ԱՄՆ-ը հրապարակել է ազգային անվտանգության նոր հայեցակարգը: Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալության գնահատմամբ, այն ամենից առաջ ենթադրում է Եվրոպայում ռազմավարական կայունությունը «վերականգնել Ռուսաստանի հետ»:
Ընդ որում, ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթն ընդգծում է, որ «ԱՄՆ-ը եվրոպացիների հետ ուկրաինական կարգավորման ոչ իրատեսական սպասումների հարցում տարաձայնություններ ունի»:
Ընդգծվում է, որ Եվրամիությունը մարտական գործողությունների շարունակման հետ «հույսեր է կապում և ոտնահարում ժողովրդավարության հիմնական սկզբունքները՝ ճնշելով ընդդիմությանը, և Վաշինգտոնը մտադիր է ընդդիմանալ դրան»:
Գործակալության խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ ազգային անվտանգության նոր հայեցակարգը, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այնտեղ խոսվում է Ռուսաստանի հետ «իրատեսական և գործնական հարաբերություններ հաստատելու մասին, դա չի կարող ընդունելի չլինել»:
Պեսկովի կարծիքով, այդ մոտեցումը համընկնում է հարաբերությունների մասին Ռուսաստանի պատկերացումներին:
Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե ԱՄՆ հաջորդ վարչակազմը կարող է այլ դիրքորոշում ունենալ, Պեսկովն արձագանքել է: «Ներկայումս դա ոչ ոք կանխատեսել չի կարող: Նա կարևոր է տեսնում, որ առկա տարըմբռնումների հաղթահարումը «համագործակցության մեծ հնարավորություններ է ստեղծում երկու կողմերի համար»:
ԱՄՆ- Եվրամիության տարաձայնությունների արձանագրումն, ինչ խոսք, չի կարող Ռուսաստանի համար ոչ միայն ընդունելի, այլեւ շատ հաճելի լինել: Ուկրաինայում պատերազմը սկսվել է հավաքական Արեւմուտքին ռազմավարական պարտություն մատնելու նպատակով, իսկ Միացյալ Նահանգների և Եվրոպայի դիրքորոշումների տարբերությունն արդեն իսկ Պուտինի կարեւոր ձեռքբերումն է:
Բայց դա, որքանով հասկացվում է Պեսկովի դիտարկումներից, դեռևս իրական հաջողություն չէ: Ռուսաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի հետ տեսակետների ընդհանրությունը վերածել, այսպես ասած՝ «համատեղ բիզնես-ծրագրի»:
Դա թույլ կտա վերականգնել և որոշակի առումով արդիականացնել Ռուսաստանի տնտեսությունը, այդ թվում՝ ռազմաարդյունաբերական համալիրը, որ ամենաշատն ունի ամերիկյան տեխնոլոգիաների կարիքը:
Ըստ երևույթին, Մոսկվայում հաշվարկված է, որ Եվրոպայում «մեծ պատերազմն անխուսափելի է», դրան լրջորեն նախապատրաստվելու համար Ռուսաստանը պետք է ժամանակ շահի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ ստեղծի մրցունակ ռազմական ուժեր, կազմավորի լիովին պրոֆեսիոնալ բանակ:
Ո՞րն է այստեղ ԱՄՆ աշխարհաքաղաքական շահը, դժվար է դատել: Հավանական է, Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Ռուսաստանը հզորացնել՝ ի հակակշիռ Չինաստանի:






Բաց մի թողեք
Ալիևը որոշակի ակնկալիքներ ունի՝ փախստականներին Հայաստան վերադարձնելու հարցում
Ալիևյան քարոզչության սադրանք է, զգույշ եղեք
Ինչ-որ պահի Հայաստանը պետք է վերջնական որոշում կայացնի ԵԱՏՄ և ԵՄ միջև