12/12/2025

Անթույլատրելի է ՀՀ քաղաքացիներից 50 հոգանոց խմբեր կազմելը, այլ է, եթե լրագրողների կամ փորձագետների խմբեր լիներ

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, մոտ 50 ՀՀ քաղաքացի հետը վերցրած, գնացել էր Կիրանց՝ թերեւս կատարելու իր խոստումը՝ ցույց տալու իր օրոք ձեռք բերված սպառազինությունը: Հիշեցնենք․ նոյեմբերի 8-ին նա գրառում էր արել՝ նախկին նախագահների հետ մերժված բանավեճի շրջանակում:

Հրապարակ թերթը գրել է․ «Լավ, բանավեճի չեք գալիս՝ չեք գալիս։ Եկեք տանեմ, ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը»։ Եվ առաջարկել էր 50 հոգանոց խմբեր ձեւավորել այն անձանցից, ովքեր կասկածում են, որ իրենք բանակի համար զենք են առել, խոստանալով տանել, ցույց տալ գնված զենքը, որը, իր իսկ խոսքով, գնվել է 14 միլիարդ դարձած պետական պարտքի հաշվին:

Եվ ահա, դեկտեմբերի 6-ին 50 հոգանոց խումբը հավաքած` գնացել է Կիրանց, որտեղ, ինչպես հաղորդում է կառավարությունը, «կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաեւ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը եւ տեխնիկան, ինչպես նաեւ՝ ինժեներական նորարարությունները»: Ովքե՞ր էին այդ 50 քաղաքացիները, որոնք ցանկություն էին հայտնել տեսնելու Հայաստանի նոր սպառազինությունը, արդյո՞ք եղել է քաղաքացիների 50 հոգանոց խումբ, որը վերջին ամսում դիմել է ՊՆ՝ Հայաստանի նոր ձեռք բերված սպառազինությունը տեսնելու խնդրանքով, ինչպե՞ս են կազմել երջանիկների այդ խումբը, չգիտենք: Պաշտպանության նախարարության խոսնակը հրաժարվեց մեր հարցին պատասխանել՝ պահանջելով գրավոր հարցում: Վարչապետի խոսնակը եւս, սովորույթի համաձայն, չպատասխանեց մեր զանգերին:

Կառավարության մեր աղբյուրից իմացանք, որ 50 հոգին դիմում է ոչ թե ՊՆ, այլ՝ հենց ՀՀ վարչապետին: «Նա տեսնում է, թե ովքեր են, ինչ են, եւ որոշում է ներգրավել քաղաքացուն այդ խմբերում»: Տեղեկացանք, որ այդ 50 քաղաքացիները, որոնք Փաշինյանի հետ գնացել էին Կիրանց, Կիրանցից չէին, այլ Կառավարման ակադեմիայի դասախոսներ էին եւ սաներ: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասում է. «Չգիտեմ, թե ոնց էին հավաքել, ճիշտն ասած: Այնտեղ դասախոսներ էին, ուսանողներ էին»:

Նա եւս ներկա է եղել Փաշինյանի կազմակերպած «էքսկուրսիային» դեպի Կիրանցի պատը, որը տեղաբնակներն անվանում են «լացի պատ»: Այնտեղ Փաշինյանը ճառ է ասել, պատմել, թե ինչ անվտանգ է Կիրանցում ապրելը: «Երբ սահմանազատման գործընթացը նոր էր մեկնարկել, շատ էին ասում, որ Կիրանց գյուղը դատարկվելու է, որ դպրոցը սահմանից տեղ-տեղ ընդամենը 50 մետր հեռու է, ճիշտ էին ասում՝ սա Կիրանցի դպրոցն է,- Փաշինյանը ձեռքերով ցույց է տալիս դեղին նորակառույց դպրոցը՝ 100 աշակերտի համար նախատեսված։- Թե բա՝ երեխեքի անվտանգությունը հնարավոր չի լինելու ապահովել: Արդեն մի տարի դաս են անում, ու Կիրանց գյուղի հետ կապված ոչ մի միջադեպ չի արձանագրվել»։ Վարչապետը փորձում էր համոզել, որ այսօր գյուղում ավելի շատ մարդ է ապրում, քան սահմանազատումից առաջ, բայց թվերը համոզիչ չեն հնչում: Մինչեւ սահմանազատումն այստեղ 90 տնտեսություն կար, հիմա 54 տուն կառուցվում է պետության աջակցությամբ, բայց մի մասը կիրանցեցիներին չի պատկանում:
Մոլի իշխանամետ Կամո Շահինյանը հաստատում է՝ ճիշտ է ասել վարչապետը: «Բնակչությունը մինչեւ սահմանազատումը եղել է մոտ 380 մարդ, բայց հիմա դարձել է 460: Նրանք բնակարանաշինարարության ծրագրով եկողներն են, դեռ ստեղ չեն ապրում, բայց հայտ են ներկայացրել: Սարքում են հիմա, կարծում եմ, էդ սարքված բնակարաններում 80 տոկոսը կապրի»,- ասում է Կիրանցի վարչական ղեկավարը:

Իսկ նոր սպառազինությունը ձեզ ցույց տվեցի՞ն, մարդիկ պետք է նոր զինատեսակնե՞ր տեսնեին, թե՞ դպրոցն ու վերականգնված եկեղեցին: «Այո, այդ ամեն ինչը եղավ»,- կարճ կապեց Շահինյանը:

«Հրապարակ». Լայն հասանելիություն սպառազինությա՞նը, թե՞ Նիկոլի հերթական բլեֆը

Բայց ինչպե՞ս հավատանք, որ «պատարագի» այս զանգվածն իրոք ժամանակակից զինատեսակներ է տեսել, գուցե վարչապետի հերթական բլե՞ֆն էր: Նոյեմբերի 13-ին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում «ՀՀ 2026 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման իր եզրափակիչ ելույթում խոսելով արտաքին պարտքի մեծացման պատճառների մասին, ասել էր. «Ընդդիմությունը մեզ մեղադրում է՝ ասելով, թե ինչու է պարտքը հասել 8 միլիարդ դոլարի (խոսքն արտաքին պարտքի մասին է, մի այդքան էլ ներքին պարտք ունի Փաշինյանի կառավարությունը` Ս. Ս.)։ Ի՞նչ եք արել։ Ես չէի ուզում ասել, բայց կասեմ՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք առել։ Այո՛, պարտքով ենք առել, որովհետեւ մեզ միանգամից շատ զենք էր պետք»: Անգամ խոստացել էր այդ զենքերի գնապիտակները ցույց տալ:

Մինչդեռ տնտեսագետներն անմիջապես բացահայտեցին, որ արտաքին պարտքը` վարկերը, մեր երկրին տրվում են հստակ ծրագրերի համար, հնարավո՞ր է այն այլ նպատակներով օգտագործել: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը պատասխանում է. «Եթե խոսում ենք շուրջ 8 մլրդ գումարի մասին, որն այս իշխանությունն է ներգրավել 7,5 տարում, ապա եթե նույնիսկ դրա նվազ չափով ինչ-ոբան հնարավոր է անել, դա կարող է լինել մաքսիմում դրա մի 7-8 տոկոսը, որովհետեւ որ վարկային համաձայնագիրը գալիս է խորհրդարան, բացվածքով է գալիս, հիմնականը գնում է Հյուսիս-Հարավի, տարբեր ճանապարհային ծրագրերի վրա, հետո այդ հիմնական ծրագրերը որ գալիս են, դու չես կարող դրանցով վերցնես, օրինակ, թոշակ բաժանես: Այսինքն, տեսականորեն կարող է դա չնչին գումար լինի, բայց բացառում եմ, որ այդ 8 մլրդ-ից, ասենք, զենքի վրա դրած լինեն»:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ առաջարկել են իրենց խմբակցության պատգամավորներին՝ ներգրավվել սպառազինություն դիտողների շարքում: «Իրենց հայտարարության համաձայն` 50 հոգանոց խմբերով կարող են դիմում ներկայացնել կառավարություն, համապատասխան կոնտակտները ներկայացնել, ու դրա հիման վրա կարող է որոշում կայացվել այդ մարդկանց մասնակցությունը սպառազինության դիտումներին: ՊՆ ներկայացուցիչն իմ եւ մեր մյուս գործընկեր ֆրակցիային առաջարկել է մասնակցել, բայց ես մեր դեպքում Հանրապետական ֆրակցիայի մյուս գործընկերներին ասել եմ, որ 50 հոգանոց խմբեր հասկացությունն ինձ համար հասկանալի չէ: Իմ պատկերացմամբ, դա պետք է լինի, ասենք, ընդդիմադիր պատգամավորների այցելությունը միասին, ովքեր կցանկանան: Առաջին հայացքից փոխըմբռնում եղել է, բայց դրանից հետո իրենք ասում են, թե ընդդիմությունը հրաժարվում է գնալ»:

Աբրահամյանն անթույլատրելի է համարում ՀՀ քաղաքացիներից 50 հոգանոց խմբեր կազմելը: Նա կհասկանար, եթե խոսքը լրագրողների կամ փորձագետների մասին լիներ, բայց «լայն հասանելիության ապահովումը սպառազինությանը՝ անվտանգության տեսանկյունից մի քիչ խոցելի եմ համարում»,- ասում է պատգամավորը: