւ, որ նա հիմա անճանաչելի է դարձել` անհամաչափ գիրացել է, թեեւ ինտենսիվ զբաղվում է սպորտով: Նաիրի Հունանյանը հեծանիվ է քշում․ սովետական հեծանիվ կա, որը դրված է ընդհանուր հատվածում: Նրան ոչ ոք չի այցելում: Ընտանիքի անդամները վաղուց չկան հայրը, մայրը, եղբայրը, ինչպես հայտնի է, մահացել են։

Վերջին այցելուն երեւի Արման Բաբաջանյանն էր, որը 2019 թվականին եղել էր նրա խցում եւ հայտարարել, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերանայման հիմքեր կան: Մենք կապվեցինք նրա հետ. Դուք այցելել էիք Հունանյանին, նա դիմել էր վաղաժամկետ ազատման համար, հետո եղա՞վ շարունակություն՝  հարցրինք Բաբաջանյանին: «Ես հենց վաղակետ ազատման դիմումի առիթով էի հանդիպել նրան: Այդ մի անգամն եմ հանդիպել: Էլ առիթ չի եղել»,- պատասխանեց նա: Հարցին, թե իր այցից հետո ասել էր, որ Նաիրին պատրաստ է համագործակցելու, որ գործը բացահայտվի, բա ինչո՞ւ չեղավ շարունակություն, Բաբաջանյանը պատասխանեց. «Չեմ ասել նման բան, ասել եմ, որ Նաիրին խոսում է, գնացեք` խոսեցրեք: Բայց անջատված մասով քննություն է գնում, ես էլ եմ հարցաքննվել»: