14/12/2025

Ի՞նչ երեսով կարող են Հայաստանի իշխանավորները խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Հրապարակ թերթը գրել է․ Մարդկության պատմությունը մարդու իրավունքների պաշտպանության համար մղված երկարուձիգ, փոփոխական հաջողությամբ ընթացող պայքարի ուղի է` մի բարձր ու անհաղթահարելի բարձունք, որը նվաճելու երազանք ունեն բոլոր հասարակությունները:

Բայց ազգերի մի մասն այդ բարձունքի ստորոտում է դեռ, մյուսներն ավելի վեր են բարձրացել, ոմանք նույնիսկ հասել են ալպիական մարգագետիններին, սակայն ոչ ոք գագաթին անգամ չի մոտեցել:

21-րդ դարի պատերազմները, համաշխարհային խառնաշփոթը, անարժան ու ոչ դեմոկրատ ղեկավարների հայտնվելը պետությունների ղեկին, մարդկությանը, ցավոք, բավականին հետ շպրտեցին ժողովրդավարության նվաճումներից:

Որոշ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Ասենք, ի՞նչ երեսով կարող են Հայաստանի իշխանավորները խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, երբ հասարակությունը բացարձակապես օտարված է երկրի կառավարումից, նրանից թաքցնում են ամեն ինչ, նա չի կարողանում ազդել իր կենսական շահերի հետ կապված որոշումների կայացման վրա:

Նրա կարծիքը հաշվի չեն առնում իր հավատքի հետ կապված հարցերում: Մեզանում մարդու իրավունքների պաշտպանության տարրական սաղմերը ոչնչացվեցին, երբ սկսեցին մարդկանց կալանավորել խոսքի համար:

Երբ մի անմեղ ու ոչինչ չասող արտահայտության համար բանտում հայտնվեց հայտնի բիզնեսմենը, երբ վարչապետի հրահանգով դատարանները սկսեցին կալանքի սանկցիաներ տալ:

Երբ 8 տարվա վաղեմության մի անհեթեթ մեղադրանքով բանտ ուղարկեցին բարձրաստիճան հոգեւորականին, մյուսին` ամիսներով գաղտնալսեցին, ձայնագրությունները մոնտաժեցին ու քաղաքական պայքարի նախապատրաստությունը որպես ահաբեկչության նախապատրաստություն ներկայացրին: