26/04/2026

EU – Armenia

Ուկրաինա – Ադրբեջան համագործակցությունը ուղղված կլինի նաև Իրանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան ընդունել է Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգում էին ուկրաինական կարգավորումը, Սև ծովում նավագնացության անվտանգությունը, Ռուսաստանում ուկրաինացի պահվող անձանց և քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։

Այցին ընդառաջ, սակայն, Ուկրաինայի նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմաարդյունաբերական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը։

Շաբաթասկզբին Զելենսկին հայտարարել է, որ անվտանգային ոլորտում Պարսից ծոցի երկրնների հետ համագործակցություն է հաստատված, ներկայումս բանակցություններ են տարվում Կովկասի երկրների հետ։

Այդ առթիվ կանխատեսել էինք, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինա-Ադրբեջան բանակցությունների մասին է։ Հարավային Կովկասի մյուս երկրների՝ Վրաստանի և Հայաստանի, հետ Ուկրաինայի հարաբերությունները, մեղմ ասած, ջերմ չեն։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հիշարժան է, որ Ռուսաստանի հետ պատերազմի առաջին տարում Զելենսկին երկու անգամ դիմել է Իլհամ Ալիևին, բայց մնացել անպատասխան։

Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Զելենսկի- Ալիև հանդիպում։ ԵՎ ահա ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Վլադիմիր Զելենսկին Գաբալայում է, որտեղ ընթանում է Իլհամ Ալիևի հետ փակ հանդիպում։

Այդ բանակցությունների մասին, հավանաբար, կտարածվի ընդհանուր ձևակերպումներով պաշտոնական տեղեկատվություն, բայց Ուկրաինայի նախագահի Ադրբեջան այցը ինքնին նշանակալի իրադարձություն է առնվազն երկու առումով։

Այդ այցից ուղիղ տասը օր առաջ ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել և հանրայնացրել, որ երկկողմ հարաբերությունները վերադառնում են ռաազմավարական դաշնակցային համագործակցության մակարդակի։

Ռուս-ուկրաինական կարգավորման որևէ հեռանկար նույնիսկ չի նախանշվում, ուստի Ուկրաինայի հետ Ադրբեջանի ցանկացած պայմանավորվածություն սկզբունքորեն ուղղված է Ռուսաստանի դեմ։

Զելենսկու Ադրբեջան այցի երկրորդ առանձնահատկությունը կապված է Իրանի հետ։ Ուկրաինան Իրանը ճանաչում է թշնամի՝ հաշվի առնելով Իսլամական հանրապետության կողմից Ռուսաստանին ցուցաբերված ռազմական և տեխնոլոգիական աջակցությունը։

Այս իմաստով Ուկրաինա – Ադրբեջան համագործակցությունը մանավանդ այն կտրվածքով, որ Զելենսկին է ներկայացրել, ուղղված կլինի նաև Իրանի դեմ։

Քաղաքագետ Էլդար Նամազովը, որ Հեյդար Ալիևի աշխատակազմում զբաղեցրել է քարտուղարության պետի պաշտոնը և հիմնականում արտահայտում է իշխանությունների տեսակետները, միանշանակորեն պնդել է, որ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է, իսկ Իրանի ռազմավարական պարտությունը մեկ-երկու ամիսների հարց է։

Դա, գուցե, իրականությանը մոտ գնահատական է, բայց Ադրբեջանը կմիանա՞ Ռուսաստանի և Իրանի «պարտության ապահովմանը»։