13/05/2026

EU – Armenia

Պուտինի կողմից «ուրացված» և Փաշինյանը, և ընդդիմությունը կարող են առավել անընդունելի լինել

Ոչ լրիվ մեկ տասնօրյակում ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» Հայաստանի խորհրդարանական ընտրությունների թեմայով երկրորդ ծավալուն հրապարակումն է արել, որտեղ, ի տարբերություն նախորդի, դիտարկել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը «կարող է առհասարակ խորհրդարան չանցնել» և հավելել, որ «նախկին նախագահին դուր չի գալիս, որ Սամվել Կարապետյանը իրենից խլել է Փաշինյանի հակառակորդների առաջնորդի կոչումը»։

Պարբերականը այս ֆոնին ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցու «գլուխ Գարեգին Երկրորդը հրապարակային աջակցել է «Ուժեղ Հայաստանին», նա անձամբ այցելել է անկյալ օլիգարխ Սամվել Կարապետյանին»։ Որպես վկայություն, ռուսաստանյան լրատվամիջոցը ամբողջությամբ մեջբերել է Գարեգին Բ․ – Սամվել Կարապետյան հանդիպման մասին Մայր աթոռի նախօրեին տարածած պաշտոնական հաղորդագրությունը։

Ի վերջո «Նեզավիսիմայա գազետան» հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, նրա միջոցներով են «կառուցվել և վերանորոգվել տասնյակ վանքեր, այդ թվում՝ Մոսկվայի առաջնոորդանիստ տաճարը և Էջմիածնում կաթողիկոսի նստավայրը» և ընդհանրացրել․ «Մի խոսքով, Կարապետյանի և Գարեգին Երկրորդի միջև վաղուց ջերմ հարաբերություններ են հաստատվել։ Անցյալ տարի կաթողիկոսին Փաշինյանի հարձակումներից պաշտպանելու վճռականությունը դրա հերթական վկայությունն է, իսկ հաջորդած քրեական հետապնդումները օլիգարխի եռանդը ոչ մի կերպ չեն սառեցրել»։

Անցած մի քանի օրերին Մոսկվայում, երևում է, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և քաղաքական ուժերի հնարավորությունները լուրջ վերլուծության են ենթարկվել, և, որքանով հասկացվում է վերոհիշյալ շեշտադրումներից, հաղթել է այն տեսակետը, որ «Հայաստան» դաշինքը «չի հաղթահարում նվազագույն շեմը»։

Սամվել Կարապետյանին Գարեգին Բ․-ի այցն, ըստ երևույթին, կրել է «տեղեկություն հաղորդելու» բնույթ։ Այլ բան է, թե Հայ առաքելական եկեղեցու փաստական գլուխ հանդիսացող անձը ինչպե՞ս և ինչո՞ւ է ստանձնել Կրեմլի «բանագնացի» դեր։

Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ռուսաստանյան պարբերականն է խոստովանում, որ նա Սամվել Կարապետյանի հետ «վաղեմի ջերմ կապեր ունի»։ Այժմ, ըստ երևույթին, Մայր աթոռը բոլոր հնարավորությունները պետք է ի սպաս դնի Սամվել Կարապետյանի քարոզարշավին։

Ինտրիգն այն է, որ Հայաստանում Եկեղեցու քաղաքական դերակատարության մասին առաջինը հրապարակային Ռոբերտ Քոչարյանն է խոսել, երբ հնարավոր է համարել, որ «սրբազաններից մեկը» զբաղեցնի վարչապետի պաշտոնը։

Բայց Մայր աթոռը փաստացի ոչ թե նրան, այլ Սամվել Կարապետյանին է աջակցում։ Անշուշտ, միանշանակ չէ, որ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին «ուրացել» է։

Բացառված չէ, որ «հակաքոչարյանական քարոզչությունը» մարտավարական քայլ է։ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունը համարում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

Անհավանական չէ, որ «Քոչարյանին հակադրելով Կարապետյանին»՝ կրեմլյան քաղտեխնոլոգիան փորձում է Հայաստանի վարչապետին զրկել «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի ներքո լայն համախմբում ապահովելու հնարավորությունից։

Ի վերջո, մի իրավիճակ է, երբ Պուտինի կողմից «ուրացված» և Փաշինյանը, և ընդդիմությունը կարող են առավել անընդունելի լինել, քան նրա աջակցությունը վայելողը։