12/12/2025

Փաշինյանը Ադրբեջանի համար ճանապարհ է բացում Հայաստանում

Ադրբեջանի օրեցօր ավելացող պահանջները մերժելու, դիմադրելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը նախօրեին մի սենսացիոն «բարտեր» առաջարկեց՝ հընթացս լեգիտիմացնելով Բաքվի ապօրինի պահանջը։

Հրապարակ թերթը գրել է․ Նախ՝ ասաց, որ Արցախ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է, ապա շարունակեց․ «Ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետեւ որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք եւ այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ։ Բայց, մյուս կողմից, Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ, եւ որը՝ հետեւանք։ Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք՝ ոնց ենք այդ թեման հանում…»։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, երեկ անդրադառնալով Փաշինյանի առաջարկին, նշել է, որ իր համար պարզապես անհավատալի է նման բան։

«Դիվանագիտական կրթություն պետք չէ՝ հասկանալու համար, որ այս երկու թեմաների միջեւ ոչ մի զուգահեռ լինել չի կարող՝ ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ միջազգային ընկալման եւ ո՛չ էլ պարզ տրամաբանության տեսանկյունից: Կան տասնյակ միջազգային կոնվենցիաներ եւ միջազգային իրավունքի դրույթներ, որոնք իրավունք են տալիս անգամ խորհրդային տարիներին ինքնավարություն ունեցած ժողովուրդներին վերադառնալ իրենց բնակավայրեր, որտեղից նրանք բռնի վտարվել են։

Վերադարձը՝ մինիմում։ Ինքնավարության որեւէ աստիճան՝ մինիմում։ Տասնյակ միջազգային հարթակներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ եւ նախադեպեր իրավունք են տալիս հայ ժողովրդին՝ ոչ միայն վերադառնալ մեծամասամբ հայերով բնակեցված նախկինում ինքնավար միավոր, այլեւ այդ միավորի կարգավիճակի շուրջ քննարկում ծավալել միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ սուվերենություն։

Այս թեմաների միջեւ հավասարության նշան դնելով՝ Փաշինյանն այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որեւէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»,- նշել է Օսկանյանը։

Իր հայտարարությունից մեկ օր անց՝ Ադրբեջանի քիմքին հաճո այլ գործողություններ էլ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը․ իրավապահներին ուղարկեց Արցախի ներկայացուցչության շենք, որտեղ մեկ օր առաջ խորհրդարանական լսումներ էին` վերադարձի թեմայով։ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել էր, որ լսումներով պայքարի նոր փուլ են սկսում․ «Մեր գլխավոր նպատակն է՝ իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, անվտանգ ապրել եւ ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը»։

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, Արցախի հարցը ո՛չ Նիկոլ Փաշինյանն է բացել, ո՛չ էլ որեւէ մեկը, որ հիմա էլ որոշում կայացնի փակել այն։ «Դա միջազգային իրավունքով հաստատված բնական իրավունք է, որ հայերը պետք է ապրեն իրենց տանը, բնօրրանում, այս համատեքստում Փաշինյանի խոսքը կոնկրետ իրողության դեմ առոչինչ է։ Արցախ վերադառնալու որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը, որն արդեն կայացրել է․ 2 տարի շարունակ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով ժողովուրդն այդ մասին հայտարարում է, որ իր նպատակն իր տուն, հայրենիք վերադառնալն է։ Փաստորեն, Փաշինյանը հասել է Գերմանիա, որ մեր ներքին լսարանի համար այդ հայտարարությունն անի, որովհետեւ միջազգային հանրությունը, անգամ Ադրբեջանը լավ է հասկանում, որ չի կարող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի եւ արցախցիների վերադարձի պահանջի միջեւ հավասարության նշան դնել: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանը հիմնվում է այն փաստերի վրա, որ խորհրդային տարիներին մեկ պետության գաղափարի ներքո ապրող ազգերն իբրեւ թե քույր-եղբայր հարաբերություններով, յուրաքանչյուրը, իր որոշմամբ, ապրել է այնտեղ, որտեղ ուզել է։ Բայց խորհրդային փլուզման ժամանակներում Ադրբեջանը, ագրեսիվ վարք ցուցաբերելով, սկսեց կոտորել հայերին Բաքվում, Սումգայիթում, եւ մի մասը կարողացավ մազապուրծ լինել ցեղասպանվելուց ու ոտաբոբիկ փախչել ՀՀ: Դրան ի հակառակ, ՀՀ իշխանությունները խաղաղ հիմքերով հնարավորություն տվեցին ադրբեջանցիներին՝ վաճառել իրենց ունեցվածքը, փոխանակում կատարել եւ առանց նյութական վնասներ կրելու վերադառնալ իրենց հայրենիք։ Եվ եթե քաղաքական պատասխան պետք է լիներ Ադրբեջանի նման պահանջին, պետք է նվազագույնը լիներ հետեւյալը, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա այդ մարդկանց կրած ֆիզիկական եւ այլ կորուստների համար, եւ դրանից հետո մարդիկ, որոնք կցանկանան, պիտի վերադառնան Ադրբեջան։ Կամ պայմանավորվեին, որ Հայաստանը չունի ֆինանսական պահանջներ, որեւէ մեկը չի պատրաստվում գնալ Ադրբեջանում ապրել, հետեւաբար խնդրեին, որ նույն պահանջը չունենա նաեւ Ադրբեջանը։ Իսկ Արցախի եւ արցախցիների վերադարձը բացարձակ կապ չունի այս խոսույթի հետ, այն առաջացել է Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի արդյունքում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից նման հայտարարություն-առաջարկը բացառապես մեկ նպատակ ունի՝ սպասարկել Ադրբեջանի շահերը եւ իրավունք ստանալ վերընտրվելու, որ կատարեն նրանց բոլոր պահանջները։