ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն անընդհատ պնդում էր, թե ընտրախախտումներն անցել են պատմության գիրկը: Կարծում եմ, որ ասվածը միաժամանակ թե՛ ճշմարիտ է և թե՛ կեղծիք: Ճշմարիտ է այն առումով, որ պատմության գիրկն են անցել նախկինների օրոք տեղի ունեցած որոշ տեսակի ընտրախախտումներ:
Ասենք թե քվեարկության արկղը ընտրատեղամասից հափշտակելն ու լցոնված քվեաթերթիկներով վերադարձնելը: Բայց այդ տեսակը պատմության գիրկն էր անցել դեռևս նախկիններից ՀՀ երրորդ նախագահի օրոք: Նրա նախագահության սկզբնամասում դեռևս ծաղկում էր լցոնումը հենց տեղամասում կազմակերպելու գործընթացը:
Բայց այդ պրակտիկան ևս աստիճանաբար վերանում էր, քանի որ դրան ընդդիմանում էին ընտրական տեղամասի ընդդիմադիր հանձնաժողովականները, վստահված անձինք ու դիտորդները: Իսկ դրանց բոլորի թիկունքին կանգնած էին միջազգային՝ ոչ ԱՊՀ-ական, դիտորդները: Որոնց ներկայությունն, ասեմ որպես շուրջ երկու տասնամյակ դիտորդություն արած անձ, լրացուցիր վստահություն էր հաղորդում մեզ՝ տեղական դիտորդներիս:
Ինչևէ, մերժված Սերժի օրոք անցկացված վերջին ընտրություններին անմիջական խախտումներ այլևս չէին արվում: Կար անուղղակին՝ տեղական հեղինակությունների, ովքեր ընտրությունների ժամանակ վերածվում էին «տասովշիկների», անօրինական ակտիվությունը: Որոնց միջոցով իշխանության հովանավորությունը վայելող գործարարները ընտրակաշառք էին բաժանում՝ դրանով ուղղորդելով ընտրողներին:
Որքան հասկանում եմ, Նիկոլի օրոք ընտրակաշառքը բաժանվում է միայն պաշտոնական անձանց միջոցով, քանի որ մասնավորով՝ հատկապես ընդդիմադիր, կատարվողն անմիջապես կասեցվում է: Պաշտոնականն ասֆալտ փռելն է, լուսավորություն անցկացնելը, կարիքավորներին ֆինանսական կամ նյութական օգնություն բաժանելը:
Բայց դրանք բնակչության հետ հարաբերվելու՝ գործող իշխանության հիմնական գործիքներն են նաև միջընտրական ժամանակաշրջանում: Չնայած, մեծ հաշվով դրա կարիքն այնքան էլ չկա, քանի որ իրավապահների միջոցով չեզոքացվում են հեղինակություն վայելող ընդդիմադիր գործիչները: Գումարած՝ օգտագործվում է «տասովշիկների» ծառայությունը:
Բայց Գյումրիի ավագանու ընտրությունը ցույց տվեց, որ դրանք արդեն այնքան էլ արդյունավետ չեն, ու Վաղարշապատի ավագանու ընտրության շեմին «հայտնագործվեց» մի նոր երևույթ: Այն չկար նախկինների օրոք, այն չէր կիրառվել գործող իշխանության կողմից մինչև այսօր: Դա դիտորդական կազմակերպություններին միմյանց դեմ լարելն է:
Նախկինում ևս «Գոնգո» կոչված իշխանական ՀԿ-ների դիտորդները մեզ դրական աչքով չէին նայում, կարող էին նույնիսկ ընտրատեղամասում հակադրվել ընդդիմադիր կամ չեզոք ՀԿ-ների դիտորդներին: Բայց որպեսզի քվեարկությյունից մեկ օր առաջ դիմեին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ արգելելու մեր դիտորդությունը, նման բան չեմ հիշում: Իսկ ես, ինչպես նշեցի, 2003-ից մինչև 2018-2019 թվականը մասնակցել եմ այդ գործընթացին:
Ինչևէ, դա նոր խոսք է ընտրական գործընթացում, և վարչապետի աթոռից կառչած անձը Եվրոպայում կարող է գլուխ գովել այդ առումով: Կարող եմ «ընկերաբար» զգուշացնել, որ նույնը չանի Միացյալ Նահանգներում, քանի որ անմիջապես կընկնի նախագահ Թրամփի աչքից:
Ով 2020 թվականին, որպես գործող նախագահ և նախագահի թեկնածու, պարտվեց դեմոկրատ Բայդենին հենց ընտրախախտումների արդյունքում: Իսկ եվրոպացիները վաղուց արդեն գործում են քաղաքական շահերի կամ ռեալ պոլիտիկի սկզբունքներով:
Ինչևէ, նախորդ օրը «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «Հայաքվեի» և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի դիտորդական առաքելությունը կասեցվելու հայց էր ներկայացվել ԿԸՀ «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների կողմից: Եվ ինչպես հայտնել էր ՊԶՄԿ գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը, ԿԸՀ դիմելուն նախորդել էր ՔՊ-ական պատգամավորներից մեկի ֆեյսբուքյան գրառումը:
Անկեղծ, չգիտեմ թե որ մեկինն էր, բայց չի էլ հետաքրքրում, քանի որ վստահ եմ, որ վերջինս կատարել է «մեծարգո վարչապետի» հրահանգը: Կամ, եթե նույնիսկ գաղափարն իրենն է եղել, անպայման պետք է ստացած լիներ վերջինիս համաձայնությունը: Որովհետև, ինչպես հիշում ենք, մեր երկրում ոչինչ չի կատարվում առանց «մեծարգոյի» համաձայնության կամ առնվազն գիտության:
Հիշենք, օրինակ, գլխավոր դատախազի կողմից ինչ-ինչ հարցերով նրան զեկուցելու պատմությունը: Եվ, ինչպես ասվեց, ՀԿ-ական պրակտիկայում նման երևույթ երբեք չի եղել կամ գոնե ես չեմ հիշում: Կարծում եմ, որ այդ գործոնը ևս հաշվի է առնվել ԿԸՀ-ում՝ երբ մերժվել է հայցը:
Չնայած առկա է եղել նաև հայցի բովանդակային մասը, ինչն, ըստ տիկին Մելոյանի, իրենից ներկայացնում էր «անհեթեթ և զավեշտալի գործընթաց»: Ի դեպ, ԿԸՀ կայքի «Նորություններ» բաժնում ոչինչ չկա ԿԸՀ արտահերթ նիստի, այդ հայցի քննարկման և այն մերժելու մասին: Չնայած այն քննարկվել է ավելի քան 10 ժամ:
Վերջին յոթուկես տարում հասարակության գիտակից մասն ականատաես եղավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից իրավապահներին հրահանգներ ուղղակիորեն իջեցնելու գործընթացին: Բայց քաղաքացիական հասարակության առումով նման երևույթի առկայությունը վկայում է պետական ողջ համակարգի դեգրադացման մասին: Քանի որ մաքուր բռնատիրական պետությունում նման բանի կարիք չի լինում, իսկ ժողովրդավարությունում դա ուղղակի նոնսենս է:






Բաց մի թողեք
Անգամ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը կիսատ թողեց
Նախարարը բացահայտորեն ստում է։ Ստելը հենց այն պարտադիր պայմանն է, որով դու կարող ես համալրել իշխանության շարքերը
Մի օր էլ Սուպեր Սաքո կարող է հնչել եկեղեցում, անմեղսունակներ