Սամվել դպիր Գրիգորյանը հայտարարել է, որ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ արարք չէ, այլ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ ապստամբություն, Եկեղեցու պառակտում:
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ «Հավատարմության դրժում» վերնագրով։
«Հունիսի 22-ին Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մասյացոտնի թեմի ամբողջ հոգևոր դասը (ներառյալ Տեր Երվանդ քահանան) որդիական սիրով և խոնարհությամբ շնորհավորել է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Իրենք իրենց որդիական անվերապահ հավատարմությունն ու սերն են հայտնել Ամենայն Հայոց ազգընտիր և առաքելաշավիղ Հայրապետին՝ վերստին իրենց անսակարկ հնազանդությունը ու հանձնառությունը հավաստելով Նորին Սրբության առաջնորդությանն ու հայրապետական տնօրինություններին՝ ի պայծառություն Մայր Եկեղեցու և ի շինություն մեր Հայրենիքի: Տեր Երվանդի դեպքում այդ հավատարմությունը տևեց ընդամենը 5 ամիս և նա դրժեց այն:
Հիմա դիմում եմ Թեմի բոլոր քահանաներին, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ, սիրում ու հարգում եմ, որոնց հետ ուխտերթերի, ուխտի Պատարագների ենք մասնակցել, միասին աղոթել, դուք հա՞շտ եք երեկ Արարատ գյուղում մատուցված Պատարագին Կաթողիկոսի անվան չհիշատակման հետ: Թող Աստված առավել զորացնի ձեզ փորձության այս օրերին, հեռու պահի գայթակղությունից, սատանայի լարած թակարդներից: Տերը գործում է եղբայրներ, պինդ բռնվենք Քրիստոսից և Մայր Եկեղեցուց՝ Նոյյան Տապանից:
Ուղղակի չմոռանանք, որ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ արարք չէ, այլ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ ապստամբություն, Եկեղեցու պառակտում: Այն համարժեք է Քրիստոսի Մարմինը անդամահատելուն, որը Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և կանոնական իրավունքի տեսանկյունից համարվում է ծանրագույն մեղքերից մեկը, որն ունի խիստ հոգևոր և կանոնական հետևանքներ։ Ըստ եկեղեցու կանոնի և եկեղեցու սուրբ հայրերի՝ պառակտման մեջ գտնվող հոգևորականները պետք է զրկվեն այդ աստիճանից, եթե համառեն՝ բանադրվեն:
Սուրբ Կիպրիանոս Կարթագենացին գրում է, որ Եկեղեցուց դուրս գործողները նման են ջրի աղբյուրից անջատված ճյուղի։ Նույնիսկ եթե պառակտված հոգևորականը պահպանել է իր ձեռնադրության շնորհը, այդ շնորհը դադարում է գործել փրկարար ուժով Եկեղեցուց դուրս։ Այսինքն, պառակտված խմբում կատարված Խորհուրդները համարվում են անվավեր, քանի որ դրանք կատարվում են Առաքելական և համընդհանուր եկեղեցական կանոնների խախտմամբ, որոնք պահանջում են միասնություն Կաթողիկոսական Գահի (որպես Քրիստոսի Եկեղեցու գահակալի) հետ, ինչպես նաև դրանց պակասում է Եկեղեցու Մարմնի հոգևոր համաձայնությունը և Նվիրապետական համակարգից եկող օրհնությունը։ Կաթողիկոսի անունը չհիշատակելը ծիսականորեն բացահայտ հայտարարում է այս պառակտումը»,–ասվում է գրառման մեջ։
Գրառում է արել նաև Արտաշատի սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Երվանդ քահանա Բաբայանը, որի մատուցած պատարագին Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 23-ին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր իրեն որևէ մեկը չի տվել, ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ իր առաջնորդը, և հավելել, որ պարզապես իր անհամաձայնությունն է արտահայտել «տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին»։
«Նոյեմբերի 23-ին Մասյացոտնի թեմի Արարատ գյուղի սբ. Հակոբ եկեղեցում ես՝ Երվանդ քահանա Բաբայանս մատուցել եմ սուրբ և անմահ Պատարագ: Դրանից մեկ օր առաջ հանդիպել եմ Վեհափառ Հայրապետի հետ. հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Երեկոյան համացանցում աչքովս ընկավ մի հոդված, որտեղ իմ առաջնորդը՝ Տեր Գևորգ եպս. Սարոյանը նույնացված էր Բրուտոսի հետ և մեղադրվում էր ենթադրյալ դավաճանության մեջ: Մենք՝ թեմի քահանաներս գիտենք, թե անցնող տարիների ընթացքում, ինչպես է մեր առաջնորդը պաշտպանել Մայր Աթոռը և հատկապես Վեհափառ Հայրապետին:
Հիշում ենք նաև, թե ինչպես հանիրավի թիրախավորվեց Գևորգ սրբազանը սույն թվականի հուլիսի 4-ին Seasons այգում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Ես չնչին կասկած իսկ չունեմ, որ Գևորգ սրբազանին, ինչպես նաև շատ այլ հոգևորականների թիրախավորում են Մայր Աթոռ սբ. Էջմիածնից՝ փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի-պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է Հայ Եկեղեցու և մեր պետականության համար: Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու և որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ Մայր Աթոռը լուռ է:
Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել, ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ իմ առաջնորդը:
Ես պարզապես իմ անհամաձայնությունն եմ արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին: Վեհափառի հետ հանդիպման ժամանակ նույնպես իմ մտահոգություններն եմ հայտնել մեր եկեղեցու կյանքը խռովված երևույթների նկատմամբ:
Ես հայցում եմ բոլորի աղոթքն ու մաղթանքը, որ հնարավորինս շուտ եկեղեցու և պետության միջև խորացող այս ճգնաժամը հանգուցալուծվի և մենք իբրև եկեղեցու սպասավորներ լծվենք մեր առաքելությանը՝ ի շինություն մեր հայրենիքի և ի պայծառություն մեր հավատի»,–ասվում է գրառման մեջ։






Բաց մի թողեք
Ինչ է պատահել Նիկիտա Սիմոնյանին մահվանից օրեր առաջ
Մինչ հիմա ինձ համար մեծ գաղտնիք է՝ դա Ռուբե՞նն է ջնջել, թե՞ ադրբեջանցիք․ Գլումով
Ի՞նչ շշնջացին ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ․․․