Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների 50 հոգանոց խումբ էր էքսկուրսիա տարել Կիրանց։ Նախորդ անգամ նա Հանրային խորհրդի անդամներին էր Կիրանց տարել` էքսկուրսիայի։
Հրապարակ թերթը գրել է․ Բարձրախոսը ձեռքին, անցյալ դարի 60-70-ական թվականների գյուղական ինտելիգենտի ցիլինդրը գլխին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց ցուցադրել է սահմանազատման անվան տակ 2024 թվականին Կիրանցի հողերը հանձնելուց հետո նորահայտ սահման դարձած այդ պատը, որով հպարտանում է եւ իր մեծ ձեռքբերումն է համարում։
Նա կանգնել է տարածքներ հանձնելու խորհրդանիշ դարձած այդ պատի տակ եւ հայտարարել․ «Մեկ տարի ոչ մի միջադեպ չի եղել, ավելին, սահմանազատումից հետո իքս պահի հայ եւ ադրբեջանցի սահմանապահները դուրս են եկել խրամատներից, այսինքն՝ միմյանց տեսանելի են։
Ապա երկրորդ փուլով հանել են սաղավարտներն ու զրահաբաճկոնները, երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատների վրա պահունակներ չեն լինի հիմա։ Հիմա ես այստեղ կանգնած եմ ու ոչ մի մտավախություն չունեմ»։
Բայց հարց է ծագում` Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ պետք է որեւէ մտավախություն ունենա, նա փուլ առ փուլ կատարում է Ադրբեջանի պահանջները, Ադրբեջանը հիմա ինչո՞ւ պետք է սահմանագոտում նախահարձակ լինի։ Իսկ եթե հարձակման անցնի, ո՛չ Կիրանցի պատը, ո՛չ դրա շարունակություն հանդիսացող, շերտավարագույրի նմանվող մետաղաթիթեղյա ցանկապատը, ո՛չ էլ սահմանագոտում փռված փշալարը չեն կարող Կիրանց գյուղի անվտանգությունն ապահովել։
Կիրանցում Փաշինյանը նաեւ ասել է․ «Հիմա արդեն Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղով ապրանքներ են գալիս, շուտով ուրիշ ապրանքներ կգան, Հայաստանից կգնան: Կիրանցը խաղաղ գյուղ է: Կիրանցը սահմանազատումից հետո 50%-ով աճել է»։
Սակայն բոլորին հայտնի է, որ Ադրբեջանից երկաթուղով Հայաստան ապրանքներ չեն գալիս, մի անգամ ընդամենը Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն է մտել Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան, որը, հետագայում պարզվեց, անգամ անասուններին կարող է վնասել, եւ որի մեծ մասն օղի թորելու համար օգտագործվեց։ Կիրանցից 25 կիլոմետր հեռավորությամբ երկաթգիծը Հայաստանից հասնում է Ադրբեջան։ 35 տարի չգործող այդ երկաթգծի վերականգնման աշխատանքներից հետո նաեւ Իջեւան-Ղազախ ավտոճանապարհը կարելի էր վերագործարկել, որը Հայաստանի համար կարող էր եկամտաբեր լինել:
Եվ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն հաստատելու եւ հաղորդակցության ուղիները բացելու մտադրություն ունենար, ապա պետք է հենց այս երկաթուղուց եւ ավտոճանապարհից սկսեին, ոչ թե Մեղրիի հատվածում երկարաժամկետ եւ մեծ ներդրումներ պահանջող միջանցքից։
Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Կիրանցը 50 տոկսով աճել է: Ի՞նչ է նկատի ունեցել նման բան ասելով։ 2024 թվականին ապօրինի կերպով, միակողմանի ձեւով Կիրանց գյուղից 15 հեկտար հող է հանձնել Ադրբեջանին, այդ պատճառով գյուղի արոտավայրերը նվազել են։ Դրա հետեւանքով 40 տոկոսով նվազել է Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը։ Սահմանազատման անվան տակ հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցում խիստ նվազել են նաեւ աշնանացանի հեկտարները։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան ցորեն, սահմանազատումից, հողերը հանձնելուց հետո, 2025-ին՝ 6,8 հեկտար։
2025-ի աշունն ավարտվեց, Կիրանցում աշնանացան ցորեն ընդհանրապես չի ցանվել։ Կիրանցի բնակիչները մեզ հայտնեցին, որ աշնանացանի համար մոտ 10 հեկտար վար է արվել, սակայն ցանվել է ընդամենը 1 հեկտար գարի։ Այս տարի գործում է աշնանացան ցորենի մշակությանն աջակցության պետական ծրագիր, որով մշակվող ամեն հեկտար աշնանացանի դեպքում մշակողին տրվում է 80 հազար դրամ աջակցություն։ Սակայն այդ օգնությունը հատկացվում է միայն պետական հավաստագիր ունեցող ցորեն ցանելու դեպքում։ Կիրանցի բնակիչները սպասում են պետական հավաստագրով ցորենին։ Սակայն աշունը՝ աշնանացանի համար լավագույն ժամանակն ավարտվել է, ձմռանը ցանված ցորենը կարող է չծլել կամ էլ թերաճ լինելով՝ ցրտահարվել։ Այդ խնդրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր տեղեկանալ, եթե դուրս գար էքսկուրսավարի դերից եւ, որպես կառավարության ղեկավար, հանդիպեր Կիրանցի բնակիչների հետ, գյուղացիներից լսեր նրանց հիմնախնդիրների մասին, բայց չի արել։
Պետական աջակցությամբ, վարկային ծրագրով 16 կամ 21 միլիոն դրամ արժեքով Կիրանցում 54 տուն է կառուցվում, սակայն դրանցից միայն 2-3-ում են այժմ ընտանիքներ բնակվում, մյուսների շինարարությունն ընթացքի մեջ է։
Այդ տներից 7-8-ն էլ պատկանում է վարկային այդ ծրագրից օգտվող բանկերի պաշտոնյաներին, որոնք Կիրանցի հետ առնչություններ չունեն։ Այդ թաղամասերը, որտեղ նշված տներն են, Կիրանցում անվանում են «բանկիրների թաղ»։ Ուրեմն՝ Կիրանցն ինչպե՞ս է աճել 50 տոկոսով։






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում