14/02/2026

Թրամփի միջնորդությամբ Լուկաշենկոն ազատ արձակեց քաղբանտարկյալներին, Լեմկինի ինստիտուտի խնդրանքով խոսք կասի՞ Ալիևին

Բաքվում ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը» մոտենում է ավարտին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «մեղադրյալներն օգտվում են վերջին խոսքի իրավունքից»:

Առաջինը հանդես է եկել ԼՂՀ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը: Եթե հավատանք պաշտոնական «ԱզերԹաջ» -ի տեղեկությանը, ապա Արայիկ Հարությունյանն ասել է, որ «լինելով շատ իրազեկված, առաջին անգամ է լսում իրադարձությունների մասին, որ ներկայացվում են որպես ռազմական հանցագործություններ»:

Նա խոսքն ավարտել է այս ընդհանրացմամբ. «Ռազմական հանցագործությունների համար պատասխանատուները եթե օր –կենդանության չդատվեն, ապա դատվելու են այն աշխարհում»:

Ադրբեջանի կիսապաշտոնական minval politika-ն խիստ անհանգստացած է: ԱՄՆ-ում գործող Լեմկինի ինստիտուտը, որ զբաղվում է էթնիկ զտումների և ցեղասպանության ուսումնասիրությամբ և կանխարգելիչ հանրային գործունեությամբ, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների հարցով «բաց նամակ» է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նամակում, ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ, ասվում է. «Մենք համոզված ենք, որ հայ պատանդներին աջակցությունը և նրանց վերադարձի ապահովումը կընդգծի տարածաշրջանում խաղաղության հաստատման նախագահ Թրամփի հայտարարած առաքելությունը և ԱՄՆ դիրքերը կամրապնդի Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս»:

Լեմկինի ինստիտուտի գնահատմամբ, «թեև նախագահ Թրամփը բազմիցս ընդգծել է իր դերը կայունության աջակցության և հետագա հակամարտությունների կանխարգելման գործում, այդ առաքելությունը թերի է մնում այնքան ժամանակ, քանի դեռ անհայտ թվով հայ ռազմագերիները կշարունակեն պահվել Ադրբեջանում»:

Լեմկինի ինստիտուտը, ինչպես բաց աղբյուրներն են վկայում, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու կոչով 2022-2023 թվականներին դիմել է Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին, իսկ աղետից հետո՝ արդեն նաև Միացյալ Նահանգների նախագահ Բայդենին:

Բաքվում, ինչպես ակնհայտ երևում է իշխանական լրատվամիջոցի հրապարակումից, խիստ անհանգստացած են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման գործընթացի համատեքստում Դոնալդ Թրամփը կարող է դիմել Իլհամ Ալիևին, որպեսզի նա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներին «ներում շնորհի»:

ԱՄՆ նախագահի «խնդրանքով» Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս 123 քաղբանտարյալի ազատ է արձակել, փոխարենը ստացել հանքային պարարտանյութերի արտահանման թույլտվություն:

Ադրբեջանական լրատվամիջոցը Լեմկինի ինստիտուտին մեղադրել է «ռազմական հանցագործների դեմ դատավարությունը ոչ օրինական ներկայացնելու նպատակադրվածության» մեջ:

Բաքվում, ըստ այդմ, մտահոգված են, որ ԼՂ նախկին պաշտոնյաների և զինվորականների դեմ «սև վրա սպիտակով կարված քրեական գործը» միջազգային դատական ատյաններում կպայթի, եթե «մեղադրյալներն» իրենց իրավունքների պաշտպանության իրավական գործընթաց սկսեն:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և հեղինակավոր լրատվամիջոցները Լեմկինի ինստիտուտի ուսումնասիրությունները և հայտարարությունները «լիովին անկողմնակալ և վստահելի» են ճանաչում:

ԱՄՆ նախագահին այդ հաստատության «բաց նամակը» կարելի՞ է մեկնարկ համարել: