Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ փակ բանակցություններից երկու օր հետո Իլհամ Ալիևը դարձյալ Գաբալայում ընդունել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին, որ այդ պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Իր հայրենիքում Բաբիշը հայտնի է որպես միլիարդատեր-օլիգարխ։
Նրա հայրը կոմունիստական Չեխոսլովակիայում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, և ընդդիմախոսները Բաբիշին հաճախ անվանում են «ռեժիմի զավակ»։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա Agrofert գյուղատնտեսական հոլդինգի սեփականատերն է, ինչպես նաև տնօրինում է մոտ երկու տասնյակ լրատվամիջոցներ։
Բանակցություններից հետո, որ ընթացել են դեմ առ դեմ և պատվիրակությունների մասնակցությամբ ձևաչափով, Ադրբեջանի նախագահը և Չեխիայի վարչապետը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
«Ադրբեջանը Չեխիայից գնում է ռազմական նշանակության արտադրանք, այս փուլում քննարկվում են համատեղ արտադրության հետ կապված ծրագրեր»,- ասել է Իլհամ Ալիևը։ Ու թեև նա անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում հեռանկարին, մամուլի համար հայտարարության առաջին շեշտադրումը վկայում է, որ բանակցությունների բուն առարկան սպառազինությունների առքուվաճառքը և համատեղ արտադրության կազմակերպման հնարավորություն են եղել։
Սպառազինությունների առքուվաճառքի առումով Ադրբեջանի և Չեխիայի համագործակցությունը ավելի քան տասնամյա պատմություն ունի։ Ամենահայտնի գործարքը կայացել է 2017թ․-ին, երբ Ադրբեջանը ձեռք է բերել մի քանի տասնյակ «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր։ Ինչ վերաբերում է ռազմական նշանակության համատեղ արտադրության կազմակերպմանը, ապա դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։
Նման տեղեկություն, որպես կանոն, պայմանավորվող կողմերը չեն հրապարակայնացնում, բայց Ուկրաինայի նախագահից անմիջապես հետո Չեխիայի վարչապետի Ադրբեջան այցը թույլ է տալիս ենթադրել, որ Զելենսկի-Ալիև և Բաբիշ-Ալիև բանակցությունները առնվազն քաղաքական առումով փոխկապակցված են, եթե ոչ՝ փոխլրացնող։
Ուշագրավ է, որ Զելենսկու Ադրբեջան այցին ընդառաջ Եվրահանձնաժողովը չեղյալ է հայտարարել ադրբեջանական հինգ լցանավերի դեմ սահմանված պատժամիջոցները։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նավթա-գազային ռեսուրսները տնօրինում է անձամբ Իլհամ Ալիևը։ Եվրահանձնաժողվն, ըստ էության, նրա անձնական բիզնեսին կատարյալ ազատություն է շնորհել։ Ինչի՞ դիմաց։
Ըստ երևույթին, Ալիևը համաձայնել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները ծառայեցնել Եվրոպայի վերազինման ծրագրին։ Ավելի վաղ այդ հարցով Բրյուսելը քննարկումներ է ունեցել Թուրքիայի հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկու շաբաթ առաջ հրապարակել է Ուկրաինայի համար սպառազինություններ արտադրող եվրոպական ընկերությունների ցանկը և տեղաբաշխումը, իսկ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը դրանք անվանել է «օրինական թիրախներ»։
Դժվար է ասել, թե Ալիևը Պուտինի «համբերությունը փորձության է ենթարկում», բայց մյուս կողմից ի՞նչ նպատակ է նա հետապնդում՝ Ադրբեջանը «բարձրացնելով ռազմաարդյունաբերական կենտրոնի մակարդակի»։
Քաղաքագետ Էլդար Նամազովի գնահատմամբ՝ «Ռուսաստանի և Իրանի միջև սեղմված Ադրբեջանը երբեք չի կարող անտեսել, որ հյուսիսային և հարավային հարեւանները կայսրություն» են։ Իսկ եթե Ադրբեջանը նախապատրաստվում է «կայսրությունների փլուզմանը, որպեսզի Կովկասյան տերություն ճանաչվի՞»։

Բաց մի թողեք
Իսլամական հեղափոխության հրամանատարության դիվանագիտությունը չի աշխատում, Մոսկվան կօգնի՞
ԱՄՆ-ը կհամաձայնի՞ Իրանի հետ բանակցություններում Պուտինի ներգրավվածությանը
Ո՞րն է կրտսեր Պրիմակովի պաշտոնանկության պատճառը, «Ռուսսկիյ դոմ»-ում նույնպես կադրային փոփոխություններ կարվեն