08/11/2025

Սևանա լիճ չկա, կա լիճ Գյոյչա․ Ալիև

«Ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկա Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն և պետական կառույցները, և ՀԿ-ները, և, իհարկե, գիտնականները»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Նա հայտարարել է, իբր գիտնականներն այդ թեմայով բազմաթիվ աշխատանքներ են իրականացրել, բայց անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, քարտեզներ․ «20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ: Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար: Այս քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը: Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք»: