13/12/2025

Տիկին նախարարն ու Երևանի քաղաքապետը տեղյակ չեն, որ Երևանում այդպիսի անվամբ հուշարձան գոյություն չունի

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը գրում է․

ԿԳՄՍ-ն Երևանում նոր հուշարձան է հայտնաբերել

Դեկտեմբերի 5-ին ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է տեղադրվել «Կասկադ» համալիրի վերակառուցման վերաբերյալ, որի առաջին պարբերությունում նշված է.

«Թամանյան փողոց 10/1 հասցեի հողամասում՝ համալիրի Ա1 գոտում նախատեսվող «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի էսքիզային առաջարկով նախատեսվում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ»:

Տիկին նախարարն ու Երևանի քաղաքապետը տեղյակ չեն, որ Երևանում «Հաղթանակի 50-ամյակի հուշարձան», որպես այդպիսին, գոյություն չունի: Կասկադի վերին հատվածում գտնվող կոթողը կառուցվել է 1970 թվականին` Հայաստանի խորհրդային կարգեր հաստատելու 50-ամյակի կապակցությամբ:

Ի դեպ, Կասկադը նույնպես, հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի, այնպես ինչպես վանդալիստական գործողությունների թիրախ դարձած Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: