«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան, ՔՊ կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանն է:
– Ինչպիսի՞ տարի էր 2025-ը` դատաիրավական ոլորտում: Ի՞նչ ձեռքբերումներ եւ բացեր կարող եք մատնանշել: Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրություններից տպավորություն է, թե իրենք ահռելի աշխատանք են կատարում: Օրինակ` թալանն են հետ բերում եւ այլն:
– Դատաիրավական համակարգի համար շատ վատ տարի էր, շատ ավելի վատ, քան նախորդ տարի:
– Ինչո՞ւ:
– Կադրերի որակը գնալով ընկնում է: Խոսքը թե՛ քննիչների մասին է եւ թե՛ դատախազների: Մի կերպ՝ դեռ դատական համակարգը դիմադրում է, սակայն առաջիկայում այն եւս ունենալու է կադրային մեծ խնդիրներ, եւ դատական համակարգը համալրվելու է խիստ ցածրորակ կադրերով: Դրա միտումն արդեն տեսանելի է: Ինչ վերաբերում է Ձեր նշած անձանց կողմից հրապարակված թվերին, ապա պետք է քննչականի թվերն առանձնացնել դատախազականի թվերից եւ հասկանալ մի բան` քննիչի գործը գործ քննելն է, ոչ ավելին: 2022 թվականի հուլիսից` գործով քննիչն այլեւս չի կարող գնահատականներ տալ, նա համարվում է միայն ապացույց հավաքող: Քննիչը պետք է ապացույցները հավաքի, իսկ դատախազը պետք է որոշի, թե ինչ է անում այդ ապացույցների հետ, օրինակ` մեղադրանք առաջադրել, չառաջադրել եւ այլն: Քննիչն այլեւս չպետք է կարծիք ունենա, նոր քրեադատավարական օրենսգիրքն է դա պահանջում, եւ դա շատ ճիշտ է: Քննիչները գլուխ են գովում, որ շատ են գործ քննում: Տղերք ջան, ապրեք, երեւի գործ եղել է, լավ եք արել, սակայն այստեղ ավելի շատ դատախազների ուռճացված թվերի մասին է: Ամեն պատահած աղբ, շեշտում եմ` աղբ, զիբիլ, որը ոչ միայն քրեական գործ չի, այլեւ աղբ է, տանում է դատարան: Դու դատախազ ես, դու պետք է քննիչի բերած ապացույցները գնահատես, ու վերջ…. Ենթադրենք, եթե աղբ է, ինչը գերակշռում է, պիտի քննիչին ասես` տղա ջան, քննել ես, լավ ես արել, բայց սա գործ չէ, գնա… ինչ որ պետք է, մենք կանենք: Տարին մոտենում է ավարտին, 14 հազար գործ կա: Տարին 14 հազար գործը խելագարություն է, աբսուրդ: 4 անգամ շատացել է….
– Դե, ասում են` լավ ենք աշխատում, շատացել է:
– Լավ են աշխատում, դրա համար աղբն ուղարկում են դատարան: Տարեկան 3 հազար գործը դարձել է 14 հազար, աբսուրդ է…. ինչ վերաբերում է դատախազուհու հետ բերած հողերին, դա էլ առանձին կինո է: Ասում է` էստեղից էն բերեցինք, էստեղից` էս խլեցինք, եւ այլն: Վերջերս մի նյութով եմ կիսվել իմ էջում` Նիկոլ Փաշինյանի «Հատիկ առ հատիկ»-ով: Դատախազուհին ասում է` «Հատիկ առ հատիկի» շրջանակում բերել, պետությանն ենք վերադարձրել 7,5 հեկտար հող, որի շուկայական արժեքը 3,5 միլիոն դրամ է: Այս թվերը բան չե՞ն ասում: Սա նշանակում է, որ այդ հողի քառակուսի մետրն այսօր` թանկացած պայմաններում արժե ընդամենը 40 դրամ: Լուցկու տուփից էժան: Դե պատկերացրեք՝ 20 տարի առաջ ինչ արժեր, որ այսօր արժե 40 դրամ: Հիմա, աղջիկ ջան, դու պետությանը լավությո՞ւն ես արել, թե՞ վատություն: Դրա հատիկ առ հատիկը ո՞րն է: Ասում ենք, որ ԵՊՀ-ի հյուրանոցն առել է Սերժ Սարգսյանն անձամբ` Մաշտոցի 52 հասցեում` «Նաիրի» կինոթատրոնից վերեւ, գնել են բնակարանի գնով, սակայն դա չի մտնում հատիկ առ հատիկի մեջ…. Ես անգամ պատասխանն ունեմ դատախազության: Ասում են` բան չենք գտել այնտեղ: «Նաիրիտ» գործարանի հսկա 23 մասնաշենքերը վաճառեցին բնակարանի գնով` 90 միլիոնով, այդտեղ եւս ոչինչ չգտան, բայց պարզվում է` Արարատի մարզում հողամաս կա` 40 դրամով, այ, դա պետք է հետ բերել պետություն:
– Ինչո՞ւ եք կարծում, որ հետագայում ոլորտի վիճակն էլ ավելի է վատանալու:
– Որովհետեւ ինտելեկտ ունեցող մարդը` իրավաբանը, նման իրավաբանությամբ չի զբաղվի: Անգամ Աղվան Հովսեփյանի ժամանակ, որն իրավաբանություն գիտեր մոտավորապես, նման իրավաբանություն չէր իմանում:






Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման