14/12/2025

Թուրքիայի հավակնությունների «կառավարումը» չի կարող չանդրադառնալ նաև Հարավային Կովկասին

Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին և միջնորդել, որպեսզի նա ներում շնորհի Բենիամին Նաթանյահուին: Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը նման միտք հնչեցրել է Իսրայելի խորհրդարանում:

Թրամփը Նաթանյահուին անվանել է «ահաբեկչության դեմ պայքարում հավատարիմ զինակից», ինչպես նաև «հզոր հրեական պետության բացառիկ առաջնորդ»: ԱՄՆ նախագահը տպավորություն ունի, որ «Բիբիի դեմ քրեական հետապնդումները քաղաքականապես մոտիվացված են»:

Իսրայելի նախագահի գրասենյակն ի պատասխան կարճ հայտարարություն է տարածել առ այն, որ «որևէ անձի ներում շնորհելու հարց կարող է քննարկվել միայն սահմանված ընթացակարգով»:

Իսրայելական լրատվամիջոցները պարզաբանել են, որ գործող օրենքով ներում շնորհելու հարցը երկրի նախագահը լուծում է միայն նրա անհատական դիմումն ստանալուց հետո, եթե ստանում է գլխավոր դատախազության համաձայնությունը:

Վարչապետ Նաթանյահուն, ըստ տեղեկությունների, ներման խնդրագիր ներկայացնելու մտադրություն չունի: Նա համարում է, որ դա «կնշանակի ընդունել ներկայացված մեղադրանքները»:

Աչքի է զարնում իրողությունը, որ Նաթանյահուին ներում շնորհելու հարցով Իսրայելի նախագահին Դոնալդ Թրամփը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Միացյալ Նահանգներ այցից հետո:

Ֆիդանն, ինչպես հայտնի է, Վաշինգտոնում բանակցություններ է վարել ոչ միայն պետքարտուղար Ռուբիոյի, այլև փոխնախագահ Վենսի հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Միացյալ Նահանգներ է մեկնել՝ դիվանագիտական զինանոցում ունենալով Իսրայելի վարչապետի ձերբակալության օրդերի որոշումը:

Փորձագետները հիմնավոր տպավորություն ունեն, որ Նաթանյահուի նկատմամբ այդ որոշումը Թուրքիայում կայացվել է որպես նրա նկատմամբ ճնշման գործիք: Իսրայելի վարչապետը վճռականապես դեմ է Գազայում «միջազգային կայունացնող ուժերին» Թուրքիայի զինվորականների մասնակցությանը:

Նաթանյահուին ներում շնորհելու հարցի հրապարակայնացմամբ ԱՄՆ նախագահը բացահայտում է, որ «Բիբին գտնվում է իր հովանու ներքո»: Թրամփն, ըստ էության, Իսրայելի վարչապետին ապահովագրում է Թուրքիայի նախագահի հարձակումներից:

Միացյալ Նահանգների նախագահի այս քայլը, հավանաբար, բխում է Ֆիդան-Ռուբիո և Ֆիդան-Վենս բանակցությունների համատեքստից: Հասկացվում է, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում Թուրքիայի հավակնությունների հետագա բավարարմանը հակված չէ:

Այդ է վկայում նաև Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաայի Վաշինգտոն այցը, որի արդյունքում ձեռք է բերվել Դամասկոսից հարավ տարածքում ամերիկյան ռազմաօդային հենակայան ստեղծելու մասին համաձայնություն:

Ալ-Շարաան, կարծես, համաձայնել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում տեղաբաշխված ամերիկյան սահմանափակ զորախումբը շարունակի իր գործառույթները: Իսկ դա նշանակում է այդ տարածքներում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների բացառում:

Թուրքիայի արտգործնախարարի վաշինգտոնյան այցի ընթացքում քննարկվե՞լ են հայ-թուրքական կարգավորման և TRIPP նախագծի իրականացման հետ կապված հարցեր, այդ մասին տեղեկություն չկա:

Այդուհանդերձ, ԱՄՆ կողմից Մերձավոր Արևելքում Թուրքիայի հավակնությունների «կառավարումը» չի կարող չանդրադառնալ նաև Հարավային Կովկասին: