17/04/2026

EU – Armenia

Հայ – ռուսական վիրավոր հարաբերությունների կառուցվածքի անարդյունավետությունը և վտանգավորությունը բացահայտ է

Կրեմլում Պուտին – Փաշինյան դեմ առ դեմ և պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումից անցել է մեկ շաբաթ:

Այդ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների մասին ՏԱՍՍ-ին հարցազրույց է տվել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որոշակի մեկնաբանություններով հանդես է եկել Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, թեմային անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ Նիկոլ Փաշինյանի ամենասուր քննադատն է, թերևս, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խորհուրդ է տվել Հայաստանի հետ «կոռեկտ և զգույշ վարվել»:

Պուտին-Փաշինյանին բանակցություններին սրված ուշադրություն են դարձրել նաև Ադրբեջանում: Ընդ որում, Բաքվի փորձագիտական հանրության մոտեցումները տարբեր են:

Նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը, օրինակ, համոզված է, որ Փաշինյանը «TRIPP նախագիծը փոխարինել է իր վերընտրությանը Մոսկվայի աջակցությամբ և այժմ Կենտրոնական Ասիա – Ադրբեջան – Վրաստան «ցամաքային Սուեզի ջրանցքը» Չինաստանը Եվրոպային կապող միակ հաղորդուղին» է:

Այս ֆոնին Հայաստանի ոչ մի ընդդիմադիր ուժ Պուտին-Փաշինյան բանակցությունների վերաբերյալ ոչ պաշտոնական, ոչ փորձագիտական ամփոփ տեսակետ չի հայտնել: Տպավորություն է, որ նրանք բավարարված են իրենց քաղաքական դերի և ապագայի շուրջ Ռուսաստանի Դաշնության նախագահի պատկերացումներով:

Խնդիրը, մինչդեռ, սկզբունքային է և վերաբերում է Հայաստանի պետական անկախության և ինքնիշխանության հիմունքներին:

Հայաստանի ընդդիմության և Կրեմլի քարոզչությունը, որ Նիկոլ Փաշինյանը «խզում է Ռուսաստանի հետ դաշնակցությունը», ոչ մի քննադատության չի դիմանում և վկայում է, որ թե Մոսկվան, թե նրա հայաստանյան «արբանյակները» պարզապես առարկայական երկխոսությունից, որ հիմնված կլինի փոխադարձ շահերի վրա, պարզապես խուսափում են՝ սեփական չկամեցողությունը քողարկելով բացառապես քարոզչական նարատիվներով:

Խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամիս: Այդ ընթացքում Հայաստանի ընդդիմադիր ուժերը պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը՝ կո՞ղմ են ռուս-հայկական բարեկամական-դաշնկցային, փոխշահավետ և փոխլրացնող հարաբերություններին, թե՞ աջակցում են Ռուսաստանի միակողմանի ազդեցության վերահաստատման Կրեմլի ջանքերին:

Պուտին-Փաշինյան հանդիպման շուրջ ընդդիմադիր ուժերի համառ լռությունը, կարծես, վկայում է, որ նրանք հայ-ռուսական հարաբերությունները պատկերացնում են իրավաենթակայական մոդելով, երբ Ռուսաստանը՝ «ավագ», իսկ Հայաստանը «կրտսեր եղբայր» է:

Հարաբերությունների այդ կառուցվածքի անարդյունավետությունը և վտանգավորությունը բացահայտ, ակնառու իրողություն է: Եվ եթե Հայաստանի ընդդիմությունը շարունակում է հակառակը պնդել, ուրեմն գործ ունենք ոչ թե գաղափարա-քաղաքական կամ գաղափարախոսական այլընտրանքի, այլ՝ Հայաստանի ինքնիշխանությունը կազմաքանդող ծրագրի հետ, որի դեմ բոլոր առողջ ուժերը պետք է համախմբվեն: