Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» նախագիծը։
«Փաստ» օրաթերթը գրում է. 2019 թվականից սկսած՝ մրցույթի արդյունքներով, շահառուներին խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայություն տրամադրվում է կա՛մ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում, կա՛մ դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ հավաստագրված (սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման համար հավաստագրումը դեռևս պարտադիր չէ) կազմակերպությունների կողմից։
Նշվում է, որ այս կազմակերպությունները սպասարկում են որոշակի տարածք և պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որևէ սոցիալական ծառայություն չի տրամադրվում որևէ համայնքում կամ մարզում։ 2023 թվականից Հայաստանում գործում է ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կազմվում է շահառուի ծառայությունների անհատական ծրագիրը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձի գնահատված կարիքի հիման վրա արտացոլվում են անհրաժեշտ և առաջարկվող սոցիալական ծառայությունները։ Ուստի, ծառայության տարածքային կենտրոնների կողմից շահառուների կարիքների կրկին գնահատման իրականացման անհրաժեշտությունը բացակայում է և հանգեցնում է լրացուցիչ վարչարարության։ Փորձը ցույց է տալիս, որ շահառուին անհրաժեշտ է տրամադրել հնարավորություն՝ ընտրելու իրեն անհրաժեշտ ծառայությունը այս կամ այն ծառայություն մատուցողից ստանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով իր բնակության վայրը, պայմանները և այլն։ Լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի ծառայությունը անհրաժեշտ է տրամադրել նաև որպես առանձին ծառայություն, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց ստվար մասը կարող է չհաճախել ցերեկային կենտրոն, բայց առանձին ծառայություններից օգտվելու կարիք ունենա։
Այսպիսով՝ առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով։ Ոլորտում համակարգվածության և հսկողության ապահովման նպատակով՝ նախագծում սահմանված սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորությունը անհրաժեշտ է տրամադրել միայն նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կնքել են համագործակցության պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Նախագծում չեն ընդգրկվել շուրջօրյա խնամքի տրամադրման հետ կապված իրավակարգավորումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների առանձնահատկությունները և դրանց սակավաթիվ լինելը։ Ապագայում շահառուի շուրջօրյա խնամքի տրամադրումը հնարավոր կլինի իրականացնել հավաստագրի միջոցով՝ անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները ապահոված լինելու դեպքում։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց