02/12/2025

Ադրբեջանի «մոլլապետը», առաջադրանքը Հայաստանին ու Հայ առաքելական եկեղեցին

Մամուլում և սոցիալական հարթակներում վերջին օրերին լայնորեն տարածվում է Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, որտեղ տեսակետ է արտահայտված, որ մինչև խորհրդարանական ընտրություններ Փաշինյանը կհասցնի կարգավորել Եկեղեցու խնդիրը և Հայաստանում հանրությունը կպաշտպանի խաղաղության օրակարգը: (Մեջբերումը բառացի չէ, փոխանցում եմ ընդհանուր միտքը):

Այս և Հայ եկեղեցու մասին Ադրբեջանի «մոլլապետ» Փաշազադեի հայտարարությունը հիմք ընդունելով, հայկական «ադրբեջանագիտությունը» քարոզչություն է գեներացնում, որ Փաշինյանը «կատարում է Ալիևի պահանջը»:

Նույն շրջանակները միաժամանակ պնդում են, որ Ալիևը «երբեք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի» և միաժամանակ այնպես են ներկայացնում, որ կաթողիկոսի «դեմ արշավի պատճառն այն է, որ նա միջազգային կրոնական խորհրդաժողովում բարձրացրել է Արցախ վերադարձի իրավունքի հարցը»:

Ըստ էության, սա նշանակում է, որ կաթողիկոսը խաղաղության պայմանագրին դեմ է: Ուշադրություն, խոսքը մի պայմանագրի մասին է, որ Ալիևը «երբեք չի ստորագրելու»: Այսինքն, ինքն էլ է դեմ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին:

Տվյալ դեպքում էական չէ, որ կաթողիկոսի և Ալիևի մոտիվացիան տարբեր են, մեկը դեմ է, քանի որ Արցախի հարցն անտեսվում է, մյուսը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի:

Կարևոր է, որ հայկական «ադրբեջանագիտությունը» փաստում է, որ եթե Ալիևը «խաղաղության պայմանագիր երբեք չի ստորագրելու», ապա ո՞րն է գործընթացը ձախողելու նրա հնարավորությունը:

Տրամաբանական է, որ նա առաջին հերթին շահագրգռված պիտի լինի Հայաստանում ներքաղաքական սրացմամբ, անկառավարելիությամբ և իշխանափոխությամբ:

Այդ դեպքում նա հանգիստ խղճով ԱՄՆ նախագահին կասի. «Տեսնո՞ւմ եք, միստեր Թրամփ, հայերը խաղաղություն չեն ուզում, հեղինակազրկեցին ոչ միայն իրենց վարչապետին, այլև՝ ձեզ»: Իսկ այդ նպատակին հասնելու համար ի՞նչ պիտի անի Ալիևը:

Իհարկե, պիտի հրահանգավորի վերաբերյալ «որակի» քարոզչություն: Հաշվարկը պարզ և ստանդարտ է. «Եթե ուզում ես վնասել, գովիր հակառակորդիդ»: Հայկական «ադրբեջանագիտությունը», ցավոք, ընդունել է Ալիևի թելադրած խաղի կանոնները:

Նախ՝ Ադրբեջանի նախագահին վերագրում է տարածաշրջանում «միակ տղամարդու» կերպար, ապա հնարավորինս բորբոքում հանրային զգացմունքայնություն, ձևավորում աուրա, որտեղ կաթողիկոսը և նրան հավատարիմ եպիսկոպոսները համարյա թե «Ներսես Աշտարակեցի» կամ «Խրիմյան հայրիկ են», իսկ իշխանությունները և մյուս հագևորականները՝ «թրահաճո դավաճաններ»:

Իսկ իրականում ո՞րը պիտի լիներ հայկական «դրբեջանագիտության» առաջնահերթություն պիտի լիներ հակառակորդ կողմում ներքաղաքական լարվածության հրահրումը, տեղեկատվա-քարոզչական ազդեցության ծավալումը: Ցավոք, մենք չենք տեսնում Ադրբեջանի ներքաղաքական կյանքի որևէ վերլուծություն անգամ:

Բավական է մեկ օրինակ բերել, ինչո՞ւ Արցախի և հարակից օկուպացված տարածքներում մզկիթների հիմնարկեքի կամ բացման արարողություններին Ադրբեջանի «մոլլապետ» Փաշազադեն Ալիևի կողքին չէ:

Եվ երբ «մոլլապետը» խոսում է Հայ եկեղեցու մասին, նրան պետք է «խորհուրդ տալ», որ նախ իր հեղինակության համար մտահոգվի և փորձի պարզել, թե ինչո՞ւ անցյալ տարվա Միլլի մեջլիսի ընտրություններին իր եղբորն արգելեցին թեկնածու առաջադրվել: