14/12/2025

«Գործարքի» ինչ-որ տարրեր Թրամփի և Պուտինի միջև համաձայնեցված չեն

Մայամիում սկսված բանակցությունները, որ Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովի հետ անցկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովը, կշարունակվեն նաև հաջորդ օրը:

Այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը: Երկօրյա քննարկումների արդյունքում «կողմերը համաձայնել են, որ ցանկացած համաձայնության ճանապարհի իրական արդյունքը կախված է երկարատև խաղաղության հասնելուն Ռուսաստանի պատրաստակամությունից՝ ներառյալ ապաէսկալացման և սպանություններին վերջ տալու քայլերը»:

Նախօրեին Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Ուշակովը Նյու-Դելիում լրագրողներին ասել է, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ, Մոսկվայում սպասում են ամերիկա-ուկրաինական բանակցությունների մասին Վաշինգտոնի ազդակին:

Նույն օրը Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը ՏԱՍՍ-ի թղթակցին մեկնաբանել է, որ եթե «հատուկ ռազմական գործողությամբ» առաջադրված նպատակներին չհաջողվի «հասնել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունները»:

Ըստ երևույթին, պաշտոնական Մոսկվան «փակ խողովակներով» տեղեկացված է Ուիթկով-Ումերով բանակցություններից: Պետական դեպարտամենտի հաղորդագրությունից ակնհայտորեն հետևում է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնել են ամենակարեւոր հարցում՝ որևէ քաղաքական համաձայնություն հնարավոր է միայն մարտական գործողությունների, ցամաքում, օդում և ծովում կրակի դադարեցման պայմաններում:

Տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առնվազն երկու անգամ կրակի դադարեցման «վերջնաժամկետ է սահմանել», բայց Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկությունը մերժել և շարունակում է մերժել:

Նյու-Դելիում նա ասել է, որ ռազմաճակատում նախաձեռնությունը մնում է Ռուսաստանի ձեռքում, որ նշանակում է մի բան. պատերազմը կշարունակվի, եթե Ուկրաինան չընդունի «խաղաղության» պայմանները:

Ուկրաինական կարգավորման շուրջ իրավիճակի կապակցությամբ միջազգային փորձագետներն արձանագրում են «դասական դիվանագիտության վախճանը»: Առաջարկվող ոչ մի տարբերակ, ըստ էության, իրավա-քաղաքական չէ:

Մոսկվան և Վաշինգտոնը չեն թաքցնում, որ խնդիր է դրված հասնել Ուկրաինայի մասին ռուս-ամերիկյան գործարքի, որի համար, թվում է, Դոնալդ Թրամփին խիստ անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:

Ռուսաստանի նախագահն առայժմ չի գնում այդ քայլին: «Գործարքի» ինչ-որ տարրեր, երևում է, Թրամփի և Պուտինի միջև համաձայնեցված չեն: