15/05/2026

EU – Armenia

Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ապրիլի 21-ին որոշել է հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին նախապատրաստման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար Դիլիջան համայնքի տարածքում տրամադրել անվճար տեղեր։

Այդ որոշմանը կից հավելվածում առկա է քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցուցակը։ Ընդհանուր 26 տեղ է հատկացվել այդ պաստառների համար, յուրաքանչյուր տեղում՝ 5-20 քառակուսի մետր մակերեսով։ Համայնքապետը ապրիլի 28-ին որոշել է չեղյալ ճանաչել ապրիլի 21-ի իր իսկ՝ «Դիլիջանի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելու մասին» թիվ 218-Ա որոշումը։

Մայիսի 13-ին Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է սույն հայտարարությունը․ «Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հարգելի՛ ներկայացուցիչներ։

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Դիլիջան համայնքի տարածքում առանձնացված տեղեկատվական վահանակների վրա յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար յուրաքանչյուր տեղամասում հատկացվում է մեկ A4 չափի տարածք (21 սմ լայնությամբ և 29.7 սմ բարձրությամբ)։

Խնդրում ենք պահպանել սահմանված չափորոշիչները։ Դիլիջան համայնքի 26 ընտրատեղամասերում A4 չափից մեծ կամ հավելյալ պաստառների առկայության դեպքում դրանք ենթակա են հեռացման»։

Իսկ ի՞նչ է սահմանում ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը․ «Նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել (բացառությամբ հանրակրթական դպրոցների)` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է»:

Ըստ այդ կետի՝ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել, դա համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է, սակայն Դիլիջանի համայնքապետը չեղյալ է համարել քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելու մասին իր իսկ որոշումը։ Հիմա էլ համայնքապետարանը Ընտրական օրենսգրքի այդ կետին հղում անելով՝ խիստ սահմանափակում է քարոզչական պաստառների չափերը և քանակը՝ սպառնալով, որ A4 չափից մեծ և մեկից ավել պաստառները ենթակա են հեռացման։