Բռնատեղահանված օգտատերը ֆեյսբուքում գրառում է կատարել և հանրայնացրել, որ Երևանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքը տրամադրվել է «Եվրասիա» հիմնադրամին՝ որպես ՌԴ-ից ստացված մարդասիրական օգնության պահեստ:
Արցախի «իշխանություններից» ավելին սպասելի չէր: Նրանց քարոզիչները վերջին օրերին Հայաստանին բացահայտ փոխհատուցման պահանջ են ներկայացնում, ոմանք էլ ներշնչում են, որ արցախցիներին տրվող աջակցությունը, բնակարանային սերտիֆիկատները «կրկին վերադառնում են հայաստանցիների գրպանը»:
Նախընտրական այս շրջանում «Եվրասիա» հիմնադրամի «մարդասիրական օգնությունը» քաղաքական է: Բռնատեղահանված արցախցիներին ներշնչվում է, որ «դարձյալ Ռուսաստանն է իրենց մասին հոգ տանում», իսկ Հայաստանի իշխանությունները «միայն ատելության խոսույթ են սերմանում, խտրական վերաբերմունք դրսևորում»:
Ո՞վ է համակարգում այս քարոզչությունը, դժվար չէ կռահել: Բավական է արձանագրել, թե, դիցուք, քանի՞ հավանում և կիսում է ունենում Արամ Գաբրիելյանովի հակահայաստանյան գրառումը, որպեսզի պարզ լինի, թե բռնատեղահանված արցախցիների մոտ ինչ տրամադրություններ են գեներացվում:
«Եվրասիա» հիմնադրամի «մարդասիրական օգնության» մեկ փաթեթը, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, հինգ հազար դրամ արժե: Դա չնչին աջակցություն է, որ սկզբունքորեն ոչ մի խնդիր չի լուծում, բայց մարդիկ, պարզվում է, հերթագրվում և ստանում են:
Այստեղ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք հոգեբանական կախվածության հետ, երբ բռնատեղահանվածներին հետևողականորեն ներշնչվում է, որ «Ռուսաստանը շարունակում է մնալ Արցախի միակ բարեկամը»:
Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքի պահեստի վերածումը Ռուսաստանից կախվածության վկայություն է, որ ոչ միայն քաղաքական, այլև մարդկային առումով վիրավորական է: Արցախի «իշխանությունների» այդ քայլը պարզապես ամոթալի է, քանի որ իրենք ևս վերածվում են «օգնություն բաժանողի» և, իհարկե, «օգնություն» տրամադրողի կամակատարի:
Ինչպե՞ս է լուծվելու այդ շենքի հարցը, այլ խնդիր է, բայց դիվանագիտական նախկին ներկայացուցչության նստավայրը վերածել ձեթ ու բրնձի պահեստի՝ բանականության սահմաններից դուրս արարք է:
Երբ մեկ տարի առաջ Արցախի նախագահի և Ազգային ժողովի լիազորությունները սպառվում էին, անհրաժեշտություն կար, որպեսզի Արցախից բռնատեղահանված բնակչությունը նոր ներկայացուցիչներ ընտրի: «Իշխանությունները», սակայն, այլ ճանապարհ ընտրեցին և գոյություն չունեցող Գերագույն դատարանի Սահմանադրական ատյանի որոշմամբ երկարաձգեցին իրենց լիազորությունները:
Նրանք փաստացի իրենց պարտադրեցին հարյուր քսան հազար մարդու եւ այսօր գործում են նրանց անունից: Բայց ոչ ոք չգիտի, թե բռնատեղահանված բնակչությունը որքանո՞վ է նրանց վստահում:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի