13/02/2026

Ճանաչում եմ դեռ 1995 թվականից, մտքովս չէր անցնի, որ տիրադավ կարող էր լինել․ Շուշիի քաղաքապետ

«Հրապարակի» զրուցակիցը Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն է:

– Պարոն Սարգսյան, իշխանությունները մերթընդմերթ Արցախի հանդեպ իրենց ատելությունը բացահայտ ի ցույց են դնում, միեւնույն ժամանակ Արցախի հարցը փակող Նիկոլ Փաշինյանն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանին իր կողմն է քաշել, եւ այլ ինը եպիսկոպոսներով՝ նրանք պահանջում են, որ Վեհափառ հայրապետը գնա անժամկետ հանգստի: Պահանջում են այն Վեհափառից, որի որոշմամբ Արցախի թեմը պահպանվել է նաեւ Արցախի հանձնումից հետո։ Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Արցախի հոգեւոր առաջնորդը Արցախը հանձնողի համախոհը դարձել:

– Ես ինչքանով որ տեղյակ եմ, Արցախի թեմի առաջնորդը վերջին շրջանում ակտիվ գործունեություն էր ծավալում, այցելում էր տարբեր մարզեր, մտահոգվում էր Արցախի մշակութային արժեքներով եւ այլն: Այդ թեմաներից էր խոսում: Չգիտեմ՝ հիմա ինչ է տեղի ունեցել: Գուցե այլ նպատակներով է հանդիպել Փաշինյանին, հետո այլ բան է ստացվել, չեմ կարող հստակ ասել:

– Արդեն քանի անգամ հայտարարություն են տարածել եւ պահանջել Գարեգին Բ-ի հեռացումը: Խոսքը նույն այն կաթողիկոսի մասին է, որն Արցախի հարցը բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնում է….

– Գուցե հենց դրանից ելնելով էլ՝ թշնամին դրդում է այդ քայլին…. բայց Արցախի թեմի առաջնորդին ես ճանաչում եմ դեռ 1995 թվականից, երբ նա դեռ թեմի առաջնորդ չէր: Շատ մոտ ենք եղել, Շուշիից Մարտունի ենք գնացել, կնունք ենք արել, ու ոչ մի անգամ մտքովս անգամ չի անցել, որ մի օր նա կարող էր այսպիսի բան անել, անցնելով հակաարցախյան ուժերի կողմը: Թե ինչ է կատարվել, դժվարանում եմ ասել:

– Նիկոլ Փաշինյանը պայքարում է այն ամենի դեմ, ինչը կապված է Արցախի հետ, սա թերեւս նորություն չէ: Մարդն ատում է Արցախը եւ չի էլ թաքցնում, գուցե վաղը, երբ Վեհափառի հեռացման հարցը լուծի, ցանկանա փակել նաեւ Արցախի թեմը….

– Արցախի թեմը Փաշինյանը չի կարող փակել, նման բան կարող է անել միայն Էջմիածինը: Անգամ սովետի ժամանակ չկարողացան թեմեր վերացնել, ուր մնաց՝ հիմա: Այն, ինչ կատարվում է, ժամանակավոր է: Ես կարծում եմ, որ հաշտվելու են կողմերը, եւ այս կռիվը երկար չի շարունակվելու:

– Բայց Դուք կո՞ղմ եք, որ այս իշխանություններին Մայր Աթոռը ների, նրանց հետ հաշտեցման գնա:

– Դե, գիտեք ինչ՝ պիտի միջնորդ լինի, եւ հաշտվեն: Եկեղեցին ու պետությունը պետք է հաշտ լինեն միմյանց հետ: Այն ժամանակներում Եկեղեցին է մեզ փրկել: 1918 թվականին` Սարդարապատի ճակատամարտի ժամանակ էլ մեր թիկունքում Եկեղեցին է եղել: Այնպես որ, վատ չէր լինի, որ հիմա էլ հաշտություն լիներ: Ես մտածում եմ, որ Եկեղեցին ու պետությունը միանան, ուղղակի լավ միջնորդ է պետք: Սա էլ է մի պառակտիչ գործընթաց: Թուրքի ջրաղացին են ջուր լցնում:

– Դուք` որպես արցախցի, կհաշտվե՞ք այս իշխանավորների հետ: Կներե՞ք նրանց՝ Ձեր այդքան սիրելի Շուշին ադրբեջանցուն հանձնելու եւ Արցախն ուրանալու համար:

– Ես ոչ մեկին չեմ ներում: Հենց սկզբից էլ` այն տարիներից, երբ շարժումը սկսվեց, ու Արցախի հարցը տարան սխալ ուղղությամբ, ես նրանց՝ բոլորին էլ չեմ ներում: Ինչ արեցին-չարեցին, այսօր փաստացի մենք ենք տուժում` հասարակ ժողովուրդս: Պետք է հարցն այլ ձեւով լուծվեր, ճիշտ պահը պետք է օգտագործեին: Ալիեւը ոնց արեց, այդպես էլ մերոնք պետք է անեին: Պետք է Արցախն ուժեղացնեին, ոչ թե թողնեին, որ բանը հասնի սրան:

– 30 տարի Արցախն ուժեղ էր, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 2018-ից հետո թուլացավ:

– Դե, ծրագիրն այդպես էր: Ալիեւը վարվեց շատ խելոք: Նա իր դաշնակիցներին շատացրեց ու հասավ իր նպատակին: Հո մենակ կռիվը չէր: Նա կարողացավ հարցերը լուծել քաղաքականապես: Ինչքան զոհ որ մենք ենք տվել, դրա տասնապատիկն Ադրբեջանն է տվել: Միայն Ղարաբաղի մասին եմ խոսում…. եթե մեր կողքին էլ դաշնակից լիներ, մենք էլ կհաղթեինք: