13/12/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմված գործեր են, այդտեղ չկա իրավագիտություն․ Րաֆֆի Ասլանյան

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց այս տարվա հունիսին` իշխանազավթման փորձ կատարելու մեղադրանքով, եւ առայսօր կալանքի տակ է: Նա «հանդգնել» էր միջամտել եկեղեցի-պետություն բացահայտ պատերազմին եւ իր աջակցությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցուն:

Հրապարակ թերթը գրել է․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ կալանավորվել է հունիսի 28-ին եւ հոկտեմբերին առաջին ատյանի կողմից դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Մեղադրանքի հիմքում 2 արտահայտություն է, որոնք մեղադրանքի կողմը որակել է որպես ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։

Դրանցից մեկը սրբազան հայրը կատարել է 2023 թվականին, ինչից հետո Դանիել Իոաննիսյանը դիմել էր դատախազություն, որ գործ հարուցեն Աջապահյանի դեմ, սակայն դատախազությունը սրբազանի խոսքերում չէր տեսել հանցակազմի տարրեր, մինչդեռ 3 տարի անց «գտան», քանի որ երկրորդ հարցազրույցում Աջապահյանը վերահաստատել էր իր միտքը՝ նշելով․ «Ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:

Իսկ դեկտեմբերի 5-ին` իր ասուլիսից 4 օր անց կալանավորվեց չորրորդ սրբազանը` Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, որին մեղադրում են 2018-ին Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց` մարիխուանա դնելու համար: Խոսքը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ակցիայի մասին է: Փաստաբան Արսեն Բաբայանն «անհեթեթ» է համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը եւ պնդել, որ Արշակ սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։

Երեւանի նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ իրավական գնահատական կարելի է տալ այս երեք գործին, եթե այժմ լինեիք գործող դատախազ: Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց.

«Սամվել Կարապետյանի եւ Միքայել սրբազանի դեպքում կա ակնհայտ, բացահայտ քաղաքական պատվեր: Մարդիկ ենթարկվում են քրեական պատասխանատվության խոսքի համար: Սամվել Կարապետյանը` Եկեղեցին սատարող խոսքի համար, իսկ Միքայել սրբազանը` թե՛ Եկեղեցուն սատարելու եւ թե՛ մի փոքր ընդդիմադիր կեցվածք դրսեւորելու համար: Սրանք Փաշինյան Նիկոլի կողմից կարված գործեր են, այստեղ չկա իրավագիտության հարց: Անգամ պետք չէ իրավաբան լինել, որպեսզի հասկանաս, թե ինչ է կատարվում: Հերիք է միայն հայոց լեզվին բավարար չափով տիրապետես, որպեսզի հասկանաս, թե խոսքն ինչի մասին է: Ակնհայտորեն, չկա հանցակազմ: Իշխանություն յուրացնելու կոչերի մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետեւ այս երկու գործում էլ չկան կոչեր: Կարապետյանը խոսում է «իրենց ձեւով» պրոցեսներին մասնակից դառնալու մասին: Խոսքն այն բանի մասին էր, որ եթե հայաստանյան քաղաքական ուժերը չկարողանան սատարել Եկեղեցուն, դա կանի ինքը` իր ձեւով: Իշխանությունները դիտավորյալ շրջանառության մեջ դրեցին «միջամտել» բառը: Այս բառը շրջանառության մեջ դնելը եւս մեկ անգամ ապացույց է հանդիսանում, որ կատարվածը պատվեր է: Փաշինյանը՝ իր լայվում, ՔՊ-ականները՝ իրենց էջերում կիրառեցին «միջամտել» բառը, սակայն տեսաձայնագրության մեջ չկար նման բառ: Փաշինյանը նախ Ֆեյսբուքով հրահանգեց ձերբակալել Կարապետյանին, ապա ասաց. «Արա, դուրս արի չուլանից»: Այսքան բանը հրապարակավ հայտարարելուց հետո նա մարսեց: Նույնը վերաբերում է Միքայել սրբազանի խոսքին: Պարզվեց, որ իշխանությունը սարսափում է նաեւ հոգեւորականների խոսքից: Այս գործը նույնպես կապ չունի իրավաբանության հետ: Ցանկացած իրեն հարգող իրավաբանի կարող եմ կետ առ կետ բացատրել:

Ինչ վերաբերում է Արշակ սրբազանի գործին, ապա ես դրա հանգամանքներին չեմ տիրապետում: Հստակ չեմ կարողանում տեղեկանալ, կա՞ վկա, թե՞ ոչ: Գուցե կա անձ, որը ցուցմունք է տվել եւ պնդել է, որ սրբազանն իրեն նման բան է ասել: Ի տարբերություն նախորդ երկու դեպքերի, այստեղ ապացույցներն ինձ անհասանելի են, սակայն հաշվի առնելով Արշակ սրբազանի դեմ ծավալվող պրոցեսները, այն հանգամանքը, որ ամեն բան արվում էր վերջինիս վարկաբեկելու, նրա ընդդիմադիր տեսակն ընկճելու համար, այս ամենից կարող ենք եզրակացնել, որ այս գործը նույնպես ունի ակնհայտ քաղաքական տարրեր: Իմ կարծիքը բխեցնում եմ այն հանգամանքից, որ յոթուկես տարի անց մարդ են կալանավորում: Չեմ պատկերացնում, թե խափանման միջոցի համար ինչ հիմքեր կարող էին պահպանված լինել»: