12/12/2025

Զգո՛ւյշ եղեք, տիկնայք ու պարոնայք, որ հանկարծ Հերովդես չդառնաք․ Բաց նամակ ․․․

Լեզու ունես, գիր ունես, գրականություն ունես, ուրեմն` ինքնություն ունես։ Իսկ այսօր, ահա՛, փակում են գրականության շտեմարան-պահոցներից եւս մեկը` «Գրեթերթը»։

Քանի՜ երիտասարդի համար է ինքնարտահայտվելու հարթակ եղել, գրական ճանապարհ հարթել, քանիսի՜ն է ասպարեզ մտցրել ու բարձրացրել… մինչեւ այն դռան շեմը, որից ներս մտնելով` հիմա ոմանք վճռում են «Գրեթերթի» լինել-չլինելու հարցը։

Եվ կարծես վճռական են չլինելու հարցում։ Պարոնա՛յք եւ տիկնա՛յք, հարգարժաննե՛ր, գրի եւ գրականության դեմ սուր ճոճելը հարգի չէ։ Գրականության աշխարհի մարդիկ ոչ մի կառավարողի օրոք էլ միակարծիք չեն եղել իշխող կարգերի ու կառավարողների հետ։ Մեզ բազմակարծությունն է հատուկ, «անտեսակետ Փիլո» լինելը մերը չէ։

Եվ գրադաշտն այն տեղը չէ, որտեղ «ով մեզ հետ չէ»-ն պարտադիր մեր դեմ լինելն է։ Այստեղ տարակարծությունն ու ընդդիմությունը միշտ հանուն-ի են։ Զորօրինակ՝ հանուն բազմակարծության, որը ժողովրդավարական երկիրս հայոց ու նրա պետպաշտոնյաները, թվում էր, կրծքով պիտի պաշտպանեն։ Եթե ոչ հանուն գրականության, գոնե հանուն իրենց, որ ժողովրդավարության բաստիոնի ժողկառավարություն է կոչվում` յուր միավորված ԿԳՄՍՆ-ով։

ՀԳ. ԱԺ ամբիոնից մի ելույթի ժամանակ ԿԳ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն (օրվա կառավարության աշխատակազմի ղեկավարը) ասաց․ «Այն ժամանակ ես ԿԳ նախարար էի, ՄՍ-ն դեռ չկար»։ Չլինի՞ կառավարական կաբինետներում պատասխանատու որոշումներ կայացնողները ՄՍ-ն մսի տեղ են դրել, ու «գերակշռում-թերակշռումների» արդյունքում միավորված (իմա` աներեւույթ դարձած) մշակույթի նախարարության պես հիմա էլ արդի հայ գրականության դարբնոցներից «Գրեթերթն» եք ուզում «արանքից հանել»։ Անարգ բաներ մի՛ արեք, պարոնա՛յք եւ տիկնա՛յք կառավարականներ։

ՀԳ. Երբ մշակույթի նախարարությունը կցվեց մյուս երեքին, «Մարգահովիտի Զորավիգ» իմ խմբագրած թերթում գրեցի «Փակել ՀՀ մշակույթի նախարարությունը նույնն է, թե Հիսուս մորթեր այն էշին, որի վրա նստած հասավ Երուսաղեմ» վերտառությամբ հոդվածը։

Թերթեր փակելով` այսօր կառավարողներն ավելի հեռուն են գնում։ Զգո՛ւյշ եղեք, տիկնայք ու պարոնայք, որ հանկարծ Հերովդես չդառնաք։ Զգո՛ւյշ եղեք, որ չնույնանաք գիր ու գրականությունը ճնշողներին։

Հովհաննես Սարդարյան; Արձակագիր