2023թ․ մայիսի 25-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է 2011-2019 թվականներին Իջեւան համայնքը ղեկավարած Վարդան Ղալումյանի, Իջեւանի պատկերասրահի նախկին տնօրեն Կարինե Հովհաննիսյանի, պատկերասրահի նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանի, լրագրող Լիա Ճաղարյանի, պատկերասրահի հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանի դատավարությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կարինե Հովհաննիսյանի ամուսնու՝ Իջեւանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանի հետ գտնվելով ընկերական փոխհարաբերությունների մեջ, վերջինիս՝ 2017-ին Երեւան տեղափոխվելուց հետո, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ հսկողություն չի իրականացրել «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի տնօրեն Կ․ Հովհաննիսյանի կողմից՝ 2017 թ․ հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ, ինչի հետեւանքով Կ․ Հովհաննիսյանը, փաստացի աշխատանքի չներկայանալով եւ աշխատանքային պարտականությունները չկատարելով, Իջեւանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված եւ իր վստահությանը հանձնված դրամական միջոցներից տնօրենի աշխատավարձի՝ ընդհանուր 698 հազար 365 ՀՀ դրամ խոշոր չափերի գումարը յուրացրել է, որով էական վնաս է պատճառվել Իջեւանի համայնքապետարանի օրինական շահերին: Կ․ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ում 2013թ. ապրիլի 10-ից որպես լրագրող աշխատող Լիա Ճաղարյանի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչեւ 2018թ. հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել, աշխատանքային պայմանագիրը չի լուծել եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանձնարարել է հաշվարկել եւ վճարել է աշխատավարձ` ընդհանուր 1 մլն 74 հազար 997 ՀՀ դրամ խոշոր չափերի գումարը՝ վատնելով այն:
Քրեական գործով մյուս 2 ամբաստանյալներն Իջեւանի պատկերասրահի նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանը եւ պատկերասրահի հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանն են։ Սույն գործով դատավարության ժամանակաընթացքում Սամվել Մելքումյանը ծանր հիվանդությունից մահացել է։ Վ․ Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, Կ․ Հովհաննիսյանին` 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, Լիա Ճաղարյանին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, Սամվել Մելքումյանին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, Լյուդմիլա Բեկնազարյանին՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։
Քրեական գործով մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքը եւ գրավը։ Դատավարության սեպտեմբերի 8-ի նիստում պաշտպան Սերգեյ Ոսկանյանը դատավոր Տիգրան Դավթյանին բացարկ է հայտնել, դատավորը որոշել է բացարկն ընդունել։ Դեկտեմբերի 12-ին այս գործով Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, նիստ կայացավ։ Դատարանը որոշեց դատաքննության կարգը։
Տուժողի ներկայացուցիչ, Իջեւանի համայնքապետի իրավական հարցերով խորհրդական Սուսաննա Սիրադեղյանը ներկայացրեց գույքային հարց, որը պետք է լուծվի այդ գործով վճիռ կայացնելու ժամանակ, բայց չպահանջեց հայցի ապահովման միջոց կիրառել։ Մեղադրյալներից 80-ամյա Լյուդմիլա Բեկնազարյանի պաշտպանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել առանց նրա ներկայության, նկատի ունենալով նրա տարիքը, առողջական խնդիրները, որոնց պատճառով նա պետք է վիրահատության ենթարկվի։ Դատավոր Ս․ Պետրոսյանը, նկատի ունենալով, որ Լ․ Բեկնազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, առաջիկա նիստերին քրեական գործով վկաները պետք է ցուցմունք տան, այդ թվում՝ նաեւ Լ․ Բեկնազարյանի դեմ ցուցմունք տված վկաները, Լ․ Բեկնազարյանը պետք է դատարանում առերեսվի իր դեմ ցուցմունք տված վկաների հետ, ուստի մերժեց միջնորդությունը։
Ի դեպ, Լ․ Բեկնազարյանը Վճռաբեկ դատարանի hակակոռուպցիոն պալատի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանի մայրն է։ Վարդան Ղալումյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը ներկայացրեց Վ․ Ղալումյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելանքից (այն արգելանքի մեջ է 2020-ից) հանելու միջնորդություն, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին։







Բաց մի թողեք
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ
«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»