Դիլիջանի ՔՊ-ական քաղաքապետ, սեռի վերաբերյալ նշման դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը փորձել է արդարացնել, թե ինչու է մասնակցում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ապօրինի պատարագներին:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ դրանք ապօրինի են, քանի որ անցկացվում են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի խախտումներով, պատարագների տեքստից շեղումներով, երբեմն էլ կարգալույծ հոգեւորականների մասնակցությամբ:
Նա Օհանավանքում լրագրողների վրա «մուննաթ էր գալիս», իսկ դեկտեմբերի 7-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Վերջերս ընդդիմադիր մամուլում հաճախ են փորձեր արվում որեւէ կերպ մեկնաբանելու իմ մասնակցությունը պատարագներին՝ փորձելով սադրանքներ ստեղծել «նյութ ունենալու» համար։ Մինչ այս չեմ ցանկացել անդրադառնալ այս թեմային, սակայն այսօր անհրաժեշտ եմ համարում հստակ նշել հետեւյալը։ 2022 թվականին իմ նախաձեռնությամբ սկսվել են Հաղարծին բնակավայրում Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքները։ Շուրջ 100 տարվա ընդմիջումից հետո՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, այդտեղ առաջին անգամ մատուցվել է Սուրբ Պատարագը։ Այդ օրվանից անցել է երեք տարի, եւ իմ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ նվիրատուների աջակցությամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի օրը, Հաղարծինում վերաօծվել եւ հանդիսավորությամբ բացվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Իսկ հիմա՝ ամենակարեւորը։ Եկեղեցի գնալը ո՛չ քաղաքական քայլ է, ո՛չ էլ հրապարակային ազդեցություն ստեղծելու փորձ։ Դա իմ ներքին հավատքի, արժեքների եւ պատասխանատվության դրսեւորումն է։ Շարունակելու եմ աշխատել նույն սկզբունքով՝ կառուցել, զարգացնել եւ մեր համայնքին ծառայել։ Հավատքով արված գործը մեկնաբանության կարիք չունի»։
Նախ՝ մամուլում ոչ թե փորձեր են արվում որեւէ կերպ մեկնաբանելու Դիլիջանի համայնքապետի մասնակցությունը կեղծ պատարագներին կամ Հովհաննավանքի մոտ լրագրողների հետ նրա վեճը, այլ՝ մարդիկ են մեկնաբանել, եւ համացանցը «պայթում» է իր հետ տեսանյութերից։ Իսկ հայրենի Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման, վերաօծման գործին իր ակտիվ մասնակցությունն ամենեւին չի արդարացնում Դիլիջանից Օհանավան կամ Գյումրի հասնելը, կեղծ պատարագներին մասնակցելը։ Մարդիկ պատարագին գնում են իրենց թաղի, համայնքի եկեղեցում: Դավիթ Սարգսյանը գրել է, որ դա քաղաքական քայլ չէ։
Քաղաքական քայլ անելու համար պետք է քաղաքական գործիչ լինել, նախկինում բենզակայանում լիցքավորող աշխատած Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելով՝ ամենեւին քաղաքական գործիչ չդարձավ։ Քաղաքական գործիչները Դավիթ Սարգսյանի նման խայտառակ ձեւով չեն շփվում հանրային կարծիք ձեւավորելու գործում դեր ունեցող լրատվամիջոցների հետ, եւ եթե Նիկոլ Փաշինյանը չմասնակցեր Օհանավանում, Գյումրիում կայացած կեղծ պատարագներին, Դավիթ Սարգսյանը Դիլիջանից այնտեղ երբեք չէր հասնի: Դա կապ չունի նրա ներքին հավատքի հետ, ինչպես ինքն է գրել։ Առաջիկայում օծվելու է Դիլիջան քաղաքում կառուցվող եկեղեցին, կեղծ պատարագներին մասնակցած Դավիթ Սարգսյանն ինչպե՞ս է մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու կարգով կատարվելիք եկեղեցու օծման արարողությանը եւ ինչպե՞ս է ունկնդրելու Վեհափառին ուղղված ավանդական խոսքերը, որոնք զեղչվում են, երբ Փաշինյանը մասնակցում է պատարագներին։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման