15/06/2026

EU – Armenia

Ո՞վ է երաշխավորը, որ Թեհրանը իրոք կստորագրի «իսլամաբադյան համաձայնագիրը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունիսի 14-ին ռազմա-քաղաքական կաբինետի արտակարգ նիստ է գումարում։ Տեղեկությունը տարածել է Israel Inside-ը՝ հղում անելով «բարձրաստիճան մի պաշտոնյայի»։

Վերջինս ասել է, որ, ըստ «վստահելի տեղեկությունների, ԱՄՆ-ը Իրանին հետ շուտափույթ համաձայնագիր ստորագրելու համար մի քանի սկզբունքային զիջումների է գնացել, որոնք շոշափում են հրեական պետության անվտանգությունը»։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմը դադարեցնելու «Մտադրությունների մասին հուշագրի» ստորագրման օր «նշանակել» է հունիսի 14-ը։ Ըստ Թրամփի, Հորմուզի նեղուցում նավագնացությունը կվերականգնվի, ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կհանի Իրանի ծովային շրջափակումը։

Դոնալդ Թրամփի հայտարարության սենսացիան, թերևս, վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին։ Նա բառացիորեն ասել է, որ Իրանի «միջուկային փոշու հետևից» ԱՄՆ-ը «կգնա ավելի ուշ»։

Փորձագետների կողմից «Իսլամաբադյան համաձայնագիր» անվանված փաստաթուղթը, ըստ տեղեկությունների, ենթադրում է, որ կողմերը պատերազմը դադարեցնելու պարտավորություն ստանձնելուց հետո վաթսունճրյա ժամկետում բանակցություններ կվարեն, իսկ եթե հարկ լինի, ժամկետը կերկարաձգվի։

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հասկացվում է, որ պատերազմի դադարեցման համաձայնագրով Իրանը միջուկային և հրթիռային ծրագրի համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում։

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իրանը Սպահանի միջուկային օբյեկտ «տանող թունելները պայթեցրել» է։ Ենթադրվում է, որ ուրանսի հարստացված պաշարները պահվում են այնտեղ։

Փաստացի Իրանը մերժել է ուրանի հարստացված պաշարները ԱՄՆ-ին հանձնելու կամ որևէ երկրի «դեպոզիտ տալու» առաջարկությունը։ Այս համատեքստում Իսլամական հանրապետւթյան հետ պատերազմը դադարեցնելու մասին իրավական ուժ ունեցող փաստաթղթի ստորագրումը, շատ մեղմ ասած, ամերիկյան դիվանագիտության հաջողությունը չէ։

Ստացվում է, որ Իրանը պահպանում է ոչ միայն կրոնապետությունը, այլև ուրանի հարստացված պաշարները և միջուկային ու հրթիռային ծրագրի ենթակառուցվածքների մեծ մասը։

Ի՞նչ որոշում է ընդունելու Իսրայելի «պատերազմի կառավարությունը»։ Իրանի միջուկային և հրթիռաշինական օբյեկտները, արձակման ստորգետնյա կայաններին վնաս պատճառելու համար անհրաժեշտ սպառազինություններ և ռմբակոծիչներ Իսրայելը չունի։

Իրանի հետ բանակցությունների պատրաստվող ԱՄՆ-ը հազիվ թե Նաթանյահուին նոր պատերազմ սկսելու համաձայնություն տա։ Իսկ վաթսունօրյա բանակցությունները, հավանաբար, Իրանին միջուկային ծրագրից հրաժարվելու չեն բերի։

Չոր արդյունքում մնում է այն, որ Իրանը առնվազն քաղաքական առումով այլևս «միջուկային պետություն» է։ Հարց է, թե այդ ռեսուրսը ինչպես է օգտագործվելու։ Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց է ունեցել և իրանա-ամերիկյան «համաձայնությունների իրականացմանը աջակցելու պատրաստակամություն հայտնել»։

Մեծ Բրիտանիան «իրանական գործերին իրազեկության» ավելի քան հարյուրամյա փորձ ունի։ Բայց ո՞վ է երաշխավորը, որ Թեհրանը իրոք կստորագրի «իսլամաբադյան համաձայնագիրը»։