Ղազախստանի Թուրքեստան քաղաքում գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «թուրքական աշխարհը պետք է լինի քսանմեկերորդ դարի աշխարհաքաղաքական ուժի կենտրոններից մեկը»։
Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը այսուհետ ևս « բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Թուրքական պետությունների կազմակերպությունը ամրապնդվի»։
Ի տարբերություն Ալիևի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը միանշանակորեն պնդել է, որ ԹՊԿ-ն «աշխարհաքաղաքական նախագիծ և ռազմական կազմակերպություն »չէ։ Տոկաևի ներկայացմամբ «դա բացառիկ հարթակ է, որ ուղղված է հումանիտար-մշակութային, առևտրա-տնտեսական, բարձր տեխնոլոգիական և թվայնացման ասպարեզներում եղբայրական ժողովուրդների համագործակցության ամրապնդմանը»։
Տոկաևը սուր քննադատության է ենթարկել «նրանց», որ թուրքական պետությունների միավորումը «բնութագրում են որպես ռազմական դաշինք»։ Ըստ Ղազախստանի նախագահի, «ակնհայտ է, որ նման մտավարժանքներ արտահայտողները հետապնդում են ոչ բարի նպատակներ և ձգտում են երկպառակություն սերմանել, և Ղազախստանը նպատակահարմար է տեսնում մերժել այդ դիրքորոշումը»։
Մայիսի 28-ին Աստանայում գումարվելու է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Այդ շրջանակներում նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը։ Ակնհայտ է, որ Տոկաևը փորձել է մեղմել ԹՊԿ գագաթաժողովի աշխարհաքաղաքական ենթատեքստի տպավորությունը։
Մայիսի 12-ին ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը Կենտրոնական Ասիան անվանել է «Եվրասիայի սիրտը» և Արևմուտքին մեղադրել այն «հակառուսաստանյան պլացդարմի վերածելու փորձերի» մեջ։
Որքանո՞վ է անկեղծ Տոկաևը, երբ ԹՊԿ -ն չի համարում «աշխարհաքաղաքական նախագիծ և ռազմական դաշինք»։ Այս հարցը կոնկրետ իրավիճակում միանշանակ պատասխան չունի։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի միակ երկիրն է, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման և հյուսիսային տարածքներում ռուս և ռուսախոս համահավաք ապրող բնակչություն ունի։
Գագաթաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը։ Նա անոնսավորել է, որ ԹՊԿ արդեն պաշտոնական գագաթաժողովը մինչև տարեվերջ կգումարվի Անկարայում։
Ըստ երևույթին, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի կանխատեսում անել՝ ԹՊԿ-ն մնում է «մշակութային ընդհանրության» կառու՞յց, թե՞ վերակազմավորվում որպես «աշխարհաքաղաքական նախագիծ»։

Բաց մի թողեք
Որն է ռուս – հայկական հարաբերությունների լարվածության բուն պատճառը
Ալիևը ումի՞ց և ինչի՞ համար է «վրեժ» ուզում լուծել
Թրամփը և Սի Ծինփինը «նվաստացնում» են Պուտինին