14/12/2025

Ալիևի «ազգային հերոսը» Պուտինի բանակի վարձկան

Ադրբեջանի զինված ուժերի բժշկական ծառայության կապիտան, «Ադրբեջանի դրոշ» շքանշանի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի ասպետ Գաֆուր Հասանովը, որ ռուսական բանակի կազմում մասնակցում էր Ուկրաինայի դեմ պատերազմին, սպանվել է:

Այդ մասին Facebook-ի անձնական էջում գրել է ադրբեջանցի քաղվտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլին: Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է սպանվել Հասանովը, Մուխթարլին մանրամասնություններ չի հայտնում:

Նա խնդիրն ընդհանրացրել է և բացահայտել, որ ռուսական բանակի կազմում «հազարավոր երիտասարդ ադրբեջանցիներ կռվում են Ուկրաինայի դեմ, բայց դա նրանց համոզմունքների հետ ոչ մի կապ չունի»:

Ադրբեջանցի լրագրողը գտնում է, որ «մարդիկ Պուտինի ֆաշիստական բանակում վարձկան են, քանի որ ընտանիքը կերակրելու այլ հնարավորություն չունեն»: Մուխթարլին հայտնում է, որ «ռուսական բանակի կազմում աստծո ամեն օր ադրբեջանցիներ են սպանվում, նրանց դիակները մնում են մարտադաշտում»:

Լրագրողը վկայում է, որ Ռուսաստանում, Եվրոպայի տարբեր երկրներում ադրբեջանցիները «ստիպված են դրամահավաքներ կազմակերպել, որպեսզի Ուկրաինայում սպանված ազգակիցների դիակները տեղափոխվեն հայրենիք և մարդավայել կարգով հողին հանձնվեն»:

Նրա վկայությամբ, Ռուսաստանի «կոռումպացված զինվորականությունը և քաղաքացիական իշխանությունները յուրացնում են զոհվածների հարազատներին վճարելիք փոխհատուցման գումարները, իսկ ավելի հաճախ պարզապես մերժում՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցիները ՌԴ քաղաքացի չեն և կամավոր են մահվան գնացել»:

«Ադրբեջանի դրոշ» շքանշանը, ինչպես Մուխթարլին է ներկայացնում, իր նշանակությամբ երրորդն է՝ «Հայրենական պատերազմ» և «Ազգային հերոս» պատվավոր կոչումներից հետո, բայց կապիտան Գաֆուր Հասանովը «ոչ զինվորական ծառայության համար թոշակի գումարով կարող էր ընտանիք պահել, ոչ քաղաքացիական կյանքում նրան աշխատանք է առաջարկվել, ուստի ընտրել է վարձկանությունը»:

Նա իրավիճակի միակ պատասխանատու է ճանաչում Իլհամ Ալիևին:

«Այսօր Երկիր մոլորակի տարբեր վայրերում մենք մեռնում ենք, մեզ սպանում են, որպեսզի Ադրբեջանում մի ընտանիք ապրի երկրային եւ երկնային բոլոր վայելքների մեջ:

Ավելի լավ չէ՞, որ մենք ոտքի կանգնենք ծնկաչոք վիճակից, հավաքվենք Ազատության հրապարակում ու եթե մահ է տրված, ապա մեռնենք հանուն ազատ և ժողովրդավարական Ադրբեջանի»,- սոցցանցային գրառումն այս հուզական տոնով է ավարտում քաղվտարանդի Աֆղան Մուխթարլին: