13/12/2025

20 օրում Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր գործն ավարտել են․ Լուսանկար

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված) Նաիրա Գրիգորյանին (գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր)  մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով․ այս մասին «Հրապարակ»-ին մեկ ամիս առաջ հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից: 

«Ն․ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական ակտ կայացնելու, ինչպես նաեւ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով։ Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 482-րդ հոդվածի 1-ին մասով»։ Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը։ Ավելի վաղ ԲԴԽ-ն բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ տվել համաձայնություն՝ հարուցելու քրեական հետապնդում, ինչից հետո իրավապահները մեղադրանք ներկայացրին դատավորին:

Գործի նախաքննությունը 20 օրում ավարտվել է, պարզվում է՝ այս քրեական վարույթը տեւական ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներում դրված է եղել, եւ Վաղարշապատի ընտրություններից առաջ, որին մասնակցում էր նաեւ Նաիրա Գրիգորյանի քույրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը՝ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել եւ նրա լիազորությունները կասեցրել: Քրեական գործը դեկտեմբերի 10-ին արդեն հասել է դատարան, մակագրվել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։

Գրիգորյանի մեղադրական եզրակացությունն այսպիսին է․ «Նաիրա Մանվելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ նախագահի՝ 2005 թվականի մարտի 30-ի ՆՀ-58-Ա հրամանագրով նշանակված լինելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու եւ միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական եւ ծառայողական լիազորություններ, իր վարույթում գտնված թիվ ԱՐԴ1/0397/02/22 քաղաքացիական գործով, դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ առանձին դեպքերում ոչ պատշաճ է կատարել որպես դատավոր իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց եւ պետության իրավունքներին եւ օրինական շահերին, այն է՝ խաթարվել է տվյալ քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնող դատարանի բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել է ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, գույքի ժառանգման կարգը, հիմքեր են ստեղծվել անձանց սեփականության իրավունքից անիրավաչափ կերպով զրկելու եւ անշարժ գույքի նկատմամբ մտացածին՝ գոյություն չունեցող անձի իրավունքը ճանաչելու համար, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել է ծանր հետեւանք՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38 մլն 200 հազար ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը եւ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը, ինչպես նաեւ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն քաղաքացիական գործով կայացրել է ակնհայտ անարդար վճիռ»։

Փորձեցինք զրուցել Ն. Գրիգորյանի փաստաբանի հետ, սակայն նա մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեց։ Իսկ Այծեմնիկ Գրիգորյանը մեզ ասաց, որ չի ուզում այդ հարցին արձագանքել` ճիշտ կլինի դիմել ուղիղ Նաիրա Գրիգորյանին:

«Հրապարակ»․ 20 օրում Մանվել Գրիգորյանի դստեր գործն ավարտել են