«Հրապարակի» զրուցակիցը Տեր Նշան քահանա Պանֆյորովն է:
– Կիրակի օրը Գյումրիում հերթական թամաշան տեղի ունեցավ: Այնքան նողկալի տեսարան էր, երբ եկեղեցու բակում ծափահարում էին, սուլում: Տպավորություն է, թե անգամ որոշ իշխանականներ են զզվանք ապրում այդ եղկելի տեսարանից: Ասում են` պատմության մեջ առաջին անգամ Յոթ վերք եկեղեցու դռները փակվեցին Նիկոլ Փաշինյանի ժամանակ, առաջին անգամ հոգեւորականները դուրս եկան, եւ դուռը դրսից ԱԱԾ-ի կողմից կողպվեց: Սրանում անգամ չարագուշակ բան կա, բայց այս իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Հիշո՞ւմ եք, որ երբեւէ նման բան տեղի ունեցած լիներ:
– Ես նման բան առաջին անգամ էի տեսնում, համենայնդեպս, իմ հիշողության մեջ չկար նման դրվագ: Իմ գնահատականը հետեւյալն է, որ տեղի ունեցողը շատ սխալ է: Չի կարելի նման ձեւով պատարագ կազմակերպել: Ո՞նց կարող է այլ թեմի հոգեւորականը, առանց Շիրակի թեմի թույլտվության, գա եւ պատարագ մատուցի: Ես նման բան չեմ հիշում:
– Իշխանականներն ասում են, որ այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, միշտ էլ տարբեր թեմերից կարող են պատարագներ մատուցել` տարբեր եկեղեցիներում:
– Դե գիտեք, ցանկացած քահանա էլ կարող է պատարագի գնալ ցանկացած տեղ, խնդիրը գնալու մեջ չէ, խնդիրը թույլտվության մեջ է: Պետք է թույլտվություն վերցնել թեմական առաջնորդից:
– Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին զարմացրել է հասարակությանը: Ասել է, որ եկեղեցիներում պետք է Հայաստանի դրոշը տեղադրել, ապա պատարագների ժամանակ հնչեցնել ՀՀ օրհներգը: Ի՞նչ կասեք` նման քայլն ի՞նչ կնշանակի:
– Այդ ամենի տողակատում նորից եկեղեցին եւ պետությունն իրար հավասար հարթության մեջ դնելն է, բայց նորից պետք է կրկնել, որ, ըստ Սահմանադրության, եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են, այնպես որ, չարժե այդ մարդու ամեն մի խոսքին արձագանքել: Մարդ է, մի բան է ասում, հո նրա ամեն մի խոսքը ճշմարտություն չէ:

– Բայց պատկերացնո՞ւմ եք, որ նման բան արվի:
– Անպատկերացնելի է, բայց իրենից ամեն ինչ սպասում եմ…. եթե մտածում է նման բան, գուցե անի: Բայց, ինչպես իրենք են սիրում ասել, պարզապես միտք է արտահայտել…. հուսանք, որ այդ միտքն իրականություն չի դառնա:
– Ամեն կիրակի ինչ-որ մի եկեղեցու բակում ՔՊ-ի աջակիցները պատարագը շուկայի են վերածում` սուլում, բղավում, կռվում, հայհոյում, իրար քաշքշում, ծափահարում: Կողքից երբ նայում եք այս ամենին, ի՞նչ զգացողություններ եք ունենում:
– Եկեղեցին աղոթքի տուն է, որտեղ գալիս են աղոթելու, պատարագի մասնակցելու, առանց ավելորդությունների: Իրենք իբր գալիս են աղոթքի, չէ՞: Պատարագն ամենասուրբ արարողությունն է, եկեղեցի մտնելիս մարդու աչքին առաջինը զարնում է խորանը: Այն հավատացյալ մարդու համար խիստ կարեւոր է, հետեւաբար՝ պատարագի պետք է գնալ պատարագի համար: Չի կարելի մարդուն եկեղեցում կուռքացնել: Չի կարելի ծափահարել եկեղեցում: Մենք ունենք քույր եկեղեցիներ, որտեղ ինչ-ինչ առիթներով լինում են ծափահարություններ, բայց երբեք չեն լինում ծափեր՝ ուղղված մարդուն, դրանք ուղղված են լինում Աստծուն:
– Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվեց: Իշխանականները չարախնդում են, որ իրենք հաղթեցին, որ Վեհափառի մոտ չի ստացվում կոնսոլիդացնել հոգեւորականներին, եպիսկոպոսներին, եւ հանրության մեջ նման տեսակետ կա, որ եկեղեցականները նույնպես պառակտվում են, եւ այդ պատճառով է հետաձգվել ժողովը:
– Չի կարող նման բան լինել: Ցանկացած մեկին էլ, որը եկեղեցու օրենք է խախտել, կարող են կարգալույծ անել` առանց որեւիցե ժողովի: Կան եկեղեցական սխալներ, որոնք ներելի չեն, անգամ իրավական դաշտում կարող են լինել, ուստի ցանկացած հոգեւորականի կարող են առանցԵպիսկոպոսաց ժողովի կարգալույծ անել եւ հեռացնել եկեղեցուց: Եկեղեցին ունի կանոններ եւ կառույցներ:
– Իսկ ինչպե՞ս են կարգալույծ անում: Օրինակ` այդ տասը եպիսկոպոսներին ինչպե՞ս կարող են կարգալույծ հռչակել:
– Դա գտնվում է կաթողիկոսի որոշման տիրույթում, նա պետք է կայացնի այդ որոշումը: Եպիսկոպոսների ժողովը, կրկնում եմ, ոչ մի կապ չունի դրա հետ: Այդ ժողովը, դեռ հակառակը` այս անկանոն վիճակը քննարկելու համար է:
– Հնարավո՞ր է, որ դավաճանական այս վիրուսը եկեղեցում տարածում գտնի, եւ էլի որոշ հոգեւորականներ անցնեն իշխանությունների կողմը:
– Գիտեք ինչ, ամեն ինչ էլ այս աշխարհում հնարավոր է, բայց եթե, Աստված մի արասցե, նման բան լինի, ամեն դեպքում ինձ թվում է, որ եկեղեցին մնալու է նույն դիրքերում: Հայրապետը մնալու է իր գահին: Նա չի պատրաստվում հեռանալ: Եվ ճիշտ էլ չի լինի, որ նա հեռանա…






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում