Այսօր նշանավոր սասունցի՝ կաթնաղբյուրցի, շատ սիրված արձակագիրներից Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է։
Մուշեղ Գալշոյանը հրաշալի պատմող է, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում է իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։
Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։

Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։
Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Զորոն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։
Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։
Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։
Մուշեղ Գալշոյանը մահացել է 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը։
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից







Բաց մի թողեք
«Աստված արվեստագետին ուղարկել է հողագունդ, որ նա ի զորու լինի աղոթել մարդկանց համար». Լևոն Խեչոյան
Եվ երկրի վրա պակասեց լույսն ու բարությունը
Տղաները Ֆրենկին հարգում էին, աղջիկները` սիրում. Այսօր Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է. Տեսանյութեր