Հայաստանի քաղաքական դաշտում նոր քննարկում է հասունանում, որի առանցքում ոչ միայն կոնկրետ թեկնածուի հարցն է, այլ պետական կառավարման ողջ մոդելի վերաիմաստավորումը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ, որը հանրապետության նախագահի պաշտոնում առաջարկում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։
Հայաստանի հասարակությունն ու քաղաքական համակարգը, ըստ նախաձեռնության հեղինակների, հայտնվել են խորքային ճգնաժամի մեջ։ Ավանդույթի ուժով ձևավորված ճշմարտությունները խեղաթյուրվել են, ինստիտուտները՝ թուլացել, հեղինակությունները՝ արժեզրկվել, իսկ հանրությունը կանգնած է արժեքային որոնումների առաջ։ Այս պայմաններում խոսքը, նրանց համոզմամբ, պետք է լինի ոչ թե կոսմետիկ փոփոխությունների, այլ համակարգային վերափոխման մասին։
Վերջին տասնամյակների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում իշխանության կենտրոնացումը պարբերաբար փոխել է իր կրողներին՝ ռազմաքաղաքական էլիտայից մինչև զանգվածային առաջնորդներ, և այսօր արդեն նկատելի է խոշոր կապիտալի ազդեցության աճը։ Սակայն այս բոլոր փուլերում անփոփոխ է մնացել առանցքային խնդիրը՝ հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների բացակայությունը, ինչը թույլ չի տվել ձևավորել կայուն և հավասարակշռված կառավարման համակարգ։
Այս ֆոնին առաջարկվում է ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորում, որը կկարողանա իրական հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը։ Նախագահը, ըստ այդ պատկերացման, պետք է ունենա ոչ միայն սահմանադրական լիազորություններ, այլ նաև հանրային վստահություն և հեղինակություն, ինչը հնարավորություն կտա զսպել իշխանության կենտրոնացումը և ապահովել համակարգի բնական հավասարակշռությունը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության առաջադրումը դիտարկվում է հենց այս տրամաբանության մեջ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ, ներկայիս բևեռացված քաղաքական դաշտում գրեթե բացակայում են այնպիսի գործիչները, որոնք կարող են համախմբել հասարակությանը։
Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և մշակութային շրջանակները բաժանված են, և այդ պայմաններում անհրաժեշտ է համազգային նշանակության կերպար, որը կկարողանա դուրս գալ նեղ քաղաքական շահերի շրջանակից։
Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը քննադատության է արժանացել այն շրջանակների կողմից, որոնք հարցադրում են անում աշխարհիկության և ազատական գաղափարների համադրելիության վերաբերյալ։
Սակայն առաջարկի հեղինակները պնդում են, որ նման հակադրությունը մակերեսային է։ Նրանց կարծիքով, ազատական արժեքները՝ ազատ շուկան, մասնավոր սեփականության պաշտպանությունը և անհատի ստեղծագործ ազատությունը, կարող են համադրվել ազգային և պահպանողական արժեքների հետ՝ ձևավորելով հավասարակշռված գաղափարական հենք։
Նշվում է նաև, որ արտաքին աջակցությամբ իրականացված բարեփոխումները հիմնականում սահմանափակվել են համակարգի ստորին և միջին օղակներով՝ չհասնելով վերին մակարդակին։
Քաղաքական ղեկավարությունը, որպես կանոն, դուրս է մնացել ինքնափոփոխման գործընթացից՝ պահպանելով լիազորությունների առավելագույն ծավալը։ Արդյունքում ձևավորվել է մի համակարգ, որտեղ արագ որոշումներ կայացնելու կարողությունը գերակայում է հաշվետվողականության նկատմամբ։
Առաջարկվող մոդելը միտված է հենց այս տրամաբանությունը կոտրելուն՝ փոփոխությունը սկսելով վերևից։ Ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորումը, ըստ նախաձեռնության հեղինակների, կարող է դառնալ այն մեխանիզմը, որը կվերականգնի իշխանությունների տարանջատումը և կստեղծի իրական փոխզսպման համակարգ։
Այսպիսով, քննարկման առարկան միայն կոնկրետ թեկնածությունը չէ, այլ Հայաստանի պետական կառավարման ապագա կառուցվածքը։ Քաղաքական ուժերին ուղղված այս նախաձեռնությունը նաև հստակ մարտահրավեր է՝ ձևակերպելու իրենց դիրքորոշումը և պատասխանելու հարցին, թե ինչպիսի պետություն է անհրաժեշտ Հայաստանին առաջիկա փուլում։

Բաց մի թողեք
Սա վատ է անդրադառնալու սերնդափոխության վրա․ Մանվել Բադալյան
Նորից համերգ, շքերթ ու հրավառություն. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ
Կատարյալ ֆիասկո