04/12/2025

Էրդողանը վարկանիշային երկու պարտություն է կրել

Թուրքիայի հանրային-քաղաքական կյանքում գրեթե համաժամանկյա երկու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության համագումարում նախկին առաջնորդ Քըլըչդարօղլուի համակիրներին չի հաջողվել նոր սահմանադրության ընդունման և նախագահի թեկնածուի առաջադրման հարցում պատվիրակների շրջանում երկպառակություն մտցնել:

Համագումարը կուսակցության առաջնորդի պաշտոնում վերընտրել է Օզելին, նախագահի թեկնածու առաջադրել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Իմամօղլուին, իսկ նոր սահմանադրության վերաբերյալ որոշել, որ այն կարող է ընդունվել միայն հանրաքվեով:

Համագումարի ելույթում ԺՀԿ առաջնորդ Օզելը քննադատել է Քըլըչդարօղլուին և նրան անուղղակի մեղադրել իշխանությունների հետ համագործակցության մեջ:

Օզելի գնահատմամբ, Աթաթուրքի հիմնադրած կուսակցությանը վերջին քսան տարիներին «պարտադրում են բավարարվել խորհրդարանում քսանհինգ տոկոս ներկայացվածությամբ, նրան ներշնչում նախագահական ընտրություններում մշտապես պարտվողի կերպար»:

Օզելը ԺՀԿ նոր ուղեգիծ է հռչակել՝ մասնակցել բոլոր գործընթացներին, հեռու մնալ իշխանությունների հետ գործարքից, հաղթել և Թուրքիան վերադարձնել Աթաթուրքի կողմից սահմանված աշխարհիկ-ժողովրդավարական կառավարման սկզբունքներին:

Ըստ սոցիոլոգիական հարցումների, ներկայումս Թուրքիայի իշխող և գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշը գրեթե հավասար է: Ու թեև նախագահական ընտրությունները պետք է կայանան 2028թ.-ին, նոր սահմանադրության ընդունման հետ կապված ներքաղաքական պայքարի մեկնարկն արդեն տրված է:

Ըստ երևույթին, սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Էրդողանին երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորություն ընձեռել: Քեմալականները դեմ են և հայտարարում են, որ շարունակելու են պայքարել և հակաքարոզչություն են իրականացնելու:

Ավելի լուրջ է «Թուրքիան առանց ահաբեկչության» նախաձեռնության հետ կապված իրավիճակը: Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Իմրալի կղզի և հանդիպել ցմահ ազատարզրկման պատիժ կրող Օջալանին, բայց որևէ տեղեկություն չկա, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Իրավիճակի մասին ենթադրություն անելու տեղիք է տվել «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Բահչելիի հայտարարությունը: Նա ասել է, որ իշխանությունը «հանցագործներին ներելու խոստում չի տվել»,- ինչից հասկացվում է, որ Օջալանի պատիժը թեթևացնելու կամ փոխելու հարցը մտել է փակուղի:

Այս ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը վարկանիշային ծանր հարված է ստացել Իրաքի «Քրդական ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Մասուդ Բարզանիից: Օրերս նա այցելել է Թուրքիայի Շիրնակ բնակավայր, որտեղ նրա անվտանգությունն ապահովել են քուրդ զինվորականներ:

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին Բարզանիի այդ քայլը որակել է «Թուրքիայի ինքնիշխանությանը և միջազգային հեղինակությանը հասցված ապտակ»:

Նույն օրը կառավարության նիստի ավարտին դիմելով Թուրքիայի քաղաքացիներին, Էրդողանը «Թուրքիան առանց ահաբեկչության» նախաձեռնությունը համարել է Եվրամիությանն անդամակցության նախապայման: Քրդերը, երևում է, այդքան հեշտ չեն ընդունում Էրդողանի նախաձեռնությունը:

Նրանք պահանջում են Օջալանին ազատ արձակել եւ սահմանադրությամբ ճանաչել իրենց ազգային և քաղաքական ինքնությունը: Ընդդիմադիր ԺՀԿ-ն քրդերի հետ հաշտության գործընթացին չի մասնակցում:

Մեկշաբաթյա ժամանակահատվածում Էրդողանը վարկանիշային երկու պարտություն է կրել, որ Թուրքիայի համար կարող են որոշիչ լինել: