Ընդհանուր հարահոսի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած «էքսցենտրիկ» հայտարարություններից մեկը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչ-որ խանութում կառավարության աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի ասել են, թե կանխիկով ապրանքի գինն այլ է, անկանխիկ՝ այլ:
Փաշինյանը, դրա մասին պատմելով, ուղղակիորեն փրփրեց. «…Փակե՛ք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի՛, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»:
Մեկ րոպե, էլի, ստո՛պ:
Փաշինյանի պաշտոնը պետական համակարգում վարչապետ չէ՞: Իսկ վարչապետն, ի՞նչ է, այլևս խանութ բացող-փակո՞ղ է, այո՞:
Ենթադրենք նույնիսկ, որ Փաշինյանի պատմածը այդպես էլ եղել է: Ենթադրենք: Անգամ ենթադրենք, որ խանութում խախտում է կատարվել: Այդ խանութը փակելը կամ խախտում կատարած վաճառողին, խանութի տիրոջը պատասխանատվության ենթարկելը վարչապետի գործն ու գործառո՞ւյթն է: Ո՛չ, իհարկե:
Երկրում ի՞նչ է, արդեն հարկային կառույցներ, տեսչական, վերահսկողական այլ մարմիններ չկա՞ն, չեն գործո՞ւմ: Կարող էր, չէ, նույն Փաշինյանը իր կաբինետի ՊԵԿ նախագահին կամ այլ ստորաբաժանման պատասխանատուին հանձնարարել, թե այսպես ու այսպես. «Էն օրը էսինչ խանութում էսպիսի դեպք է արձանագրվել, գնացեք, ստուգեք, պարզեք, համապատասխան միջոցներ ձեռնարկեք ու զեկուցեք արդյունքների մասին»:
Բայց ոչ: Փաշինյանը միանգամից որոշում է, թե՝ «գնացե՛ք, փակեք էդ խանութը, իմ անձնական պատասխանատվությամբ»:
Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:
Առանց ստուգելու, առանց փաստերը արձանագրելու, հրապարակայնացնելու, առանց հանգամանքները պարզելու: Հենց էդպես, կամայականորեն… «Գնացեք ու փակե՛ք: Փակվելու է այդ խանութը, մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու»:
Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել ու չի հրամայում. «Չշնչե՛ք, մինչև անձնական թույլտվություն չտամ»:
Այսինքն, ինչը Փաշինյանին դուր չի գալիս, միանգամից՝ «փակե՛լ, արգելե՛լ, կասեցնե՛լ, լիցենզիայից զրկե՛լ»: Երևի հիմա կձևավորվի ՔՊ-ի՝ «խանութ փակող» ակտիվիստների շրջիկ խումբ, որը կգնա քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և կսկսի փակել խանութները՝ մոտավորապես այսպես. «Արա, հլա շուտ փակեք էդ խանութը, Նիկոլն ա ասել: Փակե՛ք ու ծափ տվեք, արա՜…»:
Գնում է խանութ, խանութն է փակում: Գնում է ներկայացման, դերասաններին է «խմբագրում», գնում է բանակցությունների՝ բանակցությունների առարկան է զրոյացնում: Գնում է գյուղ, գյուղացիներին սովորեցնում է, թե ինչպես ոչխար պահեն կամ ինչ ցանեն… Մի չինացի էլ կար, հրամայել էր, որ բոլոր ճնճղուկներին խփեն, որ բրինձ չկտցեն: Խփեցին ու սովից ահագին կոտորվեցին:
Իսկ բոլոր մեծուփոքր գործարարները պիտի աչքի առաջ ունենան, որ ցանկացած մի օր հերթը կարող է հասնել նաև իրենց, ու առավոտյան արթնանալով Նիկոլը կորոշի՝ դուք փող աշխատելու իրավունք ունե՞ք, թե չէ…






Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման