12/12/2025

Մտածեցի՝ կգնամ սրբազանների խուց, կծանոթանամ նաեւ իմ հավանական ճակատագրի, ինձ սպասվող ապագայի հետ

Հրապարակ թերթի հարցազրույցը նախկին ՔՊ-ական, ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանի հետ

– Պարոն Աղազարյան, օրեր առաջ հանդիպել եք ԱԱԾ մեկուսարանում պահվող սրբազանների հետ եւ անգամ Ձեր գիրքն եք նվիրել նրանց։ Վաղո՞ւց եք նրանց այցելում եւ ինչո՞ւ: Դուք չէիք թաքցնում, որ անհավատ եք, ու ժամանակին էլ քննադատում էիք Սրբազան շարժումը, ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք սրբազաններին այցելել։

– Սրբազաններին, մասնավորապես Միքայել Աջապահյանին, սկսել եմ այցելել վաղուց՝ պայմանավորված այն հանգամանքով նաեւ, որ իմպիչմենտի գործընթացում վարչապետի մեր թեկնածուն նա էր՝ Էդմոն Մարուքյանի առաջարկությամբ։ Ուզում էի նախ Սրբազանի որպիսությունն իմանայի, հետո, թե ինչու մերժեց իր թեկնածությունն առաջադրել, հետո այլ բաներ հարցնելու համար եմ այցելել: Երրորդ անգամ արդեն այցելել եմ իրեն եւ Բագրատ սրբազանին, որովհետեւ ինքն ու Բագրատ սրբազանը, ինչպես գիտեք, նույն սենյակում են, ես՝ ինքս գտա, որ սիրուն չէ իմ կողմից այցելել միայն Աջապահյանին եւ չտեսնել Բագրատ սրբազանին, հատկապես որ նրա վրայից հանվել է տեսակցության արգելքը։

Մտածեցի՝ կգնամ սրբազանների խուց, կծանոթանամ նաեւ իմ հավանական ճակատագրի, ինձ սպասվող ապագայի հետ կապված վայրին, բայց այս անգամ էլ խուց չգնացի, հանդիպումը կայացավ հատկացված այլ սենյակում, որովհետեւ նրանց սենյակ էին բերել Արշակ սրբազանին, որին արգելվում է տեսակցությունը։

– Ինչո՞ւ եք մտածում, որ Ձեր ապագա կեցավայրն էլ է ԱԱԾ մեկուսարանը լինելու։

– Կատակում եմ։

– Իրենք չե՞ն զարմանում, որ Ձեզ պես աթեիստն այցելում է հոգեւորականներին, եւ ինչպե՞ս ընդունեց Ձեզ Բագրատ սրբազանը` Դուք իր հասցեին կոշտ քննադատություն հնչեցնողներից էիք։

– Բագրատ սրբազանը նեղացած էր ինձնից, որովհետեւ ես իրեն անվանել էի տերտեր Գապոն։ Ինձ ասաց, որ հակասության մեջ են իմ նախկին եւ ներկայիս դիրքորոշումները, ես ասացի՝ ոչ, որովհետեւ 2024 թվականի հունիսի 12-ի՝ Ձեր հայտնի հանրահավաքի օրը եւ ժամը ես նախապես՝ 20 օր առաջ կանխատեսել էի․․․ ասացի, որ այնտեղ ուրիշ բաներ էին տեղի ունենում, չեմ ասում՝ Ձեր գլխավորությամբ, բայց այնտեղ կային ուժեր, որոնք կմտնեին խորհրդարան, եւ խորհրդարանում շատ վատ բաներ տեղի կունենային․․․ Միեւնույն ժամանակ ավելացրի, որ հիմա ինչ տեղի է ունենում իր եւ իր շրջապատի հետ, կապիկություն է, որովհետեւ ինձ համար անընդունելի է, որ Ձեր մակարդակի մարդը կարող էր այդպիսի հիմար ծրագրով գալ իշխանության, որովհետեւ, Աստված չանի, հաջողելու դեպքում ի՞նչ պիտի անեիք, աշխարհը ձեզ հետ չէր շփվի, հետեւաբար, սա կապիկություն է, սարքած բան, դրա համար ես հակասություն չեմ գտնում իմ պահվածքի մեջ: Հա, ասեցի նաեւ Կանադայի քաղաքացիության պահը, որ ինքը չէր կարեւորում, ինձ համար շատ անընդունելի էր․ ես պայքարում եմ ցանկացած մեկի դեմ, որը Սահմանադրության հետ խնդիր ունի, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի դեմ եմ պայքարում, որը Սահմանադրության, մասնավորապես եկեղեցու հետ կապված խնդիր ունի եւ ասպատակում է այն։ Բայց, այդուհանդերձ, ասացի, որ եթե իրեն վիրավորել եմ, մարդկային իմաստով ներողություն եմ խնդրում: Ես հասկացա, որ իմ ներողությունն ընդունեց։

– Դուք աթեիստ եք․․․

– Աթեիստ չեմ` անհավատ եմ, դրանք տարբեր բաներ են, մեր զրույցի ընթացքում, օրինակ, մանրամասն հետաքրքրվել եմ եկեղեցու կառուցվածքով՝ որքան եպիսկոպոս կա, ուզում էի իմանալ՝ պատարագները որ արվում են, ինչ սկզբունքով են արվում, կանոնակարգված են, թե ոչ, նման բազում հարցեր։

– Իսկ սրբազանների մոտ ի՞նչ տրամադրություն է՝ իրենք ի՞նչ են կարծում այս արշավի մասին, կարծում են՝ հաղթող-պարտվող կո՞ղմ է լինելու, ընդհանրապես, ի՞նչ հանգուցալուծում են պատկերացնում։

– Ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցին մաքրելն է, չնայած ակամայից մաքրում էլ է, այդպիսի սողուններին ջրի երես է հանում։

– Նկատի ունեք Վեհափառին դավաճանած, իրեն միացածների՞ն՝ Կճոյան եւ մյուսներ։

– Այո, այո, բայցեւայնպես, իր նպատակը ոչ թե եկեղեցին մաքրելն է, ոչ էլ կաթողիկոսին փոխելը, այլ առճակատման արդյունքում հայաստանյան առաքելական եկեղեցի ստեղծելը, որը պետք է դառնա իր ցնորական գաղափարի՝ չորրորդ հանրապետության անկյունաքարերից մեկը։ Դա է իր իրական նպատակը։ Սրբազանները ոնց որ թե համաձայնեցին իմ այդ կարծիքին, եւ, հետեւաբար, ես կարծում եմ, որ Գարեգին վեհափառն իրեն պահում է իսկական վեհափառի նման։ Ես, օրինակ, անհանգստություններ ունեի տասի հետ կապված, բայց իրենք ասացին, որ 57 եպիսկոպոսի մեջ 10-ը որակ չի կազմում։ Իրենց հարց տվեցի, թե այդ տասից որ մեկի մասին մի հինգ տարի առաջ կարող էիք մտածել, որ նման պահվածք կդրսեւորի, ասացին՝ ոչ մեկի, որ իրենց համար խիստ անսպասելի է եղել։

– Ինչո՞ւ։

– Որովհետեւ մոլեռանդ պաշտպանել են կաթողիկոսին եւ նրա միջոցով են հասել այնտեղ, որտեղ հասել են։ Իրենք էլ իմ վրա էին զարմացել, որ ես այդքան հավատարիմ էի Նիկոլ Փաշինյանին` ինչու իմ հանդեպ նման վերաբերմունք դրսեւորվեց։ Ասացի, որ վարչապետը նպատակին հասնելու համար միջոցների առաջ կանգ չի առնում, ինձ ոչնչացնելու փորձով մյուսներին կարգի էր հրավիրում, այդ իմաստով բավականին կուռ թիմ է սարքել, եւ առաջիկա ընտրություններին թիմն ավելի շատ է պայքարելու, քան ինքը: Միեւնույն ժամանակ այդ կուռ թիմի շաղախն ամուր չի, որովհետեւ ստի, կեղծիքի ու կոմպրոմատների շաղախով է սարքված ու ցանկացած պահի, համապատասխան ազդակների դեպքում, փշրանքների է վերածվելու։