13/12/2025

Թուրքիան ներխուժել է Սիրիա, ինչպե՞ս կազդի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա

Թուրքական մամուլը հայտնում է Թուրքիայի զինված ուժերի միանգամից երեք զորախմբերի Սիրիայի տարածք մտնելու մասին: Փորձագետները կանխատեսում են, որ հիմնական նպատակը Մանջիբ քաղաքի «ազատագրումն է»:

Դեկտեմբերի 7-ին Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական փաստացի իշխանությունները հայտարարել են, որ Բաշար Ասադի վարչակազմի տապալման տարեդարձին նվիրված տոնական արարողություններ չեն անցկացնի:

Նույն օրը Դամասկոս է մեկնել Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Սելչուկ Բայրաքտարօղլուն: Նա հանդիպում է ունեցել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրաֆ Աբու Քասրայի և ԶՈՒ ԳՇ պետ Ալի Նուրետին Նասրայի հետ:

Սիրիայի հյուսիս-արեւելքում փաստացի իշխանություն է իրականացնում քրդական «ինքնավարությունը»: Այս տարվա մարտին Դամասկոսի անցումային կառավարությունը քրդական ուժերի հետ եկել է համաձայնության, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» միավորվում են միասնական զինված ուժերին:

Գործընթացը, սակայն, զարգացում չի ունեցել: Քրդերը համաձայն եմ Սիրիայի զինված ուժերին մաս կազմել, եթե պահպանվում է «ՍԺՈՒ»-ի կառուցվածքը և ինքնուրույն հրամանատարությունը:

Իրավիճակի հնարավոր կարգավորման նպատակով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը հանդիպել է «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդ Օջալանի հետ:

Չնայած դրան նախորդած քարոզչությանը, բանակցությունների արդյունքի մասին ոչինչ չի հանրայնացվում: Կարելի է ենթադրել, որ Օջալանը հրաժարվել է կոչով դիմել Սիրիայի քրդերին, որպեսզի նրանք զենքը ցած դնեն:

Վերջին օրերին թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Բաշար Ասադի եղբայր Մահերը եւ մի քանի այլ մերձավորներ «հավաքագրում են հիսուն հազարանոց բանակ, որպեսզի ապստամբեն և Սիրիայից անջատեն Լաթաքիան»:

Այդ շրջանը ալևիների հայրենիքն է, որտեղ Բաշար Ասադի հեղինակությունը շարունակում է բարձր մնալ: Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս ակնարկել է, որ Սիրիան մասնատելու փորձերը հաջողություն չեն ունենա:

Երևում է, Սիրիայում գերիշխանություն հաստատելու դիվանագիտական ջանքերը Թուրքիային հաջողություն չեն բերել, և Էրդողանը որոշել է գործի դնել «քրդական ահաբեկչությանը» ռազմական ճանապարհով վերջ տալու ծրագրի իրականացմանը:

Ուշագրավ է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղաբաշխված է ամերիկյան սահմանափակ զորախումբ: Արդյոք Սիրիա թուրքական ներխուժումը համաձայնեցվա՞ծ է Վաշինգտոնի հետ:

Թուրքիայի ներքաղաքական կացությունը, նրա տարածաշրջանային քաղաքականությունը չի կարող չանդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: Տեղեկություններ կան, որ Թուրքիան առաջիկա ամիսներին կարող է բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը:

Եթե Սիրիայում և Մերձավոր Արևելքում Էրդողանը բախվի լուրջ բարդությունների, ապա դա ինչպե՞ս կազդի Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին: Բացառված չէ, որ Սիրիայում կարող են բախվել թուրքական և իսրայելական ուժերը: