14/12/2025

Ինչպես է Փաշինյանը խճճում մեր մտքերը

Կարդում եմ լրահոսում, որ ՀՀ օրհներգը պատարագից առաջ հնչեցնելու առաջարկից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ առաջարկում է միաժամանակ եկեղեցում կախել ՀՀ պետական դրոշը:

Նայում եմ ֆեյսբուքյան գրառումները. բոլորը հակված են քննարկելու առաջարկի կիրառության «թեր»-ն ու «դեմ»-ը։ Իսկ այն, ինչը հրատապ քննարկման անհրաժեշտություն ունի՝ չի քննարկվում։

Փաշինյանն այն տեխնոլոգիայի վարպետն է, որը մարդկանց մշտապես բաժանում է հակադիր ճամբարների։ Նա վերը նշված միտքը չի շրջանառել այն նպատակով, որպեսզի այդտեղ ճշմարտություն փնտրենք։ Նա դա արել է՝ շարունակելու համար հանրության պառակտման գործընթացը։

Իր կողմից վաղուց կիրառվում են տեխնոլոգիական «պարույրներ», որոնք նույն խնդրի շուրջ մի նոր դետալ ավելացնելով՝ խորացնում են մտքերի խճճվածությունն ու հանրության ապակողմնորոշվածությունը:

Մեկ օր առաջ, օրինակ, նա նույն թեման շահագործելով՝ ասում էր, որ պետությունն է հիմնել եկեղեցին 301 թվականին։ Կլինեն բազում մասնագետներ, որոնք դրա հիմնավորումները կարող են տալ, մյուսները կհակադրվեն դրան։ Միայն թե դատարկ տեղը անպտուղ բանավեճ ծավալվի, մարդկանց միջեւ բաժանարար գծեր առաջանան, աղմկեն, միմյանց կարծիքները հաստատեն կամ հերքեն եւ այլն:

«Պարույրի» տեխնոլոգիան ենթադրում է, որ հիմնվելով կիսաճշմարտությունների վրա՝ չպետք է կանգ առնել որեւէ արդյունքի հասնելով, պետք է խորացնել ապակողմնորոշումը նույն ընթացքի մեջ։ Պետք է ուշադրություն դարձնել, որ դրանից առաջ նա նույն խնդիրը «ծամծմելիս»՝ եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու թեման շրջանառեց։

Այսօր արդեն դրոշի թեման է բարձրացնում։ Վաղն էլ, օրինակ, կխոսի, որ եկեղեցու վրա պետք է քանդակվի պետական զինանշանը, որպեսզի պետություն-եկեղեցի հարաբերություններն ամրանան եւ այլն։

Սա մեզ մոլորեցնելու համար է, տեխնոլոգիան է այդպիսին։ Չպետք է տրվել դրան, պետք է արժեզրկել ու հումորի դաշտ տանել նրա այդօրինակ ձեռնարկումները…

Սարո Սարոյան