ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցն իր սկզբանե տեղեկատվական սկանդալի տեղիք է տվել:
Փետրվարի 10-ի առավոտյան տարածվել է հետևյալ հաղորդագրությունը. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Երևանից Վենսի Բաքու ուղևորվելուց առաջ այդ գրառումը և կից լուսանկարները հեռացվել են: Վենսի խոսնակը այդ գրառումը որակել է «անձնակազմի կողմից սխալմամբ տեղադրված», բայց կարելի է ենթադրել, որ նման «խնդրանք» նրան փոխանցվել է Վաշինգտոնից:
Նախաձեռնությունը, հավանաբար, թուրքական է եղել:
Փետրվարի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպման հաջորդ օրը, Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ Բաքվում այցելել է «Շահիդների ծառուղի»: ԱՄՆ փոխնախագահը և երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել «ծառուղու» միայն հատվածում, որտեղ թաղված են 1990թ. հունվարի 20-ին Բաքվում խորհրդային զորքերին ցույց տված զինված դիմադրության ժամանակ սպանվածները:
Ջեյ Դի Վենսը և երկորդ տիկին Ուշա Վենսը խախտել են Ադրբեջանի պետական արարողակարգը և ծաղկեպսակ չեն տեղադրել «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի գերեզմանին:
Ադրբեջանական մամուլն, իհարկե, այդ մասին ոչինչ կամ գրեթե ոչինչ չի գրել, բայց Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության մի շարք ներկայացուցիչներ համարել են, որ Վաշինգտոնը «չի ճանաչում Ալիևների ժառանգական իշխանությունը»:
Ինչպես կարելի է եզրակացնել, Վենսի Բաքու այցի արարողակարգային և տեղեկատվական ֆոնը ավելի բարդ է ստացվել, քան՝ Երևանում: Բաքվում Վենսի այցով «առանձնակի հիացած» չէին:
Վենսի Հայաստան և Ադրբեջան այցից մեկ ամիս հետո հայտնի է դարձել, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը «պաշտոնից ազատվել» է, իսկ մարտի 12-ին վարչապետ Փաշինյանը մամուլում տարածված տեղեկությունը ոչ միայն հաստատել է, այլև հանրայնացրել, որ դա տեղի է ունեցել իր «խնդրանքով»:
Նա մանրամասնություններ, բնականաբար, չի հայտնել, բայց ասել է, որ պետությունը պետք է ունենա և իրականացնի «մեկ արտաքին քաղաքականություն»:
Ամբողջ ընդդիմադիր դաշտը, տասնյակ հայտնի մտավորականներ, նախկին դիվանագետներ, փորձագետներ միանշանակորեն պնդում են, որ Փաշինյանը «կատարել է Ադրբեջանի պահանջը»:
Ոչ ոք չի «համարձակվում» անգամ մտքի ծայրից անցկացնել, որ Հայաստանի վարչապետը նման դժվար, ոչ պոպուլյար քայլի կարող էր գնալ միայն ամերիկյան կողմի «խնդրանքով»:
Ոչ ոք չի հետևում Ադրբեջանի ազատության մեջ գտնվող հատուկենտ ընդդիմադիր գործիչների սոցցանցային ելույթներին, գրառումներին, որտեղ նրանք պնդում են, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից «կստանա միջուկային ռեակտորներ, արհեստական բանականության կենտրոն, չիպեր և չիպերի արտադրություն, իսկ Ադրբեջանը՝ մոտորանավակներ և ժամկենտանց «բրոնեժիիլետներ»»:
Իսկ ո՞վ կարող է բացառել, որ այդ քարոզչությունը կազմակերպված չէ և մի նպատակ ունի՝ Վաշինգտոնին ներշնչել, որ «միակողմանի-հայամետ քայլերը Ադրբեջանում հանրային մեծ դժգոհության տեղիք են տալիս»:
Իհարկե, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնաթողությունը այն քայլը չէ, որ Ադրբեջանի դիվանագիտական «դեմարշների» հակակշիռ է կամ, առավել ևս, ինչ-որ բան Բաքվի «կենցաղում» դրանից սկզբունքորեն փոխվելու է:
Անպատկերացնելի է, թե վարչապետ Փաշինյանը այդ մոտիվացիայով է նման ռեզոնանսային քայլի գնացել: Ավելի հավանական է, որ նա առաջնորդվել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը «բարձր նոտայի» և անխչընդոտ դինամիկայի ռեժիմում պահելու սկզբունքով:
Ի վերջո, Հայաստանում պատմական փաստի յուրովի մեկնաբանության համար արտաքին գործերի նախարարի են նաև «խնդրել», որ հրաժարական տա:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի