TRIPP նախագծի քննադատները երկու այլընտրանք են առաջարկում։ ՀԱԿ-ը գտնում է, որ զուգահեռաբար պետք է կառուցվի Հայաստան – Իրան երկաթգիծ։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ Ռուսաստանի և Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է հասնել այսպես կոչված՝ «աբխազական երկաթուղու» վերագործարկմանը և լուծել Հայաստանի ապաշրջափակման հարցը՝ ուղղակի հաղորդակցություն ունենալով Ռուսաստանի հետ։
Այդ առթիվ նաև վրացական մամուլում տեղ գտած հրապարակումների առթիվ շուրջ մեկ ամիս առաջ Վրաստանի կառավարությունը կարճ տեղեկություն է տարածել և վրացական հանրությանը հավաստիացրել, որ նման հարց «չի դիտարկվում»։
Ըստ երևույթին, Վրաստանում «կրքերը չեն հանդարտվել»։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվարիվիշվիլին հրապարակայնացրել է կառավարության «Պատմական նորացում» ծրագիրը։ Այն նախատեսում է առաջիկայում ձեռք բերել երկաթուղային 50 լոկոմոտիվ և 1 500 վագոն։
Խոսելով երկաթուղային հաղորդուղիների ենթակառուցվածքների նորացման մասին, Կվարիվիշվիլին նշել է Թբիլիսի – Կարս, Թբիլիսի – Քութայիսի, Թբիլիսի – Ախալցխա երթուղիները։ «Աբխազական երկաթուղու» վերագործարկման մտադրություն, ըստ այդմ, Վրաստանի կառավարությունը չունի։
Սկզբունքորեն դա անլուծելի հարց է, քանի որ խոսքը վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մի փուլում քննարկվել է երկաթուղագիծը վերականգնելու և մաքսային կարգավորումները Վրաստանի օրենսդության համաձայն չեզոք երկրի վերապահելու տարբերակը, բայց վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, «աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը» կապում է Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների հետ, բայց Աբխազիայի կարգավիճակի հարցում պաշտոնական Թբիլիսին դիրքորոշում չի փոխել։

Բաց մի թողեք
Եթե Իրանի շրջափակումը շարունակվի, Ռուսաստանը մատակարարումներ կիրականացնի՞
Ուկրաինա – ադրբեջանա – վրացական խորհրդատվությունները «Հայաստանի դեմ չե՞ն»
Մոսկվայում մայիսյան զորահանդեսին և Պուտին – Ֆիցո նախատեսված բանակցություններին ընդառաջ