08/11/2025

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համակարգային – քաղաքակրթական դաշնակցություն դժվար է պատկերացնել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ մերժել է Հունգարիայի վարչապետի խնդրանքը և չի արտոնել, որ Բուդապեշտն ազատորեն ռուսական նավթ և գազ գնի:

Օրեր առաջ Վիկտոր Օրբանը, որին Թրամփը համարում է իր բարեկամը, անոնսավորել էր իր Վաշինգտոն այցը, որի ընթացքում նա ծրագրում էր հասնել Բուդապեշտում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման համաձայնության:

Պատժամիջոցներից Հունգարիան բացառելու նրա խնդրանքը մերժելուց հետո ԱՄՆ նախագահը հազիվ թե ընդունի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման միջնորդությունը, ուստի հարց է՝ կկայանա՞ Օրբանի այցը Վաշինգտոն:

Հունգարիան Թուրքախոս պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է, սերտ կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ, եվրոպական հարթակներում զբաղվում է ադրբեջանական շահերի լոբբինգով: Բաքվում ակնհայտորեն հիասթափված են Հունգարիայի վարչապետի հանդեպ ԱՄՆ նախագահի հրապարակային վերաբերմունքից:

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիևը սոցիալական X հարթակում բավական ենթատեքստային գրառում է կատարել: Նա հանրայնացրել է, որ Վաշինգտոնում և Բաքվում ձևավորվել են ԱՄՆ-Ադրբեջան «ռազմավարական համագործակցության հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքային խմբեր» և հույս հայտնել, որ «վաշինգտոնյան համաձայնությունների իրականացման գործընթացը կմեկնարկի»:

Իշխանական minval-politika-ի հարցմանը, թե օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները Ռուսաստանի միջամտությունից ապահովագրվա՞ծ են,-քաղաքագետ Մուրադ Մուրադովը պատասխանել է, որ դրանց հաջորդել է Անքորիջում Թրամփ-Պուտին հանդիպումը, բայց «Անքորիջի գործընթացը հետագա զարգացում չունեցավ, Բուդապեշտի հանդիպումը չեղարկվեց, ռուս-ամերիկյան բանակցությունները գտնվում են անորոշության վիճակում»:

Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, այս իրավիճակում Ռուսաստանի համար «Հարավային Կովկասում Արևմուտքի, ԱՄՆ-ի ներկայությունը կարող է ցանկալի չլինել»:

Մուրադովը տեսակետ է հայտնել, որ եթե Չինաստանը պաշտպանի Թրամփի ծրագրերը, ապա Ռուսաստանը «Հարավային Կովկասի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորություն չի ունենա»:

Ադրբեջանցի քաղաքագետի ասածից կարելի է հասկանալ, որ Թրամփ-Պուտին Անքորիջի բանակցություններում օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունները քննարկվել են, բայց քանի որ այս փուլում Ռուսաստանը և ԱՄՆ-ը սկզբունքորեն գտնվում են «սառը պատերազմի մեջ», Բաքուն պաուզա է պահում:

Մուրադովը գլխավոր է համարում Ադրբեջանի «տնտեսական և ենթակառուցվածքային անվտանգության ապահովման, իր տարածքում այլ երկրի ռազմական ներկայությունը բացառելու և քաղաքական իքնիշխանությունն ամրապնդելու քաղաքականությունը»: Ի՞նչ սպառնալիքների մասին է նա ակնարկում, բարդ է կողմնորոշվել:

Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպմանը քննարկվե՞լ են ռուս-ադրբեջանական էներգետիկ և ենթակառուցվածքային համատեղ ծրագրեր, որ այդ փուլում Միացյալ Նահանգների համար խնդրահարույց չէին, բայց Բուդապեշտի հանդիպումը չեղարկելուց հետո Վաշինգտոնի կողմից դիտվում են իր հանդեպ «ոչ բարեկամակա՞ն»:

Ընդհանուր տպավորությունը, կարծես, մոտ է դրան: Մանավանդ որ վերջին ամսում Ադրբեջանը կտրուկ նվազեցրել է Ուկրաինայի հետ համագործակցության քարոզչությունը: Ամենայն հավանականությամբ, Դուշանբեում Ալիևը Պուտինին խոստացել է սկզբունքային հարցերում Ուկրաինային աջակցություն չցուցաբերել:

Այս ֆոնին Ադրբեջանում ռուսական «հինգերորդ զորասյան բացահայտումը», կարծես, Ալիևն իրականացնում է, որպեսզի Պուտինի հետ Դուշանբեում ձեռք բերված որոշ պայմանավորվածություններից խուսափելու առիթ ստեղծի:

Բացառված չէ, որ Դուշանբեում Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հետ Անքորիջում բանակցություններն Իլհամ Ալիևին ներկայացրել է «սկզբունքային սրբագրությամբ» և նրան ներշնչել, որ Դոնալ Թրամփը դեմ չէ Հարավային Կովկասի ռուս-ամերիկյան «համատեղ պարեկությանը»:

Պուտին-Թրամփ երկրորդ հանդիպման չեղարկումը Բաքվում խոր կասկածամտություն է հարուցել: Դա տեսանելի, ընկալելի է ոչ միայն պետական-քաղաքական գործիչների խոսույթից, այլև մամուլի հրապարակումների տոնայնությունից: Այդ անորոշությունն անհանգստացնող է:

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համակարգային – քաղաքակրթական դաշնակցություն դժվար է պատկերացնել, բայց Ալիևի «դարձ շրջանոս յուրոն» միանգամայն հնարավոր է: