2025 թվականը մոտենում է ավարտին: Այս տարին էլ, կարծես, նախորդների պես բուռն տարի էր: Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության՝ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի կողմից նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն անցկացված սոցիոլոգիական հարցման ընթացքում, որին մասնակցել է 1001 հոգի, պարզել են հասարակության վերաբերմունքը քաղբանտարկյալների, եկեղեցու, իշխանության որոշ քայլերի նկատմամբ: Հարցման առանցքային թեմաներից մեկը քաղբանտարկյալների առկայության շուրջ մարդկանց ընկալումն է:
Հրապարակ թերթը գրել է․ Հարցվածների 61,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նախորդ հարցման ժամանակ էլ գրեթե նույն` 62 տոկոսն էր այդպես մտածում: Սա խոսում է այն մասին, որ հասարակության մեջ արմատացած է այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացնում իր հակառակորդների, այդ թվում՝ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ, եւ փորձում է մարդկանց սահմանադրական իրավունքները սահմանափակելով՝ իշխանությունը պահել: Քաղբանտարկյալների առկայությունն ընդունողների 64,9 տոկոսը առաջինը նշում է գործարար Սամվել Կարապետյանի անունը, ապա հետեւում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (36,2 տոկոս), Միքայել արքեպիսկոպս Աջապահյանը (33,5 տոկոս) եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (19,4 տոկոս): Ավելի փոքր տոկոս նշվում են Նարեկ Սամսոնյանի, Լիդիա Մանթաշյանի (երկուսն էլ՝ 4,7 տոկոս), Վազգեն Սաղաթելյանի (3,2 տոկոս), Դավիթ Համբարձումյանի (2,9 տոկոս) եւ Արմեն Աշոտյանի (1,4 տոկոս) անունները, որպես ակնհայտորեն քաղաքական հետապնդվողներ: Այս ցանկը բացահայտում է, որ հասարակությունը քաղբանտարկյալ համարում է հիմնականում եկեղեցականներին եւ ընդդիմադիր գործիչներին:
Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ամենաբարձր վստահություն վայելող ինստիտուտը՝ 77,7 տոկոսի դրական գնահատական (63,3 տոկոս՝ լիովին դրական, 14,4 տոկոս՝ ավելի շուտ դրական): Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ եւս բարձր է հանրային վերաբերմունքը՝ 54 տոկոս դրական (31,6 տոկոս՝ լիովին դրական, 22,3 տոկոս՝ ավելի շուտ դրական):
Ամենասուր հակադրությունը երեւում է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցական պատարագներին մասնակցելու հարցում: Վերջին երկու ամիսներին նման պատարագների մասնակցությունը գնահատվում է բացասաբար 50,4 տոկոսի կողմից (39,3 տոկոս՝ լիովին բացասական, 11,1 տոկոս՝ ավելի շուտ բացասական), իսկ դրական է գնահատում 37,1 տոկոսը: Այսինքն՝ եկեղեցին ինքնին վայելում է հսկայական վստահություն, բայց երբ վարչապետը փորձում է «մուտք գործել» այդ տարածք, հասարակության կեսից ավելին դա ընկալում է որպես անտեղի կամ շահարկում:
Ընդհանուր առմամբ, հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալների թեման մնում է ամենացավոտներից մեկը, եկեղեցին՝ ամենահեղինակավոր ինստիտուտը, իսկ իշխանության՝ եկեղեցական տարածք ներթափանցելու փորձերը մեծ մասամբ մերժվում են: Այս երեք կետերը միասին վկայում են հասարակության խորքային բեւեռացման եւ վստահության ճգնաժամի մասին, որոնք դեռ երկար ժամանակ կազդեն երկրի ներքաղաքական օրակարգի վրա։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանին հարցրինք` ինչպիսի՞ տարի էր 2025-ը, իր կարծիքով: Նա ասաց. «Ժողովրդավարական լինելու հնարավորություն կա միշտ, պարզապես պետք է ունենալ նման ցանկություն եւ քաղաքական կամք: Մի բան, որ ես չեմ տեսել ո՛չ 2025 թվականին, ո՛չ էլ դրանից առաջ: Թե ինչպիսին կլինի 2026 թվականը, ասել չեմ կարող, սակայն 2025-ը փակում ենք բավականին տխուր եզրահանգմամբ: Մենք ունենք քաղաքական նկատառումներով հետապնդվող անձինք, ունենք մի իշխանություն, որն իրեն վեր է դասում օրենքից՝ հայտարարելով, թե «կառավարությունը ես եմ»: Ունենք մի իշխանություն, որը բնավ չունի նպատակ՝ երկիրը դարձնելու ժողովրդավար: Կան հնարավորություններ, սակայն դրանցից օգտվելու ցանկություն ես չեմ տեսնում: 2018 թվականը գոնե իմ մեջ մեծ հույսեր առաջացրեց: Գուցե ինձ հիմա միամիտ համարեք, բայց ես հույսեր էի կապում իշխանությունների հետ, սակայն այդ հույսերն ամեն ամիս, ամեն տարի դարձան ի չիք: Ես այսօր միայն մեկ հույս ունեմ, որ գալիք ընտրությունների արդյունքում մի բան կփոխվի, եւ կունենանք նոր իշխանություններ»:






Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման