17/04/2026

EU – Armenia

Թրամփի պարտությունն Իրանում․ ի՞նչ կտա իսրայելա – ամերիկա – իրանյան հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «գործարք կնքելու» կամ Հորմուզի նեղուցը բացելու համար Իրանին հատկացված տասնօրյա ժամկետը սպառվում է: «Մնացել է քառասունութ ժամ, նախքան դժոխքը կթափվի նրանց գլխին»,- սոցիալական անհատական հարթակում գրել է նա:

Այս ֆոնին ԱՄՆ և Իսրայելի հասցեին շատ կոշտ հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով ապրիլի 4-ին Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում հրթիռակոծությունը, որի հետևանքով զոհվել է կայանի ֆիզիկական անվտանգության ապահովման ծառայության մի աշխատակից, նա տեղի ունեցածը որակել է «խելահեղ ագրեսորների անառողջ մոլուցք»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին տագնապ է հայտնել, որ «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծությունը «հղի է Իրանի և սահմանակից երկրների տարածքում ռադիացիոն ֆոնի փոփոխության վտանգով»:

ԱՄՆ նախագահ Թրամփը, մինչդեռ, Իրանին սպառնում է ավելի ուժգին հարվածներով: Ավելի վաղ նա ասել է, որ «Իրանը կվերադառնա քարե դար»՝ ակնարկելով, որ պատերազմը դադարեցնելու ամերիկյան նախապայմանները չընդունելու դեպքում Իսլամական հանրապետության ամբողջ էներգետիկ համակարգը կոչնչացվի:

Առկա իրավիճակի գլխավոր բարդությունը, երևում է, Իրանի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մոտեցումների արմատական հակասությունն է: Դժվար է ակնկալել, որ գլոբալ նշանակության խնդրի շուրջ Մոսկվան և Վաշինգտոնը մոտ ապագայում կարող են գոնե համադրելի դիրքորոշումներ սահմանել:

Ավելի հավանական է, որ անցյալ տարի Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթաժողովի «ընդհանուր ընկալումները», որ առանց այդ էլ վերջին շրջանում լիարժեք չեն գործում, վերջնականապես կփլուզվեն:

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ գեներալ Քելոգը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի ապագային, Սպիտակ տանը առաջարկել է նոր ռազմական դաշինք ձևավորել՝ «ներգրավելով Իսրայելին, Հնդկաստանին, Ավստրալիային, Ուկրաինային և մի քանի այլ երկրների»:

Քելոգի այս հայտարարությունը արևմտյան փորձագետներին թույլ է տվել եզրակացնել, որ ԱՄՆ-ը «բավական բարձր է գնահատում Ուկրաինայի պատերազմական փորձը և նրա բանակի մարտունակությունը»:

Ուկրաինայի ռազմական ներուժի և հետագա հնարավորությունների նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրությունը, ըստ ռուսաստանցի վտարանդի գործիչ Խոդորկովսկու, պայմանավորված է Պարսից ծոցի արաբական միապետություններ Վլադիմիր Զելենսկու «բավական հաջողված այցի հետ»:

Հայտնի է, որ Ուկրաինան ռազմա-տեխնոլոգիական համագործակցություն ունի նաև Թուրքիայի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների հետ:

Այս համատեքստում ռուսաստանցի քաղաքագետ Սուսլովը բացահայտել է, որ TRIPP –ի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը փոխվել է, քանի որ «Անքորիջի պայմանավորվածությունները ենթարկվել են վերանայման»:

Դեռևս տարեսկզբին ՌԴ արտգործնախարար Լավրովը խոստովանել է, որ «Անքորիջի ոգին գոլորշիանում» է: Ըստ տեղեկությունների, Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ակնարկել է, որ Թեհրանը «պատրաստ է Իսլամաբադում պատերազմի դադարեցման քննարկումներ սկսել»:

Եթե առաջիկա երկու օրերին իրանա-ամերիկյան բանակցություններ չսկսվեն, ապա հակամարտության «սահմանները կարող են ընդլայնվել»: Բայց անկանխատեսելի է մնում, թե գործնականում ի՞նչ կտա իսրայելա-ամերիկա-իրանյան հրադադարը:

Հակամարտության ուղղակի և շահագրգիռ կողմերի աշխարհագրությունը շատ լայն է, նրանց արմատական շահերը՝ խիստ հակադիր: Ավելի շատ տպավորություն կա, որ բոլոր կողմերի համար ընդունելի ստատուս-քվո կարող է ուրվագծվել միայն «ավելի մեծ պայթյունից հետո»: