Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

Հռչակագրում, մասնավորապես, նշված է.
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ Կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին և սկզբունքներին։
Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները: Նրանք գոհունակությամբ նշում են Եվրոպական Միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր կապերն առավել ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ձգտումը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության, զարգացման համագործակցության, անվտանգության ոլորտի աջակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության հաստատված ձևաչափերի և նախաձեռնությունների կարևորությունը:


Կողմերը կիսում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ դրական գնահատականը և ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։ Կողմերը համակարծիք են, որ այդ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
Կողմերը հասել են հետևյալ փոխըմբռնմանը՝
1. Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում` չսահմանափակվելով, սակայն, դրանցով.
ա. Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն. նախարարությունների, գործակալությունների և դիվանագիտական առաքելությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ, բարձր մակարդակի փոխայցելություններ և թեմատիկ երկխոսություններ։
բ. Տնտեսական և առևտրային համագործակցություն. երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանում, համագործակցություն կենսաբազմազանության ոլորտում, այդ թվում՝ Երևանում անցկացվելիք «COP17»-ի համատեքստում, էներգետիկայի, կապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ոլորտներում։
գ. Զարգացում և կարողությունների ամրապնդում. շարունակական համագործակցություն՝ ի թիվս այլնի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի և վերապատրաստման նախաձեռնությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենսաբազմազանությունը և բնության պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը, լավ կառավարումը և մունիցիպալ զարգացումը, արդարադատությունը և սահմանադրական բարեփոխումները, օրենքի գերակայության խթանումը, համատեղ նախագծեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը:
դ. Մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. ակադեմիական գործընկերություններ և հետազոտական համագործակցություն, կրթաթոշակներ, քույր քաղաքներ, մշակութային փոխանակման միջոցառումներ և ծրագրեր, որոնք խթանում են փոխըմբռնումը, այդ թվում՝ երիտասարդության և սպորտի ոլորտում:
ե. Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն. համատեղ հետազոտական նախագծեր, համագործակցություն թվային փոխակերպման, զարգացող տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգերի ոլորտում։
զ. Անվտանգություն և պաշտպանություն. երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ներառյալ միջուկային անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցություն անվտանգության ոլորտի բարեփոխումների և ՄԱԿ-ի կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի հետ կապված գործողությունների ոլորտում, տեղեկության և լավագույն փորձի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

2. Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից: Կողմերը կարող են սահմանել և փոխադարձաբար որոշել համագործակցության լրացուցիչ ոլորտներ:

Այս համատեղ հռչակագիրը կարող է փոփոխվել ցանկացած պահի՝ երկու Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել այս համատեղ Հռչակագրով նախատեսվող համագործակցությունը: Այն պետք է գրավոր տեղեկացնի մյուս Կողմին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ»:
Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը։



Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը։
Վարչապետ Փաշինյանն ու դաշնային կանցլեր Մերցը կարևորել են վերջին շրջանում արձանագրված առևտրաշրջանառության ծավալների աճը՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ ավելի դինամիկ և առաջընթաց տեմպերով։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության զարգացման, անվտանգային համագործակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության խորացման կարևորությունը։
Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի՝ Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը։


Դաշնային կանցլեր Մերցը կարևորել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։




Քննարկում է ծավալվել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների և հեռանկարային օրակարգի շուրջ։


Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի