Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Այդ մասին հայտնել է Turkiye իշխանամետ պարբերականը։ Տարածված տեղեկատվությունից հստակ չէ, թե կողմերից ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը։
Մայիսի 15-ին Ղազախստանի Թուրքեստան քաղաքում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովից Անկարա վերադարձին Էրդողանը նախագահական ինքնաթիռի սրահում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և անդրադարձել նաև Եվրամիության հետ հարաբերությունների հարցին։
Նա Եվրամիության հետ առեւտրատնտեսական, էներգետիկ անվտանգության և ռազմաարդյունաբերության բնագավառներում ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ամփոփել, որ «Եվրոպան այժմ պետք է պատմական որոշում ընդունի»։
Այս համատեքստում տրամաբանական է թվում, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը Եվրահանձնաժողովի նախագահն է։ Ֆոն դեր Լայենը Թուրքիան բնութագրել է որպես «անհանգիստ տարածաշրջանում առանցքային գործընկերոջ», որի հետ Եվրամիությունը «ընդհանուր շահեր ունի»»
Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է առևտրային բաց ուղիներին աջակցությունը, էներգակիրների անխափան հոսքերի, մատակարարումների կայունության ապահովումը և վստահեցրել, որ այդ բնագավառներում համագործակցությունը շարունակվելու է։
Կողմերը նաև քննարկել են Միջերկրականի արևելյան հատվածի և Կիպրոսի հարցերը։ Եվրահանձնաժողովի նախագահը «ՄԱԿ-ի հովանու ներքո գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել»։ Հասկացվում է, որ խնդիրը Կիպրոսի հյուսիսի այսպես կոչված «թուրքական հանրապետության» կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունն է։
Անկարայում Ադրբեջանի դեսպան Մամեդովի հայտարարությունը, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելուց հետո, թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում քննադատության է արժանացել։ Բաքվի minval politika-ն գնահատել է, որ Թուրքիայում «մարգինալ ուժեր կան, որ դեմ են Էրդողան-Ալիև դաշինքին»։
Փաստը, որ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցը խնդրին կարևորություն է տվել, վկայում է, որ հայ-թուրքական հարաբերություններին Բաքվի ոչ կառուցողական միջամտությունը Թուրքիայի քաղաքական և հանրային շրջանակներում միանշանակորեն չի ընդունվում։ Այս առումով Եվրամիություն – Թուրքիա համագործակցությունը Հայաստանի համար սկզբունքային է։

Բաց մի թողեք
Ավստրիացի սպան Ռուսաստանի լրտես է ճանաչվել․ նոր սկանդալ. Լուսանկար
«Իրանա – ամերիկյան պատերազմը չի վերսկսվի»
Սի Ծինփինը Դոնալդ Թրամփի հետ «աշխարհի բաժանման սեպարատ համաձայնություն չունի»